Ե՞րբ և ինչպե՞ս է տոկոսադրույքն ազդում տնտեսության վրա
Կենտրոնական բանկի խորհուրդը կրկին նվազեցրել է վերաֆինասավորման տոկոսադրույքը, սահմանելով 7․5 տոկոս։ Աստիճանաբար գլխավոր դրամատունը թուլացնում է դրամավարկային քաղաքականությունը։ Տնտեսությունում ամեն ինչ փոխկապակցված է՝ կայացվող որոշումները ունեն պատճառահետևանքային կապ։ Որոշման հիմքում նաև համաշխարհային ու տեղական տնտեսական զարգացումներն ու դրանց ազդեցություններն են։
Հայաստանի Կենտրոնաբական բանկը էժան փողի քաղաքականությունը շարունակում է։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը փաստում է՝ կարողացան գնաճի խնդիրը շատ ավելի վաղ լուծել, քան այլ երկրներ, սա թույլ տվեց տարածք բացել քաղաքականության թուլացման համար։ ԿԲ–ն հերթական անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7․5 տոկոս։ Որոշման հիմքում նաև համաշխարհային ու տեղական տնտեսական զարգացումներն ու դրանց ազդեցություններն են։
«Որոշակի ավելացել է ցածր գնաճային սպասում ունեցող մարդկանց կշիռը, բայց անորոշությունը էական է մնում։ Անորոշության պարագայում մենք կարծում ենք, որ մեր կողմից իրականացվող քաղաքականութունը (ԿԲ խորհրդի անդամների մեծամասնությունը այս նիստի ընթացքում էլ այդ բալանսավորման մասին է խոսել) , երկու կողմում էլ ռիսկեր կան, որոնք չենք կարող անտեսել»։
Երկրորդ եռամսյակի 6․4 տոկոս տնտեսական աճի կառուցվածքում շինարարությունն ու առևտուրն շարունակում են գերիշխող լինել։ Վերաֆինասավորման տոկոսադրույքի իջեցումը սպասելի էր՝ հաշվի առնելով տնտեսական ներկայիս զարգացումները՝ փաստում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանը։ Տնտեսագետն արձանագրում է՝ վերջին շրջանում ՀՀ–ում դեռևս գնանկումային միջավայրը շարունակում է պահպանվել։ Սա պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով, ԿԲ դրամավարկային քաղաքականության թուլացմամբ, ինչպես նաև աշխատաշուկայում աշխատուժի առաջարկի ավելացմամբ։ Այս գործոնները ԿԲ–ին դրդում են թուլացնել դրամավարկային պայմանները։ ՎԿ–ն նույնպես փաստում է՝ այս տարվա ութ ամսում սպառողական գների ինդեքսն անցյալ տարվա համեմատ 0․1 տոկոսով նվազել է ՝ ասում է տնտեսագետը․
«Սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի պարագայում գների 3․2 տոկոսով նվազում ունենք։ Սպառողական գների ինդեքսում այս ապրանքային խումբն ունի բարձր տեսակարար կշիռ, տրամաբանական է, որ այն չէր կարող չազդել գներ նվազման միտման վրա»։
Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտային արտադրանքի գներն են բարձրացել՝ մոտ 6․1 տոկոսով։ Ամենայն հավանականությամբ գների այս տատանումը պայմանավորված է 2024–ի աքցիզային հարկի դրույքաչափի փոփոխությամբ՝ արձանագրում է տնտեսագետը։ Արտաքին ու ներքին գործոնները՝ համաշխարհային տնտեսությունում ու Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում առկա զարգացումներն իրենց ազդեցությունն ունենում են։ Նարինե Պետրոսյանն առանձնացնում է ևս մեկ կարևոր գործոն՝ ներքին շուկայում միջազգային այցելուների կողմից ներկայացվող պահանջարկի փոփոխությունը՝ ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած այցելուները, նրանց ստեղծած տնտեսական ակտիվությունն է սկսել մարել։ Բայց այստեղ ևս մեկ դիտարկում․
«Մեկ այլ կարևոր հանգամանք, որը մենք չպետք է բաց թողնենք մեր տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունների շարքում՝ դեռևս ներքին բարձր պահանջարկի պահպանումն է սպառողական շուկայում։ Սա նույնպես որոշակի գնաճային ճնշումներ է առաջացնում։ Սա կարող է պայմանավորված լինել ինչպես, օրինակ, կուտակված խնայողությունների օգտագործմամբ, այնպես էլ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կողմից արդեն մեր տնտեսությունում որոշակի աշխուժացում մտցնելու, սպառողական շուկայում նույնպես որոշակի գնային ճշումներ առաջացնելու հանգամանքով»։
Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը բացատրում է՝ երբ կենտրոնական բանկերը սկսում են նվազեցնել վերաֆինասնավորման տոկոսադրույքները, սա ըստ էության մեսիջ է ներդրողներին․
«Կա հնարավորություն տնտեսության մեջ ներդրումներ անելու, իսկ ԿԲ–ն դա խթանում է։ Մեսիջ է ուղարկում գործարար հանրությանը, որ կարելի է վերցնել էժան փողեր ու ներդրումներ կատարել։ Սա հիմնական մեսիջն է։ Տվյալ պարագայում ԿԲ ավելի սթափ է վերլուծում տնտեսության ներսում ստեղծված իրավիճակը։ Հակառակ նրան, որ տարեսկզբին արդյունաբերության մեջ երկնիշ աճ է արձանագրվում, բայց մենք հստակ գիտենք, որ արտաքին գործոնների ազդեցությունն ավելի մեծ է»։
Ընդհանուր առմամբ, տոկոսադրույքի փոփոխությունը տնտեսության վրա ունենում է ազդեցություն վեց ամսվա ընթացքում։ Կարճաժամկետում գուցե վարկերի տոկոսադրույքները նվազեն։