ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մարտահրավերները վերածել հնարավորությունների․«Երևանյան երկխոսություն» հայկական խնդիրների շուրջ

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին, քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր: Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում կարևորվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին անվերապահ հավատարմության կարևորությունը։ Տարածշրջանային թեման շոշոփվել է նաև Հունգարիայի արտգործնախարարի, Հնդկաստանի փոխարտգործնախարարի հետ։ Իսկ պանելային քննարկումներում «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակիցները շոշոփել են բարձր տեխնոլոգիական առաջընթացի հարցեր։

«Երևանյան երկխոսություն» դիվանագիտական միջազգային համաժողովը Երևանում շարունակվել է երկկողմ հանդիպումների ու պանելային քննարկումների ձևաչափերով, ուշադրության առանցքում ինչպես քաղաքական հարցեր են եղել, այնպես էլ Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների ոլորտային համագործակցությունը։

10 տարի դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ սառեցրած Հայաստանը երկու տարի առաջ վերականգնեց դրանք, և այսօր արդեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն խոսում են երկու երկրների մայրաքաղաքներում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու ուղղությամբ իրականացվող քայլերի մասին։

Ուշագրավ է, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, որ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսության մասին որոշումը կայացվեց ԵՄ խորհրդում Հունգարիայի նախագահության ժամանակ։ Նախարար Միրզոյանը հույս ունի, որ նախագահության հաջորդ ամիսների ընթացքում ևս հաջողությամբ կընթանան ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ընդլայնման, համապատասխան փաստաթղթի հաստատման ուղղությամբ բանակցությունները:

«Երևանյան երկխոսության» նպատակն է առաջին հերթին հայկական կողմի դիրքորոշումը ներկայացնել «Խաղաղության պայմանագրի», «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ, և այս հարցերը քննարկվել են նաև երկկողմ հանդիպումներում։

Հանդիպումից հետո Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Ֆեյսբուքում գրել է, որ Հունգարիան պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։

Տարածաշրջանային հարցեր Արարատ Միրզոյանը քննարկել է նաև Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհի հետ։

Իսկ պանելային քննարկումների թեման բարձր տեխնոլոգիաներ են։

Երբ խոսում ենք բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության մասին, պետք է ասենք, որ մեդալն ունի երկու կողմ, նկատել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա խոսել է տեխնոլոգիական նոր հնարավորությունների մասին և մարտահրավերներին դրանց միջոցով պատասխանելու կարևորությունը շեշետել։ Մի կողմից այն նոր հնարավորություններ է ընձեռում բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, կրթություն, ամենուր․․․Այն հեշտացնում է մեր կյանքը, բայց երբ խոսում մենք սպառազինությունների մասին, տեսնում ենք մեդալի մյուս կողմը ևս․

«Այս քննարկումները հանրահայտ են շատ հարթակներում ու պանելային քննարկումներում, ինչպես օրինակ, այսօրվա քննարկումն է։ Մենք սարսափում ենք, երբ խոսում ենք ռազմաարդյունաբերական ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառման մասին։ Ապագայում, իհարկե, մեր գործընկերների հետ այս ուղղությամբ ձգտում ենք որքան հնարավոր է զարգացում ապահովել, առաջընթաց գրանցել, քանի որ այս ոլորտում առաջընթացը նոր հնարավորություններ է ընձեռում»։

Հնդկաստանի Reliance Industries Limited խմբի ղեկավար Ռոհիդ Բանսըլն էլ նշում է, որ կանգնած ենք տեխնոլոգիական հեղափոխության շեմին, որը հիմնովին կփոխի մարդկանց ապրելու, աշխատելու և միմյանց հետ փոխգործակցելու ձևը:

Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության փոխնախարար Օլթա Մանյանիի դիտարկմամբ էլ Հայաստանը համեմատաբար փոքր երկիր է և ունի մեկ այլ մարտահրավեր ևս՝ դա դեպի ծով ելք չունենալու հանգամանքն է, և պետք է մտածել, թե ինչպես կարելի է մարտահրավերները վերածել հնարավորությունների: Ըստ այդմ՝ Ալբանիայի էկոնոմիկայի նախարարը հուշում է, որ աշխարհագրական և ռազմավարական առումներով Հայաստանը շատ բարենպաստ դիրքում է, քանի որ կարող է որպես կապի հանգույց ծառայել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև, և պետք է լիովին օգտվել այդ հնրավորությունից:

Նա շեշտում է նաև Հայստանի ու Ալբանիայի միջև փոխգործակցության ծավալները մեծացնելու մասին՝ Ալբանիան առաջատար երկիր է ՏՏ ոլորտի զարգացման արագ տեմպերով, ունի բազմաթիվ թվայնացված ծառայություններ, հանրային ծառայությունների ավելի քան 95%-ը թվայնացված է ,և այս ոլորտում ևս համագործակցությունը կարող է արդյունավետ լինել։

Back to top button