Լուսավորչական գաղափարների «խողովակից» մինչև մարգարիտների առևտուր ու Աջանտայի որմնանկարներ․ հայ-հնդկական ակադեմիական երկխոսությունը
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Արտաքին գործերի նախարարությունը և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ռիչարդ Հովհաննիսյանի անվան արդի հայոց պատմության ամբիոնը համատեղ անցկացնում են «Հայաստանը` Հնդկաստանում, Հնդկաստանը` Հայաստանում». գիտաժողով՝ նվիրված չորս դարերի ծանոթության և բարեկամության պատմությանը։ Գիտաժողովի օրակագն ընդգրկուն է, այն սկսվում է պատմա-արվեստագիտական հետազոտություններից, գրատպության կենտրոններից, վաղ գաղութային առևտրից և հասնում մինչև հնդկահայ քաղաքական միտք ու Հայոց ցեղասպանության ազդեցություն հնդկահայ համայնքի վրա։
Հայ-հնդկական բարեկամության հիմքում սահմանադրական գաղափարներն են, որոնց սկիզբը դրվել է 1773 թ-ին «Որոգայթ փառացի», ավելի ուշ նաև առաջին հայկական պարբերականի՝ «Ազդարարի» տպագրությամբ։ Այս իրադարձությունները, ըստ պատմաբանների, «լուսավորչական գաղափարների խողովակի» նշանակություն ունեցան։ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը գիտաժողովի բացմանը հույս է հայտնում, որ ստեղծված հարթակը ոչ միայն ուղղված կլինի երկու ժողովուրդների փոխազդեցության պատմական անցյալին, այլև ընդհանուր ապագային։
«Վերջին երեք տարիները հատկապես նշանավորվեցին մեր հարաբերություններում ահռելի աճի միտումով, հատկապես երբ խոսում ենք քաղաքական երկխոսության մասին։ Հայաստանը Հնդկաստանին տեսնում է որպես մտերիմ բարեկամ, որի հետ երկարաժամկետ հեռանկարում բազմակողմ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն է»։
Գիտաժողովի համակարգող, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գիտությունների դոկտոր Սոնա Թաջիրյանը պատմում է, որ անցած տարի համալասարանում Armeno-Indica անվանումով ֆորում էին կազմակերպել, որտեղ էլ որոշել են հաջորդ գիտաժողովն անցկացնել Հայաստանում։
«Երկու գիտաժողովների անունները խոսում են մոտ 400 տարվա հայ-հնդկական համագործակցության և բարեկամության մասին։ Դա չի նշանակում, որ հայերը և հնդիկները 400 տարվանից ավելի երկար համագործակցություն չեն ունեցել, բայց մեր գիտաժողովները հիմնականում անդրադառնում են վաղ արդի պատմությանը։ Այսինքն՝ մոտ 1600-ակններից սկսած մինչև 1800-ականներ, հետո ավելի ժամանակակից պատմությանը։ Ինչո՞ւ վաղ արդիից սկսած, որովհետև միայն այդ ժամանակից սկսված է , որ ունենք շարունակական փաստագրություններ՝ հայերի և հնդիկների ուժեղ տնտեսական, մշակութային, գրականագիտական համագործակցության վերաբերյալ»։
Սոնա Թաջիրյանը գիտաժողովում նաև ելույթով է հանդես գալու։ Նրա գիտական ուսումնասիրության թեման Նոր Ջուղայի հայ վաճառականության պատմությունն է, իսկ Կալիֆորնիայի համալսարանում սկսել է ուսումնասիրել թանկարժեք քարերի առևտուրը։ Նոր Ջուղայի վաճառականները տասնյակ հազարավոր փաստաթղթեր են թողել, որոնք վկայում են թանկարժեք քարերի առևտրի մեծ դերակատարությունը, որը սակայն չի ուսումնասիրվել։ Նոր Ջուղայի առևտրականները առավելապես հայտնի էին որպես մետաքսի վաճառականներ։ Սոնա Թաջիրյանը գիտաժողովում ներկայացնելու է հետազոտության մի ուղղությունը միայն՝ մարգարիտների առևտրի պատմությունը․
«Խոսելու եմ մի հազվագյուտ փաստաթղթի մասին, որը Մատենադարանից է։ Մեր փաստաթղթերը հիմնականում Հայաստանի արխիվներում չեն գտնվում։ Նախ այն Մատենադարանից է գտնվել, և երկրորդը, այն գիտելիքի ստեղծմանն է ուղղված ։ Փաստաթուղթն ուսումնասիրում է շատ մանրակրկիտ դետալներ՝ ինչպես մարգարտի առևտուր անել Հնդկաստանում և այլուր։ Հայ վաճառական է գրել այդ փաստաթուղթը, քանի որ Մինասյան ընտանիքից էր, որը շատ մեծ ներգրավվածություն ուներ մարգարտի առևտրում»։
Գիտաժողովի զեկույցներից մեկն էլ նվիրված էր նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ Աջանտայի քարանձավների որմնանկարները պատկերող եզակի աշխատանքներին, որոնց բնօրինակները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Հնդկաստանի Աջանտայի քարանձնավները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, իսկ քարանձավներում պատկերված որմնանկարները համարվում են հնագույն հնդկական արվեստի գլուխգործոցներ: Հայաստանի ազգային պատկերասրահի ներկայացուցիչ Սաթենիկ Չուքազյան․
«Խաչատուրյանն այս մութ ու խոնավ քարանձավներում ապրել է չորս տարի։ Նա ճգնավորի պես էր աշխատում: Բնական լույսի բացակայությունը ստիպել է նկարչին ունենալ օգնական՝ հնդիկ երեխա, որն օգնեց նրան արտացոլել արևի լույսը մթության մեջ և սպիտակ սավանների ու հայելիների վրա՝ ճշգրիտ և մանրամասն վերարտադրել գունապնակը»։
Այս որմնանկարների մեծ մասը, գտնվելով ստորգետնյա սրբավայրերում, լքվել և մոռացվել են: Միայն 1820թ․ են որսորդները պատահաբար հայտնաբերել դրանք: Լույսի ազդեցությունից պաշտպանված լինելով՝ որմնանկարները պահպանել են գույների սկզբնական տեսքը։