Հարցերն օրակարգում պահել միջազգային կազմակերպությունների միջոցով․ Օկամպոյի ուղերձը՝ ըստ փորձագետի
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 9-ին ժամանելու է Հայաստան՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ու «Ճշմարտություն և արդարություն» կենտրոնի հրավերով։ Մինչ Երևան այցը նա մի քանի օր առաջ երկրորդ բաց նամակն էր հրապարակել, անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների ճակատագրին ու Ալիևի նկրտումներին։ Օկամպոյի համոզմամբ՝ Ադրբեջանում նախատեսված COP 29 համաժողովում պետք է բարձրաձայնել այս հարցերը։
Քիչ հավանական է, որ Ադրբեջանին ուղղված կոչերը որևէ բան փոխեն ալիևյան դիրքորոշման մեջ, կարծում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն իր երկրորդ բաց նամակով խոսում է COP-29-ի հարթակի միջոցով միջազգային հանրությանը բռնագաղթված արցախահայերի վերադարձի, Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատության հարցերը հասանելի դարձնելու մասին։ Վերլուծաբանն այս առումով հիշեցնում է, որ ժամանակին միջազգային դերակատարների կողմից բազմաթիվ կոչեր են հնչել, անգամ միջազգային դատարանի որոշում է եղել Լաչինի միջանցքի վերաբերյալ, սակայն դրանք որևէ կերպ չեն ազդել իրադրության վրա։ Մյուս կողմից, սակայն, Օկամպոն մեծ գործ է կատարում, ըստ նրա, այդ հարցերը մշտական ուշադրության կենտրոնում պահելու առումով․
«Օկամպոյի գործունեության մեջ ինձ համար առանցքային է և առավել ուշագրավը ոչ թե, որ COP-ի ընթացքում մենք բարձրացնենք այդ հարցը։ Ես կասկածում եմ, որ Օկամպոյի հայտարարությունը հենց անմիջապես Հայաստանին է ուղղված, այլ գուցե միջազգային դերակատարների ու ոչ կառավարական կազմակերպությունների՝ մարդասիրական, բնապահպանական և այլն։ Այդ կոչը ուղղված է միջազգային հանրությանը, նկատի ունեմ COP-ին ուղղված կոչը»։
Մի քանի օր առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Բաքվի բանտում պահվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է։ Դա ենթադրում է, որ սկսվելու է հրապարակային դատավարություն։ Փորձագետները կարծում են, որ դատավարությունների ժամանակ հնարավոր է՝ աղմկահարույց հայտարարություններ հնչեն։
Ըստ այդմ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Օկամպոն գրում է, որ եթե հայ գերիները ազատ չարձակվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անտեսվի Ադրբեջանում նոյեմբերին նախատեսված COP-29 համաժողովին մասնակցող պատվիրակների կողմից, ապա Իլհամ Ալիևին հզոր հարթակ կտրվի՝ ողջ Հայաստանը զավթելու իր աշխարհաքաղաքական հավակնությունները բավարարելու համար: Նման սցենարն, ըստ Օկամպոյի, կժխտի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը և պատանդներին կդատապարտի երկարամյա բանտարկության։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ այս հարցում անելիք ունեն հենց միջազգային հանրությունը, մարդասիրական կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները։ Բադալյանն ուշադրություն է դարձնում հատկապես Օկամպոյի այն ձևակերպման վրա, որ Հայաստանի իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում: «Հայությունը Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը, բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը` պաշտպանելու ժողովրդին ու հողը»,-գրում է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը:
«Այսինքն՝ ես հասկանում եմ հետևյալը, որ Օկամպոն արձանագրում է, որ պաշտոնական մակարդակում մի շարք քաղաքական իրողություններից ելնելով, Հայաստանի համար շատ բարդ ու սուղ են հնարավորությունները հարցն անմիջական ակտիվության մեջ պահելու։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ հանրային շրջանակները, այդ թվում և միջազգային գործընկերների օգնությամբ, աջակցությամբ ու ներգրավվածությամբ հարցը պահեն օրակարգում և հարցը պահեն ընդհուպ իրավական կարգավիճակում։ Եվ Օկամպոյի գործունեությունը, իմ գնահատմամբ, շատ կարևոր է նաև հենց այդ տեսանկյունից, այսինքն՝ ինքը հարցը դնում է կոնցեպտուալ առումով և ոչ իրավիճակային»։
Վերլուծաբանը կարծում է, որ եթե COP-29 համաժողովում, օրինակ, հայկական պատվիրակություն ներկա լինի և հարցեր բարձրացնի, ապա շատ մեծ գրոհ կսկսվի ադբեջանական կողմից և նույնիսկ հակառակ արդյունք կարող է գրանցվել։ Բայց, եթե օրինակ ԼՂ ու Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի մասին հարց բարձրացնեն, օրինակ, միջազգային մարդասիրական կառույցները, ապա ավելի արդյունավետ կլինի այդ հարցերն առաջ մղելը։