ՀՀ–ի մասին երազանքները, այդ թվում` «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա. Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում այսօր կրկին վերահաստատել է, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը «կարմիր գիծ է», և որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։ Դեսպան Սոբհանին նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում, ներառյալ «միջանցքի» գաղափարը, անընդունելի է Իրանի համար։ Հիշեցնելով, որ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է իր դիրքորոշումը, հայտարարելով, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից, դեսպան Սոբհանին շեշտել է նաև, որ Իրանը կողմ է բացառապես Հայաստանի կառավարության կողմից ճանապարհների վերահսկողության իրականացմանը ու դեմ է օտարերկրյա ներկայությանը Սյունիքում։
Վերջին օրերի զարգացումները, ըստ փորձագետների, համընկնում են Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների լարվածության և ԵՄ դիտորդական առաքելության շուրջ քննարկումների հետ։
Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ՝ այսօր կրկին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին.
«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում՝ այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»։
Դեսպան Սոբհանին ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը: Նա ընդգծել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է արտատարածքային միջանցքի բացմանը Հայաստանի տարածքով։
Դեսպանը հիշեցրել է նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուլիսյան հայտարարությունը, որն ընդգծում է Թեհրանի դիրքորոշումը՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից։
«Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը անընդունելի է, և հայ-իրանական հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից»,- հայտարարել էր Իրանի Գերագույն առաջնորդը, երբ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողության շրջանակներում ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մեկնաբանելով իրանական կողմի հերթական հայտարարությունները, իրանագետները նկատում են, որ Իրանը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես միջազգային սահմանների և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում։ Փորձագետները համակարծիք են, որ Իրանը «Զանգեզուրի միջանցքն» ընկալում է որպես միջազգային սահմանների և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում, այդ պատճառով էլ հայտարարում է, որ այդ գաղափարը չի բխում Հայաստանի շահերից։
«Իրանը բոլոր հարթակներով փորձել է զգուշացնել, իր դիվանագիտական հարթակներում մեծ ջանք է գործադրել, զորավարժությունների միջոցով է փորձել մեսիջներ ուղարկել և բոլոր սցենարները Իրանի սեղանի վրա են։ Եվ Իրանը բոլոր սցենարների համար պատրաստ է։ Իրանի համար անընդունելի է նման միջանցքը և ոչ մի դեպքում թույլ չի տալու, որ նման միջանցք ստեղծվի»։
Իրանագետները նկատում են, որ Թեհրանը բազմիցս շեշտել է իր դիրքորոշումը, որը համակարգային է և բխում է Իրանի պետական շահերից։
Թեհրանը նաև դեմ է օտարերկրացիների կողմից Սյունիքում կոմունիկացիաների վերահսկմանը։ Դեսպան Սոբհանին նաև շեշտել է՝ Իրանը կողմ է, որ ճանապարհների վերահսկողությունը իրականացնի Հայաստանի կառավարությունը։ Դիվանագետը նաև հաստատել է, որ Թուրքիայում կայանալիք «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպման ամսաթիվը շուտով կհրապարակվի։
Փորձագետներն ուշագրավ են համարում նաև այս ամենի համատեքստում վերջին շրջանում ռուս-իրանական լարվածությունը և ԵՄ առաքելության դերի վերաբերյալ հայտարարությունները։ Միջազգային հարաբերությունների և անվտանգային հարցերով փորձագետ, իրանագետ Սոսի Թաթիկյանը նկատում է, որ Իրանը, առճակատվելով Ռուսաստանի հետ, կտրուկ մերժել է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, ինչը լուրջ հակասություն է առաջացրել Մոսկվայի և Թեհրանի միջև։
«Փորձում են Իրանի հետ հակասություն առաջացնել այն համատեքստում, երբ Իրանի կողմից Ռուսաստանի դեսպանին ասվել է բավական խիստ տոնով, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը Իրանի համար անընդունելի է։ Ես առաջին անգամ եմ տեսնում Ռուսաստանի ու Իրանի միջև այսպիսի մեծ հակասություն։ Տեսնում ենք շատ ռադիկալ փոփոխություն այս նարատիվում»։
Փորձագետը նաև ընդգծում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային պատերազմ են վարում ԵՄ դիտորդական առաքելության դեմ, որը զսպում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան։ Թաթիկյանի կարծիքով, եթե ԵՄ առաքելությունը չլիներ, Հայաստանը կարող էր տարածքներ կորցնել։
«Հիմա մենք տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ, ինչքան էլ տարօրինակ կարող է թվալ, Իրանը ավելի համարժեք մոտեցումներ ունի նույն Եվրամիության հետ՝ մեր հարցում, քան թե Ռուսաստանը։ Առաջին անգամ, համարյա թե, առճակատվում է Ռուսաստանի հետ, այդ «Զանգեզուրի միջանցք» կոչված հասկացության հետ։ Ռուսաստանը փորձում է Հայաստանի ու Իրանի, Եվրամիության և Իրանի միջև ստեղծել հակասություն, որպեսզի Իրանի վրա ճնշում գործադրեն և Իրանի տեսանկյունը, դիրքորոշումը այս հարցում փոխեն»:
Փորձագետը նկատում է նաև, որ ԵՄ դիտորդներին հեռացնելու Ադրբեջանի պնդումները Հայաստանի նկատմամբ ագրեսիան շարունակելու նպատակ ունեն։