ԿարևորՀասարակություն

Թուրքիայի հայկական եկեղեցիները` գանձ որոնողների թիրախում

Թուրքիայում գանձ որոնողների ճնշող մեծամասնությունը փնտրում է գանձեր, որոնք, իրենց կարծիքով, թողել են հայերը, գրում է The Economist-ը։

Հեղինակ Էրին Օ’Բրայենը լայնածավալ հոդվածում անդրադառնալով խնդրին գրում է․

«Թուրքիայում ռասիստական ​​կարծրատիպեր կան, և հաճախ հայերը ներկայացվում որպես անհագ հարստություն դիզողներ։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ մարդիկ ենթադրեն, թե ցեղասպանությունից փախած հայերը թաղել են իրենց թանկարժեք իրերը՝ հույս ունենալով, որ մի օր կվերադառնան» ։

Հեղինակը նշում է, որ հայկական եկեղեցիների և գերեզմանների տարածքներում երկրի պատմական շերտը ոչնչացվում է, քանի որ գանձագողերի կոպիտ մեթոդները անդառնալի վնաս են հասցնում հնագիտական ​​վայրերին:

Նրա խոսքով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը հիմնականում անտեսում է նախկինում հայերով բնակեցված շրջաններում իրականացվող կողոպուտը։

«Համացանցում շրջանառվում են գանձերի անթիվ քարտեզներ, որոնք իբր ժամանակին գծվել են հայերի կողմից, դրանցից շատերը կեղծ են, քանի որ իրենց վրա ունեն ժամանակակից թուրքերեն գրառումներ։ Այդ բիզնեսը լի է խաբեբաներով»,- գրում է Օ’Բրայենը։

Նա նշում է, որ բազմաթիվ հնություններ դուրս են բերվել երկրից։

«Ժամանակին Վանա լճի շրջակայքում 600-ից ավելի եկեղեցի կար։ Հիմա 100-ից քիչ է մնացել։ Կանգուն մնացածները նման են կմախքի, որոնց ներսը թալանված է գանձ որոնողների կողմից: Հայկական փորագրությունները ջնջվել են, իսկ գմբեթներն ու սյուները փլատակների կույտ են դարձել»,- գրում է Օ’Բրայենը։

Back to top button