Նոր երկրում նոր կյանք սկսելու ցանկությունը և կամքը կարող են իրոք փոխել յուրաքանչյուրին
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երևանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ իրականացվող «Մեկ ընտանիք» քարոզարշավի շրջանակներում այսօր անցկացվեց գեղանկարչության միջոցառում, որի պատանի մասնակիցներն իրենց աշխատանքները նվիրեցին փախստականներին:
Մայրաքաղաքի Անգլիական այգում այսօր նկարչության մեծ տոն էր: Տարբեր տարիքի և տարբեր երկրներից այստեղ հավաքված երեխաները տրվել էին տարերքին և թղթին էին հանձնում իրենց նախընտրած պատկերները։ Օրինակ՝ 9 տարեկան Արենը նկարել է Հայոց եռագույնը: Նշեմ, որ սա միակ դրոշը չէր: Նկատեցի Սիրիայի, Իրաքի, Գերմանիայի դրոշները։ Մի աղջնակ էլ նկարել էր Լիբանանի դրոշը: Պարզվեց, որ նրա ընկերն է այդ երկրից և նույնպես մասնակցում է այս միջոցառմանը: Բեյրութահայ 17-ամյա Ժորժը արդեն 6 ամիս է ինչ հայրենիքում է: Իր պաստառի վրա անգլերենով գրել էր. «Ես մի մասն եմ այս ընտանիքի»։
Մանկական նկարներում անբաժան տեղ էին զբաղեցնում արևը, տունը: Փախստականների զավակները, ովքեր նույնպես մասնակցում էին միջոցառմանը, պատկերում էին գույնզգույն սրտիկներ: Պատանի նկարչուհիներից մեկն իր նկարոմ նաև խոստովանել էր, որ սիրում է Հայաստանը: Մյուսը նկարել էր Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը։
«Հակամարտությունները շատ բացասաբար են ազդում մարդկանց վրա, մասնավորապես՝ երեխաների: Փախստական լինելը դաժան է և վշտալի։ Նոր երկրում նոր կյանք սկսելու ցանկությունը և կամքը կարող են իրոք փոխել յուրաքանչյուրին, դարձնել հասարակության լիարժեք անդամ: Այստեղ երեխաների օգնությամբ մենք կարողանում ենք հասկանալ, թե իրենք ինչ են թողել ետևում, ինչ արժեքների մասին են մտածում: Բայց կան և նկարներ, որտեղ պատկերված է նոր կյանքը, նոր զգացողությունները: Այս ամենի մեջ մեծ խորհուրդ կա»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:
Ի դեպ՝ լավագույն նկարները կհրապարակվեն ՄԱԿ- ի փախստականներ գերագույն հանձնակատարի գրասենյակի պատրատած հաջորդ տարվա օրացույցում: Նախատեսվում է նաև աբողջ հանրապոտությունում իրականացնել երեխաների նկարների շրջիկ ցուցահանդես։