Սեպտեմբերի 3-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) միջև փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հուշագրով 2023 թվականի հունվարից Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող, Կառավարության 355-Լ որոշմամբ հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի թվային հարթակի հեղինակային իրավունքը Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության կողմից փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը։ Թվային հարթակի մշակումը իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության ֆինանսավորմամբ։
Թվային հարթակի օգտագործումը էապես կբարձրացնի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը՝ հեշտացնելով և պարզեցնելով կազմակերպությունների կողմից դիմումների ներկայացման և դրանց ստուգման գործընթացները։