Հանրահայտ կոմպոզիտոր, դիրիժոր, Կոնսերվատորիայի պրոֆեսոր, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մանվել Բեգլարյանը մեծ ավանդ ունի հայ ազգային երաժշտության զարգացման պատմության մեջ։ Կոմպոզիտորի որդին՝ Դավիթ Բեգլարյանը, և թոռնիկները ևս երաժիշտներ են։ Մյուս որդին՝ Մհեր Բեգլարյանը ևս երաժշտական կրթություն ունի, սակայն նաև հասարակական լայն գործունեությամբ է զբաղվել՝ քսան տարի ղեկավարել է Հեսսենի հայ մշակութային միությունը։ Թոռնուհիներից Աստղիկ Բեգլարյանը դաշնակահարուհի է և հանրահայտ պապի դաշնամուրային ստեղծագործությունները մեծ ոգեշնչմամբ ներկայացնում է օտարերկրյա հանրությանը։
1915 թվականի ցեղասպանության տարիներին Վանի Այգեստաններից շատերը գաղթեցին Թբիլիսի։ Նրանցից էին Բեգլարյանները։ Կարապետ և Աստղիկ Բեգլարյանները տասը տարի այստեղ մնալուց հետո անցան Արևելյան Հայաստան։
Կարապետ Բեգլարյանը, որպես բժիշկ-գինեկոլոգ, աշխատանքի անցավ Ջերմուկում, և շուտով իր կազմակերպչական աշխատանքի շնորհիվ նա դարձավ առողջարանի հիմնադիրներից մեկը, ստեղծեց բուժման նոր եղանակներ, աշխատեց առողջարանի գլխավոր բժիշկ և արժանացավ Խորհրդային Հայաստանի վաստակավոր բժշկի պատվավոր կոչմանը։ Բժիշկը նաև թառ էր նվագում ու իր երեխաների մեջ էլ սերմանում էր սեր դեպի երաժշտությունը։
Մանվել Բեգլարյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Բժշկական ինստիտուտ՝ ցանկանալով շարունակել հոր ճանապարհը, սակայն սերը դեպի երաժշտությունը գերիշխեց, և երկու տարի հետո թողեց Բժշկական ինստիտուտը և ամբողջովին նվիրվեց երաժշտությանը։
Ավարտեց Կոնսերվատորիան՝ դառնալով ջութակահար, տարիների ընթացքում պատրաստեց մի քանի հարյուր աշակերտներ, որոնք դարձան փայլուն կատարողներ։
Երաժշտական աշխարհը նրան տանում էր ու տանում. հետո ընդունվեց Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին։ Ահա և այդ ժամանակ ծնվեցին նրա դաշնամուրային ֆուգաները և սկիզբ առան պրելյուդները, վարիացիաները, որոնք հետագայում տեղ գտան նրա շատ շնորհալի թոռնիկի՝ Աստղիկ Բեգլարյանի ձայներիզում։
2014 թվականն էր, երբ Աստղիկը Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում համերգ կազմակերպեց պապիկի 100-ամյա հոբելյանի առիթով։
2022 թվականին Աստղիկի և կոմպոզիտոր Արտեմ Ղաչատուրի նախաձեռնությամբ Մանվել Բեգլարյանի 100-ամյակին ընդառաջ նորովի կատարվեց և նկարահանվեց նրա՝ ժողովրդական գործիքների նվագախմբի ու սանթուրի, քանոնի համար գրված «Կոնցերտինո» գեղեցիկ ստեղծագործությունը։ Այս գեղեցիկ ստեղծագործությունը ժամանակին կատարել են Մանվել Բեգլարյանի ավագ որդին՝ Դավիթ Բեգլարյանը և ՀՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանը։
Մանվել Բեգլարյանը գրեց սիմֆոնիկ և ժողովրդական տարբեր գործիքների համար գրված ստեղծագործություններ, նախաձեռնեց տարբեր ասպարեզներում խմբավարական և մանկավարժական աշխատանք, նույնիսկ ղեկավարեց վոկալ-գործիքային էստրադային և ջազային «Յունոստ» անսամբլը, որի մենակատարներից էին Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը և մյուս հայտնի արվեստագետները, իսկ 1974 թվականից մինչև 1992 թվականը աշխատեց Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում՝ որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
Մանվել Բեգլարյանի հետ աշխատել և ստեղծագործական բեղմնավոր ուղի է անցել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, որը փայլուն հիշողություններ ունի մեծ արվեստագետի մասին։ Երգիչը, չնայած իր մեծ տաղանդին, որը շատ բարձր էր գնահատված Բեգլարյանի կողմից, նաև իրեն պարտական է համարում նշանավոր արտիստին՝ նրան համարելով և՛ մեծ ուսուցիչ, և ՛մեծ կոմպոզիտոր, որ կարողացավ ցույց տալ հայ ժողովրդական երգի ողջ հմայքը։ «Փնջլիկ-Մնջլիկ» երգը, որը Մանվել Բեգլարյանը գրի էր առել իր տատիկից, հետագայում անմահացավ Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում։
Այս ընտանիքի հետ սերտ կապի մեջ է եղել բանաստեղծ-թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը։ Նրա զրույցները մեծ արվեստագետի հետ հուզիչ են և ուսուցողական։ Նա Գերմանիայում հյուր է եղել Մհերի ընտանիքում, ներկա է գտնվել դստրերի համերգներին և մեծ բավականությամբ ունկնդրել։
Վանեն ու Արևիկը նույնպես ծնվել և մեծացել են Գերմանիայում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, երաժշտական կրթություն են ստացել այստեղ, մնացել են հայեցի։
Ողջ գերդաստանը երախտագիտությամբ լցվեց՝ տեսնելով իրենց Լեռ Կամսար հասցեում գտնվող տան պատին «Մանվել Բեգլարյան» հուշատախտակը։ Ընտանիքն այսօր սկսել է Մանվել Բեգլարյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերի տարածումը։
Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը նրան այս խոսքերն է ուղղել. «Դու, Մանվե՛լ Բեգլարյան, այս մագիլավոր դարում մագիլներ չունեցար, չկարողացար քեզ պարտադրել, ներկայացնել ինչպես հարկն է, բայց ժամանակը կգա ու մարդիկ կգնահատեն քո մեծ վաստակը»։