ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մետրոյի ուղևորների 13, իսկ ավտոբուսի ուղևորների 2 տոկոսն է Tellcell–ից օգտվում

Մայրաքաղաքում մետրոյի ուղևորների ընդամենը 13, իսկ երթուղային տրանսպորտի ուղևորների 2 տոկոսից մի փոքր ավելին է տրանսպորտից օգտվելու դիմաց վճարել անկանխիկ՝ Tellcell  հավելվածի օգնությամբ։ Երևանում տրանսպորտի տոմսային նոր համակարգի ներդրմանը 4 ամսից պակաս ժամանակ է մնացել, սակայն 1 շաբաթվա ընթացքում մետրոյի 575 հազար ուղևորներից միայն շուրջ 75 հազարն է Tellcell–ով վճարել, իսկ ավտոբուսներից օգտված 3.5 միլիոն ուղևորներից միայն 75 հազարը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը սա ցածր ցուցանիշ է համարում։

Մայրաքաղաքում ավտովթարից հետո վարորդները ստիպված կլինեն պատահարից առավելագույնը 15 րոպե անց ազատել ճանապարհի երթևեկելի մասը։ Քաղաքապետարանն առաջարկում է այս կարգավորումն ամրագրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում։ Առաջարկվող նախագծով վթարից հետո վարորդները պետք է լուսանկարահանեն ու տեսանկարահանեն պատահարը, ամրագրեն այն և ճանապարհը ազատելուց հետո միայն սպասեն ոստիկանության կամ ապահովագրական ծառայության աշխատակիցներին։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արմինե Ստեփանյանը մանրամասնում է՝ կլինեն նաև բացառություններ։

«Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ այդ պատահարի հետևանքով անձանց առողջությանը հասցվել է ծանր կամ առանձնապես ծանր վնասվածքներ, կամ այնպիսի արտակարգ իրավիճակ, երբ վարորդը ի վիճակի չի լինել ապահովել այդ պարտավորությունը։ Ասեմ, որ լրացուցիչ վարչական պատասխանատվության անհրաժեշտություն չկա, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքն արդեն իսկ ունի նման կարգավորում»,– ասում է Ստեփանյանը։

Երևանում այս կարգավորումն ունենալը, ըստ առաջարկի հեղինակների, հրատապ անհրաժեշտություն է, ցանկության դեպքում այն կարող է վերաբերել հանրապետության ամբողջ տարածքին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատում է․

«Մեր հիմնական խնդիրը Երևանում տիրող իրավիճակն է, և եթե խնդիր կա, օրինակ, այլ բնակավայրերում կամ այլ մարզերում նման դրույթ չնախատեսելու, մենք դա չենք պնդում, բայց Երևանում յուրաքանչյուր նման փոքրիկ պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում։ Հետևապես, Երևան քաղաքում այս անհրաժեշտությունը բարձր մակարդակի վրա է, պետք է խոսել նաև մեր գործընկերների հետ, քանի որ  այս լուծումը այլընտրանք չպետք է ունենա»,– ասում է քաղաքապետը։

Քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը անդրադարձ եղավ նաև կենդանաբանական այգու ընդլայնման աշխատանքներին։ Այգում զեբրերի ու կռունկների նոր ազատավանդակի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են՝ հայտնում է բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը։ Նոր ազատավանդակները կառուցվում են բնական միջավայրի ու բնության պայմաններին համապատասխան։ Կենդանաբանական այգին ապագայում նաև փղերի համար նոր վանդակ կունենա։

«Ընթացքի մեջ են բորենանման շների, թռչունների, սպիտակ վագրի համար նոր ազատավանդակների կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն նոյեմբեր ամսին։ Այգու տարածքում ստեղծվել են նոր ճեմուղիներ, ներդրվել է տոմսերի առցանց վաճառքի համակարգը և այժմ մեր քաղաքացիները կարող են տոմսեր ձեռք բերել նաև Կենդանաբանական այգու կայք էջից։ Նոր փղանոցի նախագծման աշխատանքները մեկնարկել են և մենք նախատեսում ենք հաջորդ տարվա բյուջեով արդեն նոր փղանոցի կառուցման աշխատանքները ներառել և միաժամանակ կսկսենք քննարկել գործընկեր կենդանաբանական այգիների հետ նոր փիղ ունենալու հնարավորությունների մասին»։

Քաղաքապետարանը շարունակում է աշխատանքները Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տալու ուղղությամբ։ Դրանք կավարտվեն նոյեմբերին։ Մինչ այդ մաքրվում է Հրազդանի հունը, իսկ հոկտեմբերից կգործի նաև Գետառ գետի վրա կառուցված մաքրման նոր կայանը։

«Իրականում Հրազդանի կիրճում ու Գետառի վրա իրականացվող աշխատանքները կարևոր են, շատ կարևոր է այդ ռեկրեացիոն գոտու իրավակարգավորումների ընդունումը և ընդհանուր առմամբ այս խոսակցությունը անընդհատ պետք է շարունակվի, քանի որ որքան էլ մենք տարբեր տեղերում աղբաորսիչներ ու մաքրման կայաններ կառուցենք, միևնույն է, եթե մշակութային ու վարքաբանական փոփոխություններ տեղի չունենա, այս ծրագրերի արդյունքը մեծ չի լինի»,– ասում է Տիգրան Ավինյանը։

Առաջիկայում քաղաքային իշխանությունը կվերանայի  շինհրապարակների կահավորման սահմանված նորմերը չպահպանելու համար նշանակված տուգանքի չափը։ Նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում շուրջ 90 արձանագրություն է կազմվել։ Քաղաքապետը նկատում է, քանի դեռ շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերը տեսանելի չեն, արձանագրությունների թիվը պետք է չպակասի։

Back to top button