Արդյունքը կախված է «տնային աշխատանքից»․ վիզաների ազատականացման երկխոսությունը բարեփոխումների մեծ փաթեթ է ենթադրում
Փորձագետները Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացը երկարաժամկետ, բայց կարևոր քայլ են համարում։ Նշում են, որ արդյունքները մեծապես պայմանավորված են «տնային աշխատանքի» կատարմամբ։ Երևանն ու Բրյուսելը հայտարարել են, որ սկսում են Եվրամիություն–Հայաստան պաշտոնական երկխոսությունը՝ վիզաների ազատականացման հարցով։ Այդ նպատակով Երևան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ ԵՄ պաշտոնյան նշել է, որ վիզաների ազատականացման երկխոսությունը երկարաժամկետ գործընթաց է, որը պահանջում է բարեփոխումներ տարբեր ոլորտներում։
Վիզաների ազատականացման հարցով Հայաստանի և Եվրամիության պաշտոնական երկխոսությունը կարևոր ու երկարատև գործընթաց է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանը՝ հավելելով, որ արդյունքը կախված է «տնային աշխատանքից»։
«Ամեն ինչ կախված է «տնային աշխատանքի» կատարման պատրաստակամությունից։ Եթե տեղի ունեցավ, ապա մենք ավելի բարձրակարգ տնտեսական և քաղաքակրթական արժեհամակարգի առերեսվելու հնարավորություն կունենանք, ինչը չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ մեր հանրային և պետական սեկտորների որակական բաղադրիչի ավելացման գործընթացում»։
Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացմանն ուղղված պաշտոնական երկխոսության մեկնարկն ազդարարվեց նախօրեին ։ Այդ նպատակով սեպտեմբերի 9-ին Երևան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԵՄ պաշտոնյայի հետ համատեղ հայտարարությունում նշել է, որ գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով վիզաների պահանջի ավտոմատ չեղարկում։
«Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք», – ասել է Գրիգորյանը։
Այս ճանապարհը որոշ երկրների համար երկար է եղել։ Մոլդովայի դեպքում գործընթացը տևել է 3-4 տարի, Վրաստանից 5 տարի է պահանջվել, Ուկրաինայից՝ 9, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են ավելի քան 10 տարի։ Հենց այս փորձը վկայակոչելով՝ Եվրահանձնաժողովը շեշտում է, որ Հայաստանի հետ այս երկխոսությունը տարիներ է տևելու, և այդ ընթացքում վերահսկվելու են բարեփոխումները։
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը Երևանում հայտարարել է. «Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական մակարդակում կարևոր, պատմական օր է։ Սա պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն։ Սա պետք է դիտարկել որպես Եվրոպական Միության՝ Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորում»։
ԵՄ հանձնաժողովը, մասնավորապես, ընդգծում է, որ հայաստանցիների համար Եվրամիության վիզան կվերացվի, եթե Երևանը զգալի բարեփոխումներ անի ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, ընդունելով Մարգարիտիս Սխինասին, հայտնել է, որ Հայաստանում քննարկումներ են ընթանում Եվրամիությանն անդամակցելու հնարավորության շուրջ։ Նշել է նաև, որ այդ հարցում կարևոր կլինի լսել Եվրամիության գործընկերների դիտարկումները և խորհուրդները։
Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի հասարակության վրա, Գուրգեն Սիմոնյանը նշում է․
«Սա շատ կարևոր է, որովհետև զարգացած երկրները հնարավորությունների դուռ կարող են բացել։ Նկատի ունեմ նաև հենց բուն ԵՄ երկրները, որ Շենգեն գոտի մուտքի հնարավորություն կունենանք առանց վիզաների։ Դա շատ մեծ ազդեցություն կունենա թե՛ տնտեսության, թե՛ հանրային ընդհանուր իրավիճակի, թե՛ պետական ինստիտուտների զարգացման, թե՛ մարդկանց ավելի կատարելագործման վրա՝ ուսման տեսակետից, մշակութների հաղորդակցման, աշխատանքի շուկայի մրցունակ դառնալու տեսակետից։ Բոլոր առումներով»։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սխինվասի հետ համատեղ հայտարարությամբ նաև ընդգծել է կառավարության հանձնառությունը՝ առաջ շարժվելու անհրաժեշտ
«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով, որն ուղղված է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը»։
Այդ ճանապարհին թե ի՞նչ հիմնական մարտահրավերներ կարող են առաջանալ Հայաստանի համար՝ այդ բարեփոխումներն իրականացնելու ընթացքում։ Միջազգայնագետ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ դրանք բավականին շատ են։
«Տնային աշխատանքի կարևորագույն նախադրյալները պետք է ձևավորվեն, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության լիակատար իրացումը։ Մյուսը իրավաքաղաքական պայմանագրային բազայի համատեքստում է։ Մենք 30-ից ավելի միջպետական պայմանագրեր ունենք Ռուսաստանի հետ, որոնք կաշկանդելու են մեր զարգացման բոլոր հնարավորությունները։ Բացի այդ, միջազգային որոշ ռեզոլյուցիաներ և պայմանագրեր կան, որոնք եթե մենք չվավերացնենք, մեզ չեն ընդունի այդ հանրույթի մաս։ ժողովրդավարական արժեհամակարգի համատեքստում, մարդկանց և սոցիալական խմբերի իրավունքների հարգման համատեքստում այդպիսի բաներ կան։ Եթե այդ աշխատանքները չկարողացան կատարել, ապա որևէ դրական փոփոխություն չեմ ակնկալում այդ ուղղությամբ։ Բանակցությունները ոնց մեկնարկել են, այդպես էլ կարող են շարունակվել, ինչքան ասես»։
Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ընդլայնումը նաև անվտանգության ոլորտում է ընթանում։ Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, և կողմերը կարևորում են քաղաքական և անվտանգության երկխոսության զարգացումը։ Այս առումով Սիմոնյանը կարծում է, որ վիզաների ազատականացման գործընթացը և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կարող է դրականորեն ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների համատեքստում։
«Մեծ հաշվով սա ինքնին անվտանգային բաղադրիչ է։ Տնտեսությունների համագործակցությունը և սերտացումը ռազմաքաղաքական սերտացման մասին էլ է խոսում։ Սա պետք է ֆիքսենք։ Բոլոր տեսակի ռազմաքաղաքական մերձեցումները բխում են տնտեսական շահերից, տնտեսական մերձեցումներից»։
Ամփոփելով, փորձագետն ասում է, որ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացման ճանապարհին, սակայն գործընթացը երկարաժամկետ է ու պահանջում է հետևողական աշխատանք։