ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բավարա՞ր է արդյոք 12 տարին նոր ատոմակայան ունենալու համար․ հայ–ամերիկյան հետազոտության արդյունքները կամփոփվեն 2025–ին

Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի մասնագետները հայ գործընկերների հետ հետազոտություն են իրականացնում Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունների վերաբերյալ։ Այս մասին «Ռադիոլուրին» փոխանցում են  Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից։ Հետազոտության արդյունքների ամփոփման ժամկետ է սահմանվել 2025 թվականի գարունը։ Օգոստոսի 1–ին կառավարության որոշմամբ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները համակարգելու, մասնագիտական եզրակացություններ տալու համար փակ բաժնետիրական ընկերություն էր ստեղծվել։ Էներգետիկ ոլորտի մասնագետների մի մասը կարծում է, որ նախատեսված մոտ 12 տարին բավարար ժամանակ չէ, և հնարավոր է, որ 2036 թվականին Հայաստանը չհասցնի նոր էներգաբլոկ ունենալ։

Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/ների կառուցման գործընթացի շրջանակներում այս փուլում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ։ Այդ աշխատանքը ԱՄՆ-ի կառավարության պատվերով և հայկական կողմի հետ համագործակցությամբ իրականացնում է ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը։ Հետազոտության նպատակն է պարզել, թե ամերիկյան արտադրողների առաջարկած փոքր մոդուլային կայաններից որն է տեխնոլոգիապես առավելագույնս համապատասխանում Հայաստանի կարիքների բավարարմանը։ Ուսումնասիրությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։ ՀԱԷԿ–ը կաշխատի մինչև 2036 թվականը։ Նոր ատոմակայանի տեսակը որոշելու հարցում Հայաստանն ուշանում է՝ կարծում է ՄԱԿ–ի էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը․

«Կարծում եմ՝ հիմա դա Հայաստանի ամենալուրջ խնդիրներից է։ Մենք օբյեկտիվ պատճառներով երկու–երեք տարի կորցրեցինք։ Հայաստանը կանգնած է այն վտանգի առաջ, որ 2036 թվականին չի ունենա պատրաստ ատոմային բլոկ, որը կկարողանա փոխարինել Հայկական ԱԷԿ–ի երկրորդ բլոկին, որը պետք է շահագործումից դուրս գա»։

Իհարկե, ժամանակ կա, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանն ուշանում է նոր ատոմային բլոկի թե՛ տեխնոլոգիայի ընտրության, թե՛ որոշում կայացնելու հարցում։

Օգոստոսի 1–ին կառավարության որոշմամբ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները համակարգելու, մասնագիտական եզրակացություններ տալու համար փակ բաժնետիրական ընկերություն ստեղծվեց։ Այն աշխատելու է Ատոմային միջազգային գործակալության ուղեցույցով։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան․ «Ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի միջոցներով, այս ՓԲԸ–ն կգործի մեր նախարարության համակարգման ներքո։ Նպատակը հետևյալն է՝ կադրերի համալրումից, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումից հետո, այս կառույցի գործընկերները կառավարությանը եզրակացություն կտան, թե ինչպես շարժվել առաջ՝  հզորության, շինարարությունն սկսելու ու մնացած առումներով։ Այս կազմակերպությունը կդառնա այն կառույցը, որը կիրականացնի ամբողջ շինարարության պրոցեսը՝ որպես իրականացնող պատվիրատու և հսկող մարմին։ Այս կազմակերպությունը կհանդիսանա նոր ատոմակայանի շահագործողը նաև»։

Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը, մոտավոր գնահատմամբ, անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։ Անհրաժեշտ կլինի տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ: Ակնկալվում է, որ տվյալ կազմակերպության ստեղծումից և անձնակազմի համալրումից հետո 1,5-2 տարվա ընթացքում այն կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ էներգետիկ անկախության տեսանկյունից ատոմային էներգաբլոկի առկայությունը Հայաստանի էներգետիկ համակարգում առանցքային նշանակություն ունի։ Այժմ սպասում են, որ կառուցվող էներգաբլոկի հզորությունը, տեսակը որոշի կառավարությունը․

«Միջազգային շուկայում փոքր մոդուլային ռեակտորների հետ կապված այժմ արագ զարգացումներ են ընթանում։ Իմ կարծիքով՝ ավելի նորարարական են։ Կան նաև մեծ հզորությամբ միջուկային բլոկների առաջարկներ»։

Էներգետիկ ցանցերի մասնագետ, փորձագետ Արա Մարջանյանն ընդգծում է՝ այս պահին սեղանին ռեալ մեկ ինժեներական հիմնավորված առաջարկ կա՝ ռուսական տեխնոլոգիաներով ВВР տիպի ռեակտորը, որն առաջարկվում է Հայաստանին

«Աշխարհում այս տիպի ռեատկորները ապացուցել են իրենց անվտանգությունը։ Հայաստանն այստեղ չպետք է հեծանիվ հորինի ու մենք մեզ փորձությունների չտանենք»։

Այս տեխնոլոգիան ճնշման տակ ջրով աշխատող ռեակտոր է, աշխարհում ամենատարածվածն ու մշակվածը։ Մարջանյանը կարծում է, որ առաջիկա 15 տարիներին հենց այս տեխնոլոգիան է մնալու առաջատարը։ Ատոմակայանի գործող էներգաբլոկը կաշխատի նախ՝ մինչև 2026թ, ապա ևս՝ 10 տարի։ Հետո արդեն այն պետք է դուրս գա շահագործումից։ Համենայնդեպս , այս պահին այդպես է հայտարարվում։

Back to top button