Անփոփոխ դիրքեր և ռազմավարական շահերի պաշտպանություն․ Իրանի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի վերջին հանդիպումը նորից ընդգծեց երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը: Այս հանդիպմանը նույնպես անդրադարձ է եղել, մասնավորապես, միջազգային սահմանների անփոփոխելիությանն ու Իրանի աջակցությանը՝ հարևանների տարածքային ամբողջականության հարցերում: Փորձագետները նկատում են, որ տվյալ հարցում Իրանի դիրքորոշումը հստակ է ու անփոփոխ, ինչը հանգեցրել է անգամ Թեհրանի և Մոսկվայի միջև լարվածության, կասկածի դակ դնելով ռուս-իրանական ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրումը։
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Գրիգորյանը նաև շեշտել է.
«Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահման է։ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում լինելու է Հայաստանի ներքին ինստիտուտների և նրա ազգային ու տարածքային ինքնիշխանության վերահսկողությամբ: Այս դիրքորոշումը միանգամայն համահունչ է Իրանի մոտեցմանը, որը և պնդում է նաև իրանական կողմը։
Վերջին շրջանում ավելի հաճախ է Իրանը ամենատարբեր մակարդակներով բարձրաձայնում իր դիրքորոշումը միջազգային սահմանների անփոփոխելիության վերաբերյալ։ Փորձագետները նկատում են, որ Իրանի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է հստակ՝ Թեհրանը ոչ միայն դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագրին, այլև այդ հարցը դիտարկում է որպես տարածաշրջանի անվտանգության խնդիր:
Թե իրանցի, թե հայ իրանագետները նկատում են, որ Իրանի համար «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը զուտ տնտեսական և տրանսպորտային նախագիծ չէ, այլ մարտահրավեր իր ազգային անվտանգությանը և տարածաշրջանային ազդեցությանը:
Իրանագետ Փույա Հոսեինի. «Իրանը բոլոր հարթակներով փորձել է զգուշացնել, իր դիվանագիտական հարթակներում մեծ ջանք է գործադրել, զորավարժությունների միջոցով է փորձել մեսիջներ ուղարկել և բոլոր սցենարները Իրանի սեղանի վրա են։ Եվ Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ է։ Իրանի համար անընդունելի է նման միջանցքը և ոչ մի դեպքում թույլ չի տալու, որ նման միջանցք ստեղծվի»։
Այդ մասին այսօր հերթական հայտարարությունն է հնչել Իրանից։ Իսլամական Հանրապետության խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Քաշքավին Mehr գործակալության հետ զրույցում շեշտել է, որ Սյունիքի տարածքով ստեղծվող ցանկացած միջանցք կվնասի տարածաշրջանի կայունությանն ու սահմանների անփոփոխելիության սկզբունքին:
«Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն դա: Մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը և միջազգային սահմանների ճանաչմանը: Ելնելով դրանից՝ մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի նման երկրի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը և բոլոր երկրները կփորձեն արդյունավետ գործողություններ ձեռնարկել տարածքային ամբողջականության և անկախության հարգման և միջազգային սահմանների ճանաչման շրջանակում»,-հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը։
Tasnim գործակալության հետ զրույցում «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ռուսաստանի հակասական դիրքորոշման մասին է խոսել նաև Իրանի ԱԽ մեկ այլ ներկայացուցիչ՝ Ֆադահոսեյն Մալեքին, արտահայտելով իր մտահոգությունները, որ Ռուսաստանը հակասական քաղաքականություն է որդեգրել Իրանի նկատմամբ, աջակցելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի առաջմղմանը։
«Ցավում եմ ՌԴ-ի՝ նման քաղաքականության համար։ Իրանն ակնկալում է, որ Մոսկվան կխուսափի պարադոքսալ պահվածքից Թեհրանի հետ հարաբերություններում: Թեհրանը «վճռական արձագանք» կցուցաբերի, եթե վտանգ տեսնի իր սահմաններին»,- հայտարարել է Մալեքին։
Մոսկվայի դիրքորոշման բացատրության կարիք է տեսել Բաքվում Իրանի նախկին դեսպանը։ Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում իրանցի քաղաքական փորձագետ և նախկին դիվանագետ Մոհսեն Փաքայինն ընդգծել է Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակեցման անհրաժեշտությունը, միաժամանակ հավելելով, որ արևմտյան լրատվամիջոցները օգտվում են այս թեմայից, որպեսզի խաթարեն Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները։
«Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի՝ Ադրբեջան այցից հետո։ Այժմ կարծիք կա, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ»,-ասել է Բաքվում Իրանի նախկին դեսպանը։
Այս զարգացումների համատեքստում ռուս-իրանական հարաբերություններում նկատվող լարվածությունից ելնելով՝ որոշ փորձագետներ կարծում են, որ կասկածելի են դառնում ռուս-իրանական ռազմավարական հարաբերությունները և հարցականի տակ է դրվում ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը։
Միջազգային հարաբերությունների և անվտանգային հարցերով փորձագետ, իրանագետ Սոսի Թաթիկյանը նկատում է. «Տեսնում ենք շատ ռադիկալ փոփոխություն այս նարատիվում։ Իրանի կողմից ասվել է բավականին խիստ տոնով, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը Իրանի համար անընդունելի է։ Ես առաջին անգամ եմ տեսնում Ռուսաստանի ու Իրանի միջև այսպիսի մեծ հակասություն։ Առաջին անգամ, համարյա թե առճակատվում է Ռուսաստանի հետ այդ «Զանգեզուրի միջանց» կոչված հասկացության հետ»։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, սակայն, ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին վստահեցրել է, որ, չնայած որոշ անհասկանալի հայտարարություններին, առաջիկայում սպասվում է Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրում՝ ամրապնդելով երկու երկրների կապերը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կլինի հյուրընկալող կողմը, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջին այցը կկատարի ՌԴ»։
Միաժամանակ, Ռուսաստանում Իրանի դեսպանը չի բացառել փաստաթղթի ստորագրման հետաձգումը՝ շեշտելով, որ մինչ օրս որոշում չի կայացվել։