ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Որ կազմակերպված հանցագործություններն ու ահաբեկչություններն ավելի արագ բացահայտվեն․ Հայաստանը կհամագործակցի «Եվրաջասթ»ի հետ

Հայաստանը և Եվրոպական միությունը կհամագործակցեն քրեական արդարադատության ոլորտում։  ԱԺ-ում քննարկվել է Հայաստանի և «Եվրաջասթ» գործակալության միջև համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Եթե այն իրականություն դառնա, Հայաստանը գործակալությունում  ներկայացուցիչ կունենա, ինչը կնպաստի մեր երկրի իրավասու մարմինների և ԵՄ անդամ պետությունների միջև ծանր հանցագործությունները բացահայտելուն ուղղված տվյալների օպերատիվ փոխանակմանը։

ԱՄՆ, Նորվեգիա, Շվեյցարիա, Հայաստան․ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը թվարկում է ԵՄ անդամ չհանդիսացող այն երկրների ցանկը, որոնք իրավական համագործակցություն են սկսելու ԵՄ անդամ պետությունների հետ։ Եթե խորհրդարանը վավերացնի Հայաստանի կառավարության և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթ»-ի հետ ապրիլի 5-ին ստորագրված համաձայնագիրը, ծանր հանցագործությունները՝ մասնավորապես կազմակերպված հանցագործություններն ու ահաբեկչությունները, ավելի շուտ կբացահայտվեն։

Արման Եղոյան․ «Վավերացումից հետո Հայաստանը «Եվրաջասթ»-ում նշանակելու  է դատախազ, ով դառնալու է դատախազական կոլեգիայի անդամ և օժտված է լինելու ԵՄ անդամ չհանդիսացող երկրների համար սահմանված բոլոր իրավուքներով՝ նախաքննական և դատաքննական փուլերում տեղեկատվություն է հայցելու և համապատասխան ընթացակարգով ԵՄ անդամ երկրներից, ինչպես նաև Հայստանն է պարտավորվում տեղեկություններ տալ ԵՄ անդամ գործընկերներին՝ անհրաժեշտւթյան դեպքում»։

Թեև համաձայնագիրը ստորագրվել է ամիսներ առաջ, Հայաստանի ու «Եվրաջասթ»-ի միջև ոչ ֆորմալ աշխատանքները սկսվել են 2021-ից, երբ ԵՄ-ն նախաձեռնեց միության անդամ չհանդիսացող պետությունների հետ համագործակցությունը՝ ասում է արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։ Արդեն 65 դատական գործի օրինակով եվրոպացի մասնագետները բացատրել են աջակցման մեխանիզմները․

«Համաձայնագրով նախատեսվում է՝  ուղիղ կապերի հաստատում համապատասխան մարմինների միջև՝ կոնտակակտային անձնաց նշանակման և գործուղման միջոցով,  համագործակցության հարցերով դատախազը՝ Եվրաջասթում և Եվրաջասթի համագործակցության հարցերով մագիստրը՝ Երևանում։ Այս ընթացակարգերը զգալի կնպաստեն ԵՄ անդամ և երրորդ պետությունների հետ անհրաժեշտ հաղորդակցման արագությանը և ցուցաբերված փոխադարձ աջակցության որակին և օպերատիվությանը։ Համաձայնագրով առանձնակի ուշադրույթուն է դարձվում անձնական տվյալների պաշտպանությանը, քանի որ համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաև այս փաթեթներում անձնական տվյալների փոխանակում և այս նկատառումներով համաձայնագիը ներառում է 2 առանձին գլուխ»։

Կարեն Կարապետյանը

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվում է՝ ի՞նչ միջոցներ են կիրառվելու համաձայնագրի անդամ երկրներից որևէ մեկի՝ պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում։ Փոխնախարարն արձագանքում է՝ համագործակցությունը կբացառի հնարավոր այդպիսի ռիսկերը․

«Եվրաջասթ»-ի հետ համաձայնագիրը չի գալիս փոխարինելու արդեն գործող երկկողմ և բազմակողմ միջազգային համագործակցության շրջանակներում Հայաստանի համագործակցության խողովակներին այլ երկրների հետ, այս դեպքում՝ ԵՄ անդամ երկրների հետ, այս մարմինը նրա համար է, որ այնտեղ տեղաբաշխված և գործուղղված մեր ներկայացուցչի միջոցով ուղիղ կապով ավելի օպերատիվ և արագացված մեխանիզմներով ողջ այդ տեղեկությունների շրջանառումը, փաստաթղթաշրջանառությունը արագացվի, և նշած տեղեկությունները չներկայացնելու հեռանկարներից խուսափենք»։

Համաձայնագրի վավերացումը ենթադրում է անձնական տվյալների ներպետական կանոնակարգերում որոշակի փոփոխություններ՝ ասում է փոխնախարարը, քանի որ տվյալների փոխանակումը մեծապես վերաբերում է մարդկանց անձնական տեղեկություններին։ Կարապետյանը խոստանում է շատ արագ կազմակերպել ակնկալվող մշակումները, վավերացման դեպքում փատաթուղթն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսվա առաջին օրվանից, սակայն համաձայնագրի առանձին գլխով որոշ դրույթների կիրառման ժամկետները դեռ քննարկվում են ․

«Կողմերի միջև աշխատանքային կարգավորումների փաստաթուղթ կա, որը մշակել ենք, այսօր  քննարկելու ենք նախարարության կոմիտեում, համապատասխան պրոցեսներով անցնում է»։ 

Սա այն մեխանիզմներից է, որը համակարգային հիմքերի վրա կդնի կառավարության հռչակած եվրոպական ինտեգրման գործընթացը, Սահմանադրական դատարանը ևս քննարկել է փաստաթուղթը և հայտել, որ այն չի հակասում Մայր օրենքի դրույթներին՝ եզրափակում է փոխնախարար Կարեն Կարապետյանը։ ԱԺ-ն  համաձայնագիրը վավերացնելու որոշումը քվեարկությամբ կկայացնի վաղը։

Back to top button