Հիշողության անվճար նոր սրճարան քաղաքի կենտրոնում՝ Պարոնյան 30/2 հասցեում: Այն նախատեսված է հիշողության հետ կապված որոշակի խնդիրներ ունեցող 45-65 տարեկան անձանց համար:
Ծրագիրն իրականացնում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի աջակցությամբ: Մինչ Հիշողության սրճարանի այցելու դառնալը, հիշողության խնդիր ունեցող մարդն անցնում է համապատասխան գնահատում:
Հիշողության սրճարանի աշխատակից Արտաշես Դավթյանը, որ սիրով ու համբերությամբ է աշխատում տարեցների հետ, ասում է, որ դեմենցիա ունեցած իր մոր մասին հիշողություններն են իրեն բերել այս ոլորտ, և տարեցներին գրկելիս, մոր կարոտն է առնում:
«Ծեր, տարեց ու մայրամուտ բառերն այս մարդկանց մասին չեն, պետք է տեսնենք, թե ինչպես են նրանք երգում ու պարում, ինչպես են փորձում մրցել իրենց գիտելիքներով խաղերի ժամանակ»,— ասում է նա՝ միակ դժվարությունը համարելով դեպի սրճարան տանող աստիճանները:
Սոցիալական աշխատող Մարիամ Բադալյանը կարծում է, որ բոլոր այն տարեցները, որ որոշում են կայացնում այցելել Հիշողության սրճարան, արդեն դրական տեղաշարժ ունեն, քանի որ փոփոխությունների ձգտող մարդն անպայման հասնելու է հաջողության:
Համեմատաբար երիտասարդների սրճարանում շեշտը դրվում է հատկապես կոգնիտիվ վարժությունների և ինտելեկտուալ խաղերի վրա:
«Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց հարազատները պետք է չթաքցնեն հիվանդությունը, չհամարեն խարան և անպայման համագործակցեն բժիշկների և մասնագիտացված կազմակերպությունների հետ»,- շեշտում է նա:
Ա.Դավթյանի խոսքերով, հարազատները, որ ուղեկցում են իրենց ընտանիքի անդամին կամ ծնողին, հնարավորություն ունեն միանալ վարժություններին, վայելել սուրճն ու իրենց հուզող հարցերի պատասխանները լսել հարազատներից: