ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խաղաղության պայմանագրից դուրս մնացած կետեր, որ դառնում են ադրբեջանական նախապայման

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար կարևոր են ոչ միայն «Խաղաղության պայմանագիրի» 17 կետերը, այլև այդ փաստաթղթից դուրս մնացած կամ զուգահեռ բանակցվող մի շարք հարցեր, որոնք իրականում վերածվում են նախապայմանների՝ էական ազդեցություն ունենալով պայմանագրի հետագա ճակատագրի վրա։ Թեև խնդրահարույց հարցերի լուծման տարբեր մեխանիզմներ են քննարկվում, և հայկական կողմից պատրաստակամություն կա հնարավորինս շուտ փաստաթուղթ ստորագրելու, պայմանագրից դուրս մնացած սկզբունքային խնդիրներից որևէ մեկի շուրջ փոխադարձ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։ 

Տարածաշրջանի խաղաղության համար առաջին անհրաժեշտ պայմանը՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը «Խաղաղության պայմանագրի» կետերից մեկն էր, բայց մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ այն հանվել է փաստաթղթից։ Այժմ այս խնդրի լուծման երկու տարբերակ կա։ Առաջինը Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, որով Հայաստանը պատրաստ է բոլոր ուղղություններով տարածք տրամադրել ավտոճանապարհների,  երկաթգծի, մալուխների և գազատարների համար։ Երկրորդ տարբերակի հիմքը 2020 թվականի նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետն է։ Այս տարբերակի կողմնակիցը եռակողմ հայտարարության մյուս կողմերն են՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Ընդ որում՝ Ռուսաստանը հենց այս կետին հղումով է պահանջում իր ներկայությունը Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին։ Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության այդ հատվածին հղումը այս դեպքում Հայաստանի վարչապետն անընդունելի է համարում․

«9–րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9–րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու մասին է»։

Մինչև 9–րդ կետը փաստաթղթում կան նաև այլ դրույթներ, օրինակ՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կամ ԼՂ և հարակից շրջաններ տեղահանված անձանց և փախստականների վերադարձը։

Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ ոչ ոք որևէ հիմք չունի մեղադրելու, որ որևէ դրույթ հայկական կողմը չի կատարել։ Փոխարենը, ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այլ պարզաբանումների կարիք կա։

«Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ինչ–որ ստորագրություն հետ քաշի նոյեմբերի 9–ի հայտարարությունից, ես կարծում եմ, որ Ադրբեջանը և Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությանը պատասխանելու բան ունեն առաջին կետի վերաբերյալ, երկրորդ կետի վերաբերյալ, երրորդ կետի վերաբերյալ, չորրորդ կետի վերաբերյալ, հինգերորդ կետի, վեցերորդ կետի վերաբերյալ, յոթերորդ կետի վերաբերյալ, նաև ութերորդ կետի վերաբերյալ։ Իսկ իներորդ կետի վերաբերյալ Հայաստանը իր պարտավորությունները կատարում է։ Հայաստանի պարտավորությունները, նաև այդ իններորդ կետի և այդ ամբողջ փաստաթղթի հիմքը նաև դրված է «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության մեջ»։

Իսկ այս տրամաբանության մեջ առանձին խնդիրը՝ ճանապարհի վերահսկողության թեման նոր զարգացում է ստանում նոր առաջարկով։ Խոսքը Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհին մասնավոր պահնորդական ընկերության ներկայության մասին է։ Առաջարկն արել է հայկական կողմը, բայց ընդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ Ադրբեջանի նախապայմաններից ելնելով․

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ չեն ուզում, որ հայ սահմանապահները առնչվեն ադրբեջանցիների հետ և հանկարծ ծնվում է մասնավոր պահնորդական սահմանապահ ուժերի գաղափար։ Է, երեք ամիս առաջ դրա մասին խոսեիք»։

«Մասնավոր պահնորդական ընկերության» աղմկահարույց գաղափարի մասին առաջինը խոսեց Հայաստանի վարչապետն իր վերջին ասուլիսում։Դրանից հետո պաշտոնյաներից շատերը չէին կարողանում պարզաբանել, թե ինչ կարգավորումների մասին է խոսքը։ Իրականում, առաջարկի տակ կա կարգավորումների հստակ պատկերացում, որի փակագծերը բացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես չեմ դադարում անընդհատ զարմանալ, ինչպես է իրողությունը հոդվածից հոդված, կարծիքից կարծիք մի բառ փոխվում, հետո այդ փոխվածի վրա ուրիշ բառ ավելացվում, հետո ուրիշ բառ, հետո լայնորեն սկսում է շրջանառվել մի բան, որն իրականում գոյություն չունի։ Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում։ Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է։ Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ոչ պետական երրորդ կողմի, ոչ մասնավոր ներկայություն մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չէ»։

Հայաստանը պատրաստ է տրամադրելու նաև ճանապարհներ։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի կառավարությունում շրջանառության մեջ է դրվել որոշման նախագիծ՝ Հայաստան–Ադրբեջան սահմանին և՛ Նախիջևանի կողմից, և՛ բուն Ադրբեջանի կողմից հսկիչ–անցագրային կետեր սահմանելու վերաբերյալ։

Սակայն, խաղաղությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը բախվում են ադրբեջանական նոր նախապայմանների արդեն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջով։ Այսպիսի կետ չկա որևէ փաստաթղթում, թեև Հայաստանի իշխանությունը նախաձեռնել է նման գործընթաց, բայց հիմքում՝ Ադրբեջանի պահանջած դրույթները չեն, իսկ ժամկետները 2027 թվականից շուտ չեն։

Հայաստանի վարչապետը Ադրբեջանի կեցվածքը ապակառուցողական է համարում և չի գնում նույն ճանապարհով, թեև Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի տարածքների հանդեպ ավելի շատ հավակնություններ կան, քան հակառակ ուղղությամբ։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ, 1918 թվականի Ադրբեջանի առաջին Հանրապետության ստեղծման հռչակագրին հղումով, Ադրբեջանը իր տարածքներն է համարում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը ամբողջությամբ, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից որոշակի հատվածներ։ 

«Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, խաղաղության գործընթացը փակուղի չմտցնելու համար։ Այդ թվում այն պատճառով, որ մենք համարում ենք, որ «Խաղաղության պայմանագիրն» ամբողջությամբ արձանագրում և հասցեագրում է այդ խնդիրը»։

Սահմանադրությունների խնդրի առնչությամբ հայկական կողմը երկու հակափաստարկ է ներկայացնում։ Հայաստանի հավակնությունների առումով մտահոգությունները կփարատվեն, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխան կճանաչի Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ օոգոստոսի 30–ին կնքված Կանոնադրությունը։

Իսկ Ադրբեջանի հավակնությունների առումով հայկական կողմը բավարար է համարում «Խաղաղության պայմանագրում» արդեն համաձայնեցված կետը, համաձայն որի «կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար։

Back to top button