ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ժամանակավոր, բայց մետաղական․Սանահին կայարանում ավտոմեքենաների հասանելությունն ապահովված է

Մայիսի 25–ին ու 26–ին Դեբեդ ու Աղստև գետերի վարարման հետրանքով քանդված կամուրջների մեծ մասին ժամանակավոր լուծումներ են տրվել։ Միակ հատվածը, որտեղ տրանսպորտային հասանելիություն չկար, Սանահին կայարանի մի հատվածն էր։ Այժմ արդեն այդ հարցն էլ է լուծվել։ Այստեղ մետաղական կոնստրուկցիաներով կառուցված կամուրջ է տեղադրվել։ Սա իրանական կողմի նվերն է Հայաստանին, մասնավորապես, այս համայնքին։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը հայտնել է, որ Ասիական զարգացման բանկին ուսումնասիրություն է պատվիրվել գետի հունի, հենապատերի հետ կապված մասնագիտական կարծիք ունենալու համար։

Լոռու մարզում տեղի ունեցած աղետից ամիսներ անց էլ հիշողությունները մայիսի 25–ի ու 26–ի մասին թարմ են։ Մոտ 2․5 ամիս անց Ալավերդու Սանահին կայարանի բնակիչները հիշում են՝ ինչպես էին մի քանի ժամ ու անգամ օրեր փակված մնացել տներում։ Վարարած Դեբեդի ջուրը լցվել էր թաղամաս ու անհնարին դրաձրել տներից դուրս գալը։ Աննան նման դեպք չի հիշում, միայն գիտի, որ 1960–ականների սկզբին էր մեկ էլ Դեբեդը վարարել․

«Հիշում ենք էն որ, գիշերը 12–ի կողմերում արթնացանք։ Գետը վարարել էր։ Անհույս սպասում էինք, մնացել էինք երկրորդ հարկում փակված։ Մոտավորապես մինչև հաջորդ առավոտ 12 կամ 13 փակված էինք։ Մեզ տարհանեցին, գնացինք բարեկամի տներ, հյուրանոց։ Անցավ գնաց ամեն ինչ»։

Շենքը վթարային է, լսել են՝ գուցե քանդեն, բայց վերջնական որոշում դեռ չկա։ Շենքին դեմ դիմաց գտնվող կամուրջն էր քանդել Դեբեդը, որը Սանահին թաղամասի մի հատվածը մյուսի հետ էր կապում։ Մարդկանց համար ժամանակավոր ճոճվող կամուրջ էին տեղադրել։ Բայց ավտոմեքենաները մայիսի 25–ից մնացել էին գետի մյուս կողմում։

«Հետիոտնի համար նախատեսված կամրջով էինք գնում– գալիս։ Սովորական կամուրջից դժվար էր, բայց դե սովորել էինք։ Ձեռքով առևտուր էինք անում, գնում–գալիս էինք։ Մի քիչ անսովոր էր»։

Այժմ արդեն նույն ճանապարհը կանցնեն ամբողջովին նոր, մետաղական կոնստրուկցիաներով հավաքված կամուրջով։

Իրանն է Հայաստանին նվիրել այդ կամուրջը։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ամփոփում է՝ աղետից հետո մի շարք տեղերում ժամանակավոր կամուրջներ էին տեղադրել․

«Հոբարձի հատվածն է, ժամանակավոր կամուրջ էինք տեղադրել, Ախթալան է, որը յոթ բնակավայրի կապն էր ապահովում, Խաշթառակն է, որը ժամանակավոր կամուրջ ունի․ Այրումում կա, որը երկաթգծինն է, վերափոխեցինք մեքենաների համար կամուրջ դարձրեցինք։ Վերջերս Ախթալայի կամուրջը նորից ենք վերափոխել, եթե մինչև հիմա կարող էին մեքենաները 25 տոննա բեռնվածքով անցնել, ապա այժմ 35 տոննա է։ Այդ բոլոր հատվածների համար տեղական ու դրսի կազմակերպությունների հետ տարբեր նախագծեր ենք անում, փորձում ենք նոր կամուրջներ կառուցել»։

Քարկոփում ու Այրումի մի հատվածում ժամանակավոր կամուրջներ են, մինչև նորերը նախագծվեն։ Սանահինում տեղադրված մետաղական կամուրջը նույնպես ժամանակավոր է, քանի որ այն հնարավոր է  քանդել ու հավաքել, բայց կարող է նաև որպես հիմնական կամուրջ ծառայել։ Հայաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին նշում է՝ երկու երկրների միջև համագործակցության ներուժը մեծ է, համագործակցություն ունեցող ոլորտները կարող են առևտրային, տնտեսական ու քաղաքական հարաբերութւոնների զարգացման հիմք դառնալ․

«Մեր երկրի ղեկավարությունը մոտավորպես 3 մլրդ դոլար ծավալով երկու երկրների միջև համագործակցություն է նախատեսել, ու մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ։ Երկու երկրների հարաբերություններում մեզ լուսավոր ապագա է սպասվում։ Մենք հաստատակամ ենք, որ ամբողջ ներուժը օգտագործենք»։

Մայիսի 25–ին, 26–ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո երկու միջպետական՝ Մ6 և Մ4 ճանապարհների քանդված հատվածներում ժամանակավոր ու հիմնական լուծումներ են տրվել՝ քարային ու գրունտային նյութերով։ Այժմ ասֆալտապատում են։ Բայց ՏԿԵ նախարարն ասում է, որ Ասիական զարգացման բանկին ուսումնասիրություն են պատվիրել գետի հունի, հենապատերի հետ կապված մասնագիտական կարծիք ունենալու համար․

«Ինչի արդյունքում վերջնականապես ամբողջովին կվերականգնենք։ Մենք այժմ կասֆալտապատենք, մարդիկ կանցնեն, բայց սա վերջնական աշխատանք չէ»։

Վնասները գույքագրելուց հետո այժմ արդեն դրանք վերականգնելու փուլն է։

Back to top button