Երաժշտական եռանկյունի

Ավետ Տերտերյան — 95. «Երաժշտական եռանկյունի»

Այս տարի նշվեց հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ (1991), ՀԽՍՀ (1984), ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977) Ավետ Տերտերյանի 95-ամյակը։

«Տերտերյանի երաժշտությունը պետք է ընկալել որպես աշխարհայացք, փիլիսոփայություն, որն ամբողջացնում է ազգայինն ու տիեզերականը» — ասում է Դիրիժոր, Երևանի պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնի վարիչ Ռուբեն Ասատրյանը։

Ավետ Տերտերյանը ծնվել է Բաքվում։ Հայրը եղել է բժիշկ, հանդես է եկել նաև որպես երգիչ։ Մայրը, չունենալով պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, նույնպես երգել է։ 1948 թվականին Տերտերյանը սկսել է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, 1951 թվականին տեղափոխվել է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1952 թվականին Տերտերյանը ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարանը։ 1985 թվականից Տերտերյանը դասախոսել է կոնսերվատորիայում։ Վախճանվել է 1994 թվականին։ Հուղարկավորված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Երևանի Դավթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գործում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցը։

Տերտերյանի երաժշտությունը ժանրային առումով բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։

Տերտերյանի դիպլոմային աշխատանքը «Հայրենիքը» հինգմասանի շարքն է նվագախմբի սոպրանոյի և բարիտոնի համար (Հ. Թումանյանի և Հ. Շիրազի խոսքերով)։ «Հայրենիք», այնուհետև «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարքերին հետևեց լարային կվարտետի ստեղծումը։ Այստեղից է սկիզբ առել կոմպոզիտորի ուրույն գրելաոճը։ Նա հրաժարվել է դասական հարմոնիայի համակարգից և դրա պարտադիր կանոններից։ Նրա ոճը եվրոպական ավանգարդիզմի և ազգային երաժշտության միաձուլում է։ Տենրտերյանի համար մեկ հնչյունը ամբողջ թեմայի նշանակություն ուներ, երաժշտությունը կարող էր ստեղծել և ապրեցնել այդ մեկ հնչյունով։

Տերտերյանը սիմֆոնիստ էր իր երաժշտական մտածողությամբ։ Իր սիմֆոնիաներում կարծես փորձել է տալ մակրո և միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքրագույն և մեծագույն աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը, մարդու դիրքը, տեղը հավերժի այդ ճանապարհին։

Ավետ Տերտերյանը հայտնի է աշխարհին իր սիմֆոնիաներով և օպերաներով։

Back to top button