Կոմիտասի 155-ամյակը նշանակալից իրադարձություն է հայկական երաժշտության համար։ Հոբելյանական տարին հարուստ է բազմաթիվ նախաձեռնություններով, միջոցառումներով և համերգներով։
Երևանի քաղաքապետարանը, Կոմիտասի 155-ամյակի հետ կապված, նախաձեռնեց մի շարք ծրագրեր․ այդ թվում պատվիրեց կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանին մշակել Կոմիտասի 30-ից ավել խմբերգեր մանկական երգչախմբի համար և կազմակերպեց աննախադեպ համերգ և պարտիտուրի շնորհանդես։
«Աշխատանքը մի քանի ամիս տևեց։ 200 Կոմիտասյան երգերից ընտրեցի 31-ը և մշակեցի երգչախմբի և հարվածայինների համար», — ասում է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը։
Եվ ահա Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում, 2024-ի հուլիսին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի բեմում, Երևանի շուրջ 250 աշակերտների՝ 18 դպրոցական երգչախմբերի սաների հավաքական երգչախումբի կատարմամբ՝ խմբավար Մարիա Գալստյան, հնչեց Ավետիս Բերբերյանի «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հրատարակվել է նաև «Կոմիտասական»-ի պարտիտուրն ու կլավիրը, որը տրամադրվելու է Հայաստանի և Սփյուռքի մշակութային կազմակերպություններին, երաժշտական և արվեստի դպրոցներին, մանկապատանեկան երգչախմբերին:
Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժինը՝ Էդգար Հովհաննիսյանի դասարանը։ Եղել է «Մետրո» թատրոնի երաժշտական ղեկավարը, որտեղ ստեղծել է մի քանի երաժշտական ներկայացում՝ «Տերն ու ծառան», «Կախարդված արքայազնը» և այլն։
1988 թվականին հրավիրվել է Մոսկվա`աշխատելու ռուս ռեժիսոր Վիշնևսկու հետ և ստեղծել է «Տեր, փրկյա նրանց» վավերագրական ֆիլմի երաժշտությունը՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։
1989 թվականին աշխատել է Երևանի Արվեստի կենտրոնում, որտեղ հիմնադրել է «Երիտասարդ տաղանդների կամերային նվագախումբ»-ն ու «Մանկական ջազային երգչախումբ»-ը։ Խմբերը մասնակցել են բազմաթիվ երաժշտական փառատոների Խորհրդային Միությունում՝ ստանալով մի քանի մրցանակներ։ 1
991 թվականին մանկական ջազային նվագախումբը Թբիլիսիում շահել է գլխավոր մրցանակ՝ որպես «Կովկասի լավագույն մանկական երգչախումբ»։
1993-2000 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում` որպես համերգա-հյուրախաղային բաժնի տնօրեն։
Ավետիս Բերբերյանը ստեղծել է բազմաթիվ երաժշտական գործեր սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար, հեղինակել է երկու օրհներգեր՝ Շուշիի հիմնը (2012) և Արտաշատ քաղաքի հիմնը (2012)։
2011 թվականին, ԱՄՆ Օքլանդ Իսթ Բեյ Սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ աշխարհահռչակ Paramount Theater դահլիճում, հնչել են Ավետիս Բերբերյանի ստեղծագործությունները։