Վայոց ձորի մարզի Արենի համայնքի «Արենի վայն» գինուգործարանի բացօթյա տարածքում սեպտեմբերի 14-ին և 15-ին տեղի է ունենալու Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը, որը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը խոսում է փառատոնի առանձնահատկություններից, ռազմավարությունից ու նպատակներից։
Արհեստների միջազգային փառատոնը նպատակ ունի դառնալ տարածաշրջանի համար այցեքարտ՝ նպաստելով համայնքների մշակութային տնտեսական կյանքի զարգացմանն ու ակտիվացմանը, խթանել ոչ նյութական մշակութայի ժառանգության արժևորմանն ու պահպանմանը, ներկայացնել արդի ժողովրդական արհեստները՝ նպաստելով նրանց ճանաչելիությանը։
Նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից է ոչ նյութական մշակութային ժառանգության, այդ թվում՝ արհեստների զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու քայլերը, որոնք սկվում են Հայաստանի բոլոր համայնքներում արհեստների գույքագրումից ու քարտեզագրումից և նպաստում դրա առաջխաղացմանը։
«Արհեստների փառատոնը նպատակ ունի հանրայնացնել այդ հետազոտական աշխատանքը», – ասում է Աստղիկ Մարաբյանը։
Այս տարվա փառատոնն առանձնանում է իր միջազգային, ինստիտուցիոնալ բնույթով, նշում է Մարաբյանը։ Փառատոնի շուրջ համախմբվում են միջազգային մի շարք մշակութային ծրագրեր, որոնք նոր համագործակցությունների հնարավորություններ են ստեղծում, մասնավորապես՝ համադրելով Սևծովյան տարածաշրջանի երկրների մշակութային ներուժը, խթանում են միջմշակութային երկխոսությունների ու նոր հարթակների ձևավորմանն ու զարգացմանը։
Փառատոնին մասնակցելու է շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից: Փառատոնի ընթացքում կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն և այլն:
Երկու օր շարունակ կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար: