Սուրճ՝ երկուսի համար․ Շառլն ու Քոչարը «հանդիպեցին» մեկ վայրում
Ականավոր քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125 և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյաններին նվիրված «Սրճարաններում» ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր համախմբել երկու մեծերի հարազատներին, նրանց արվեստի երկրպագուների, բազմաթիվ արվեստագետների և արվեստասերների։
«Քոչարի և Ազնավուրի հրաշանաց աշխարհներում»․ սա ժողովածուի անունն է։ Այն իր տեսակի մեջ եզակի է՝ երկու մեծություններ մեկ գրքում։ Գրքի մի հատվածում Երվանդ Քոչարն է, մյուսում Շառլ Ազնավուրը։ Քոչարի գեղանկարները, տարածանկարները, գրաֆիկական աշխատանքները համակցված են Ազնավուրի երգեր դարձած բանաստեղծություններին։
Բայց միայն ժողովածուն չէր համախմբել Քոչարի ու Ազնավուրի արվեստի սիրահարներին։ Այս երկու մեծություններին այսպես կոչված «սրճարանային» արվեստն էր միավորել։
Քոչարի թանգարանի վերափոխված միջավայրում ներկայացված էին քանդակագործի սրճարանային թեմաներով ստեղծագործությունները։ Ցուցադրությունն ուղեկցվում էր Ազնավուրի երգերով, երաժշտությամբ, անիմացիաներով:
Երվանդ Քոչարի թանգարանի հանրային կապերի պատասխանատու Մարիամ Հովունի․
«Խորագիրը պատահական ընտրված չէր, ըստ մեզ հասած հիշողությունների և թանգարանի ունեցած տեղեկությունների, Քոչարի Փարիզի բնակարանը մոտ է եղել Ազնավուրների «Կովկաս» ռեստորանին։ Եվ ասում են, որ հենց Քոչարն է ձևավորել ցուցանակը, օգնել որոշակի կազմակերպման հարցերում Շառլ Ազնավուրի հորը՝ Միշել Ազնավուրին»։
Պերճ Թյուրաբյանի համար էլ էր զարմանալի այս բացահատումը։ Նա Ազնավուրի երգերն է թարգմանել ու շանսոնյեի մասին շատ բան գիտի։ Թյուրաբյանը գրքի ստեղծման համար տրամադրել է Ազնավորի երգերի իր թարգմանությունները։
Ցուցադրության համար Ֆրանսիայի ազգային թանգարանի արխիվը ճաշացանկի էսքիզ էր ուղարկել։
«Այն «Կովկաս» ռեստորանի ճաշացանկի էսքիզ էր, ու թեպետ չկան հստակ ապացույցներ, բայց ավելի քան վստահ են, որ այն իրականացրել է Երվանդ Քոչարը, քանի որ ձեռագիրը, աշխատելաոճը, կինտոները իր ձեռագրի ու ոճի մեջ են»։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ կառավարության աջակցությամբ արվեստագետներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: