Որտեղ էլ ելութ ունենամ, իմ մենահամերգներն ավարտում եմ «Կռունկ»-ով»․ օպերային աստղ Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը Երևանում է
Երաժշտական քննադատները նրան անվանում են մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո: Նա ներկայանում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերի լեփ-լեցուն դահլիճներում ու գերում հանդիսատեսին։ Օպերային աստղ Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը փայլել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Լոնդոնի «Քովենտ գարդենում», Փարիզի «Բաստիլ» օպերային բեմերում: Աշխարհահռչակ երգչուհին Երևանում է և սեպտեմբերի 7-ին ու 11-ին ներկայանալու է հայ հանդիսատեսին։
Բալետի պարուհու նրա երազանքը այդպես էլ անկատար մնաց։ «Հայրս ավելի շուտ ինքնասպանություն կգործեր, քան ինձ թույլ կտար սովորել բալետի դպրոցում, ասում էր՝ հայ աղջկան վայել չէ ոտքերը բարձրացնել տղամարդկանց ներկայությամբ», – ասում է օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանը։ Նա բալետի արտիստ չդարձավ, բայց աշխարհի բոլոր կարևոր բեմերում գրավեց իր անզուգական ձայնի ելևէջներով:
«Ուրախ եմ լինել իմ պատմական հայրենիքում։ Միայն հայկական օդն ինձն արդեն երջանկացնում է, տանում մանկություն, իմ մեջ արթնացնում մանկական հուշեր։ Մայրս ուզում էր, որ ես մկրտվեի Էջմիածնում ու ինձ պետք է մկրտեր Վազգեն Առաջին կաթողիկոսը, բայց այդ ժամանակ Սովետական Միություն էր, ու ես ասացի՝ ոչ»։
Գուլեգինան անկեղծանում է՝ անգամ ռուբինի քարով խաչը նրան չգայթակղեց, որ մկրտվի, բայց հետո մկրտվեց։ Նրա նախնիներն Էրզրումից և Վանից են: Տատն ու պապը հանդիպել են Ախալցխայում, սակայն Գուլեգինան ծնվել է Օդեսայում։ Այժմ ապրում է Լյուքսենբուրգում, բայց չի մոռանում Ախալցխայում անցկացրած տարիները։ 18 տարեկանում ասմուսնացավ հայ տղայի հետ ու ինչպես ինքն է պատմում, Օդեսայի պես հարուստ մշակության քաղաքից տեղափոխվեց գավառ ու բախվեց սովորական հայ տանտիկին լինելու գաղափարին։
«Սկեսուրս ասում էր, որ երգելը հայ կնոջը վայել չէ, որ հայ կնոջ տեղը խոհանուցում է, այլ՝ ոչ թե բեմում։ Ես առավոտյան արթնանում էի, հավերին էին կերակրում, հետո տան բակը ավլում։ Ես ինձ ճնշված էի զգում այդ ընտանիքում, սկեսուրս ինձ ատում էր, ու միայն սկեսայրս էր ինձ հասկանում։ Նա բոլորից գաղտնի ձայնասկավառկներ էր նվիրում՝ Պավել Լիսիցյանի, Գոհար Գասպարյանի։ Նա ինձ ասում էր՝ աղջիկս ոչ մեկի մի լսիր, երգիր, եթե դա է քո ուզածը։ Ու մի օր ես հասկացա, որ կամ պետք է հավ կերակրող լինեմ, կամ երգչուհի։ Ընտրեցի երկրորդը։ Մի օր որոշեցի, որ պարզապես իրավունք չունեմ կործանել տաղանդս: Չէ՞ որ հայերը փոքրաթիվ են: Պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե ամեն տաղանդավոր հայ հավ կերակրի` իր վրա աշխատելու փոխարեն»:
Երբ երիտասարդ աղջնակը ծնողներին հայտնեց երգչուհի դառնալու ցանկություն մասին, հայրը համաձայնեց մի պայմանով՝ եթե երգի Գոհար Գասպարյանի նման։
«Մայրս ուկրաինուհի է, բայց ես ինձ միշտ հայ եմ զգացել։ Ես մեծացել եմ՝ Հայաստանի պատմության մասին գրքեր կարդալով։ Հայրս մշտապես պատմում էր հայերի մասին ու ասում ամենագլխավորը՝ դու հայուհի ես, մենք քիչ ենք, բայց մենք հայ ենք։ Որտեղ էլ ելութ եմ ունենում, միշտ իմ մենահամերգներն ավարտում եմ «Կռունկ»-ով» ։
Աշխարհահռչակ սոպրանոն ասում է, որ իր բոլոր այցերը հայրենիք հիշարժան են եղել։ 1985 թ–ին՝ Գլինկայի անվան միջազգային մրցութից հետո, Երևանում հանգիստ չէր կարողանում քայլել․ բոլորը ճանաչում էին նրան՝ անգամ տաքսու վարորդները։
«Այդ ժամանակ ես կարծես հերոսուհի լինեի, քայլում էի փողոցներով, բոլորը ինձ մոտենում էին, ժպտում, մեքենաները կանգնում էին, ուզում էին ինձ ճանապարհել։ Ես երիտասարդ էի ու գիտեի, որ անծանոթների մեքենաները չպետք է նստել»։
Սեպտեմբերի 7-ին և 11-ին Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանը երևանյան հանդիասատեսին կներկայանա հոբելյանական ներկայացմամբ և գալա համերգով։ Սեպտեմբերի 7-ին օպերային թատրոնի բեմում հանդես կգա Ջակոմո Պուչինիի արքայադուստր Տուրանդոտի դերով, սեպտեմբերի 11-ին՝ գալա համերգով։
Համերգի բացմանը կկատարի Դեզդեմոնայի դերերից երկու հատված՝ ի պատիվ և ի հիշատակ իր լավ ընկերոջ՝ օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի։
«Երբ ես գալիս էի Հայաստան, նա միշտ ինձ դիմավորում էր, հյուրընկալում իր տանը։ Վերջին այցիս ժամանակ նա ինձ նվիրեց սրբապատկեր, որն այժմ իմ տանն է»,- հիշեց Մարիա Գուլեգինան։
Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է նաև «Մարիա Գուլեգինայի անվան վոկալի միջազգային մրցույթը», որը հնարավորություն կտա մասնակիցներին բացահայտելու իրենց ստեղծագործական ներուժը։
Մրցույթի տնօրեն Պոլինա Դի Գրանդեն․ «Մենք առաջիկա համերգներին շատ հանգամանալից ենք պատրաստվել։ Երբ այս մտահղացմամբ դիմեցի օպերային թատրոնի ղեկավարությանը, մեծ ոգևորությամբ ընդունվեց ու սկսեցին աջակցել մեջ։ Նման մրցույթ անցկացնելը կարևոր քայլ է Հայաստանի համար, միջազգային երաժշատական աշխարհի համար կարևոր իրադարձություն է»,- ասաց Պոլինա Դի Գրանդեն։
Մրցույթին հատուկ մրցանակ կսահմանվի՝ նվիրված օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանին։