ԿարևորՄշակույթ

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա մենահամերգով

Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Երևանում հանդես կգա սպասված մենահամերգով։ Համերգը կկայանա սեպտեմբերի 22-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի հատուկ հյուր՝ անվանի դաշնակահար Գեորգի Չաիձե։

«Հայաստանյան ունկնդրի հետ յուրաքանչյուր հանդիպում իսկական տոն է ինձ համար՝ լի մեծագույն պատասխանատվությամբ։ Անհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ մեր հանդիպմանն ինձ շատ հարազատ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Իմ շատ լավ ընկեր, փայլուն դաշնակահար Գեորգի Չաիձեի հետ ներկայացնելու ենք հետաքրքիր ծրագիր։ Նրա հետ հասցրել ենք վերջերս ելույթ ունենալ Հունաստանում, և մեր համագործակցությունը շատ բարձր եմ գնահատում։ Վստահ եմ՝ հայ հանդիսատեսը ևս անտարբեր չի մնա այս համերգից»,-նշում է Նարեկ Հախնազարյանը, ով անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը։

Համերգային ծրագրում Շումանի, Մենդելսոնի, Կոմիտասի, Ցինցաձեի, Պիացոլայի ստեղծագործություններն են։

2011 թվականին, 22 տարեկանում, փայլուն հաղթանակ է տարել Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում:

Հախնազարյանը ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic, Pittsburgh Symphony, Sydney Symphony, Seoul Philharmonic, NHK Symphony և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև, Ռոբերտսոն, Հոնեկ, Նոզեդա, Նետոպիլ և այլք):

Հանդես է եկել միջազգային հայտնի փառատոնների շրջանակում, հեղինակավոր համերգասրահներում։ Միջազգային մրցույթների դափնեկիր է. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ), Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ), Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ:

2017-ին Նարեկ Հախնազարյանին շնորհվել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում:

Back to top button