ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խաչատրյանի «Ջութակի կոնցերտն» ու «Սուսերով պարը» սիրելի են նաև Չինաստանում

Օգոստոսի 24-ից 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաո քաղաքում տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային միջազգային մրցույթը, որի եզրափակիչ փուլը կկայանա նոյեմբերին Պեկինում: Մրցույթի համակազմակերպիչը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամն է` չինական պետական-մշակութային կառույցների, ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունների աջակցությամբ:

Հանրահռչակել Արամ Խաչատրյանի հարուստ ժառանգությունը․ այս առաքելությունն է ստանձնել  «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Այս անգամ խաչատրյանական շունչը  Չինաստանի Մակաո քաղաքում էր։ Ամեն անկյունում  Խաչատրյանի դիմանկարներն էին, քաղաքի տարբեր հատվածներում հնչում էր հայ մեծանուն կոմպոզիտորի երաժշտությունը։

«Այս միջոցառումը երկու երկրների միջև  կամրջի դեր է կատարում՝ ավելի ճանաչելի դարձնելով մեր երկիրն ու մշակույթը», — «Ռադիոլուր»–ին ասում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը։ 

Նախորդ տարի «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը Պեկինում առաջին անգամ կազմակերպեց Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված հոբելյանական մրցույթ, որի ժամանակ էլ  հայտարարվեց խաչատրյանական պատանեկան մրցույթ անցկացնելու մասին։

Նախընտրական փուլն արդեն ավարտվել է․ հարյուրավոր երիտասարդներ ծանոթացել են  Խաչատրյանի ստեղծագործություններին։ Մարտին Թովմասյանը կարևորում է հատկապես պատանեկան մրցույթի անցկացումը։

«Մանկահասակ երեխաները սկսում են Խաչատրյան նվագել, պատկերացրեք՝ ինչ ազդեցություն է դա ունենում նրանց վրա ամբողջ կյանքի ընթացքում։ Սա շատ լավ հարթակ է հազարավոր մարդկանց ուշադրությունը գրավելու համար»։

Մրցույթի պարտադիր պայմաններից մեկն այն է, որ մրցույթային ծրագիրը ներկայացնում է  հայկական կողմը։ Մարտին Թովմասյանն ասում է, որ չինացիների ամենասիրելի գործերը Խաչատրյանի «Ջութակի կոնցերտն» ու «Սուսերով պարն» են։

«Բոլորի համար անկանկալ էր․ համերգի բացման  ժամանակ չինացի երիտասարդ պրոֆեսորներից  մեկը կատարեց Կոմիտասի ստեղծագործությունը»։

Մրցույթի եզրափակիչ փուլը կանցկացվի  Պեկինում ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ   կմասնակցի  պեկինյան համերգին։

Back to top button