ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Շինկազմակերպությունների համար անցումային փուլն ավարտվում է, պահանջները՝ խստացվում

Քաղաքաշինության ոլորտում աշխատող կազմակերպությունների վերալիցենզավորման անցումային փուլն ավարտվում է։ Ընկերությունները 9 ամիս ժամանակ ունեին օրենսդրական նոր պահանջներին համապատասխան վերալիցենզավորվելու համար։ Միատեսակ կամ իրավահասավար լիցենզիաների փոխարեն շինկազմակերպություններն այսուհետև լիցենզիա կստանան կախված օբյեկտների ռիսկայնության աստիճանից։ Քաղաքաշինության կոմիտեի տվյալներով՝ 2150 հավաստագրված մասնագետ կա ոլորտում, մոտ 750 լիցենզավորված կազմակերպություն։

Շինարարության ոլորտում աշխատող բոլոր կազմակերպությունները, անկախ տեսակից, մի քանի օր ժամանակ ունեն վերալիցենզավորվելու համար, իսկ պատասխանատու աշխատակիցը պետք է հավաստագիր ունենա։ Օրենքով սահմանված ինն ամիս անցումային փուլն ավարտվում է։ Միատեսակ կամ իրավահասավար լիցենզիաների փոխարեն շինկազմակերպություններն այսուհետ լիցենզիա կստանան կախված օբյեկտների ռիսկայնության աստիճանից։ Ըստ այդմ՝ սահմանվել է 3 դաս: Առաջին դասի չափանիշներին բավարարող կազմակերպություններն իրավունք կունենան իրականացնելու ցանկացած բարդության քաղաքաշինական գործունեություն: Երկրորդ՝ միջին դասի կազմակերպություններին իրավունք կտրվի իրականացնելու մինչև 3-րդ, իսկ 3-րդ դասին՝ 1-ին և 2-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների շինարարություն: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն ընդգծում է՝ այժմ արդեն դասակարգված լիցենզիաներ են տրամադրում։ Լիցենզավորված գործունեության համար տարեկան տուրք էր սահմանված, այժմ փոփոխությւոններ են եղել այդ հարցում․

«Եթե շինարարության իրականացման ներդիրը նախկինում 80 հազար դրամ էր, այժմ երեք տուրք է սահմանվել՝ 40 հազար, 80 հազար, 160 հազար դրամ։ Միջին՝ 2–րդ դասի տուրքը նախկին տուրքին հավասար է, սկսնակների համար՝ 40 հազար դրամ, բարձ դասի լիցենզիան՝ 160 հազար դրամ մեկ ներդիրի համար։ Փորձել ենք սկսնակների համար թեթև տուրք սահմանել, իսկ ավելի մեծերին մի քիչ ավելի տուրք է սահմանված»։

Մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ  urban.e-gov.am հարթակով պետք է ներկայացնել հավաստագրման, վերալիցենզավորման և ներդիրների ստացման հայտեր, որոնք կդիտարկվեն նաև վերջնաժամկետից հետո՝ անցումային կարգի պահանջներով։ Սահմանված ժամկետում չդիմած կազմակերպությունների լիցենզիան դադարելու է գործել։

«Մասնագետների դեպքում, եթե մինչև սեպտեմբերի 17–ը չդիմի ու չհավաստագրվի, 17–ից հետո, քանի որ ուժը կորցրած են լինում անցումային կարգերը, մեր մասնագետները պետք է հավաստագրվեն ոչ անցումային կարգերով։ Սրանք համանման են անցումային կարգերի, մեր մասնագետները պետք է հավաստագրվեն անցումային կարգերով, բացառությամբ՝ պահանջելու ենք շարունակական մասնագիտական զարգացում ապահովող կրեդիտները։ Միակ տարբերությունը դա է»։

Առաջիկա հինգ տարում մասնագետները կանցնեն ՇՄԶ դասերը։ Դրա անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ նախկինում կրթություն ստացած մասնագետները պետք է տեղյակ լինեն՝ ժամանակակից ինչ պահանջներ ու տեխնոլոգիաներ կան։ Անցումային փուլում հաշվի են առել կրթությունը, փորձը, սեպտեմբերի 17–ից հետո արդեն պահանջները կփոխվեն։

«2150–ին մոտ հավաստագրված մասնագետներ ունենք։ Հայտերի մեծ տեմպը հաշվի առնելով՝ օրական մինչև 400 հայտ ենք ստանում ու մինչև 17–ը հույս ունենք թիվը կմեծանա»։

Մինչ այժմ լիցենզիա չունեցող ընկերությունները կարող են ցածր դասերի համար դիմել։ Այս դեպքում փորձառության պահանջ չկա։ Գործողների դեպքում չվերալիցենզավորված արտոնագրերը կդադարեն գործել, կարող են նորից դիմել։

Վահագն Մխիթարյանը «Վի Իքս Սոֆթ» ընկերության տնօրենն է, նրանք են իրականացնում ծրագրային ապահովումը։ Հավաստագիրն ունի վավերականությունը ստուգելու QR կոդ, 16 նիշանոց հստակիչ համար, որը պետք է մուտքագրել ՀՀ պաշտոնական փաստաթղթերի ստուգման միասնական կայք․

«Ունենք առցանց հերթագրումներ, որտեղ ոլորտի մասնագետները կամ լիցենզավորվող կազմակերպությունը կկարողանա հերթագրվել, այցելել մեր ընկերության գրասնեյակ, եթե տվյալներ լրացնելիս ունեն դժվարություններ։ Շաբաթական երկու օր կարող են գալ, որպեսզի տեխնիկական որևէ խոչընդոտ կամ բարդություն իրենց համար ստեղծած չլինենք»։

Հայտի հաստատումից հետո տրվում են էլեկտրոնային հավաստագիր և լիցենզիա՝ QR կոդով, որի միջոցով պատվիրատուն և ցանկացած անձ կկարողանա ստուգել փաստաթղթերի վավերականությունը։ Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալը վստահեցնում է՝ դիմող կազմակերպություններին շատ արագ են պատասխանում

«Վերջին տարիներին՝ 2022–2023–ին տրամադրել ենք տարեկան մոտ 600 լիցենզիա  ու ներդիր, նախորդ մեկ շաբաթվա ընթացքում 450 ենք տրամադրել։ Թվային հարթակներն են մեզ շատ օգնում։ Բոլոր այն տեղեկատվությունը, որոնք առկա են պետական մարմինների համակարգում, ներբեռնում ենք»։

Կազմակերպվում են նաև հավաստագրման և լիցենզավորման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ՝ շաբաթը երկու անգամ։ Ներկայացվող հայտն անհրաժեշտության դեպքում ուղարկվում է խմբագրման, և 5-օրյա ժամկետում կազմակերպությունը կամ մասնագետը պետք է ներկայացնի անհրաժեշտ տվյալները, այս դեպքում պահանջներին բավարարող հայտը կհաստատվի, մասնագետը կստանա հավաստագիր, իսկ կազմակերպությունը ներկայացված դասին համապատասխան լիցենզիա և կկարողանա շարունակել գործունեությունը։

Back to top button