ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պատվաստանյութ չկա, մարդը մարդուն չի վարակում․ ի՞նչ պետք է իմանալ Արևտմյան Նեղոսի մասին

Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնն ամենաշաբաթյա պարբերականությամբ թարմացնում է Արևմտյան Նեղոսով հիվանդացության տվյալները։  Նախորդ տարվանից Հայաստանում վիրուսի հետազոտությունները վերսկսվել են, բայց միայն այս տարվա հուլիսին է պարզվել, որ Արագածոտնի մարզում 5 մոծակ ունի այդ հարուցիչը։ Առաջին նմուշը ստացվել է  օգոստոսի 7-ին։ Կրկնակի հետազոտությունից հետո վարակը հաստատվել է։ Հայաստանում վերջին ՝ րոպեներ առաջ հրապարակած  տվյալներով  հաստատվել է Արևմտյան Նեղոսի  92  դեպք։ Վերջին մեկ շաբաթում 17 նոր դեպք է գրանցվել։ 

Արևմտյան Նեղոսի մասին Հայաստանում գիտեն արդեն մոտ 4 տասնամյակ, բայց առաջին դեպքը գրանցվեց այս տարվա հուլիսին, Արագածոտնի մարզում։ Արևմտյան Նեղոսը աբրովիրուս է։  Հայաստանում դրա հետազոտությունը շատ ավելի վաղ՝ 1985–1999 թվականներին է սկսվել։ Գիտական խմբի անդամներից մեկը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանը, «Ռադիոլուրի» զրուցակիցն է։  

«Հայաստանի 10 մարզերից 8-ում անջատվել են արբովիրուսային տարբեր հարուցիչներ։ Առավել մեծ տարածում ունենք Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, որտեղ փոխանցողները եղել են մոծակները, իսկ Կոտայքի մարզում՝ տզերը։ Լոռիում և Շիրակում չենք հայտնաբերել հարուցիչներ։ Առաջին անգամ Հայաստանում մենք անջատել ենք Արևմտյան Նեղոսի տենդի 22 շտամ՝ մոծակներից, և ընդամենը 4 շտամ՝ տզերից։ Այդ պատճառով շեշտը դնում ենք հիմնականում մոծակների վրա»։

Վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Արբովիրուսները փոխանցվում են կենդանի փոխանցողների, հիմնականում տզերի և մոծակների միջոցով։ Գոյություն ունի արբովիրուսների 500-ից ավելի տեսակ, որոնցից 100-ից ավելին պաթոգեն են մարդու համար։

«Բնական օջախները կարող են ննջել․ չակտիվանա ու որոշակի պայմանների առկայության դեպքում նորից ակտիվանալ ու առաջացնել հիվանդություն։ Սա նոր բան չէ»։

Այս անգամ Արևմտյան Նեղոսի տենդի ակտիվացմանը նպաստել են կլիմայի փոփոխությունը՝ շոգը, երկարատև անձրևները, չվող թռչունները։

«Մարդը  մարդուն չի  վարակում, հնարավոր է մարդուց մարդուն անցնի այս վիրուսը միայն հետևյալ դեպքերում՝ օրգանների փոխպատվաստում, արյան ներկարակում, և հղիության  ժամանակ՝ ուղղահայաց՝ մորից պտղին փոխանցում»։

Ըստ ԱՀԿ տվյալների՝ այս հիվանդությունը հիմնականում ընթանում է անախտանիշ, բայց կարող է առաջացնել և ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահվան դեպքեր։ Արևմտյան Նեղոսի տենդը կարելի է գտնել ԱՀԿ հատուկ վտանգավոր վարակների ցանկում։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանն ընդգծում է՝ վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում առաջին անգամ է արձանագրվում։ Եթե առողջ մարդկանց մոտ հիվանդությունը հիմնականում աննկատ է անցնում, ապա ծանր և քրոնիկ հիվանդություն ունեցողները պետք է զգուշանան։ Թիրախում հենց նրանք են։

«Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ կամ հատուկ դեղամիջոց չկա։ 80 տոկոս դեպքերում գրեթե առանց ախտանիշի է ընթանում ու բուժօգնության դիմելու համար որևէ գանգատ չի լինում։ Ծանր դեպքերում ախտահարվում է մարդկանց նյարդային համակարգը։ Հոսպիտալացված պացիենտների մոտ հիմնականում ինտոքսիկացիոն հիվանդություններին բնորոշ երևույթներ են գրանցվում»։

Պատվաստանյութ չկա, բայց կան միջոցներ, որոնցով հնարավոր է կանխարգելել։ Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյան․ «Ցանցապատում պատուհանների, դռների, հոտով քսուքների օգտագործում, որ մոծակնեը չմոտենան։ Դրանք են հիմնական պաշտպանիչ մեթոդները»։

Մասնագետը փաստում է՝ բնական օջախները վերացնել հնարավոր չէ, քանի որ դրանք կարող են տասամյակներ շարունակ քնած լինել։ Կարծում է՝ նոր հետազոտության կարիք կա պարզելու, թե ինչ իրավիճակ է մարզերում։

Back to top button