Սփյուռքի ձայնը

Հայրենադարձության ճանապարհին ծագող խնդիրները ժամանակավոր են ու լուծելի. «Սփյուռքի ձայնը»

ԱՄՆ-ից Կանադա և Ավստրալիա, Եվրոպայից մինչև հետխորհրդային երկրներ. հայրենադարձվել ցանկացող հայերի խնդիրները տարբեր են և յուրահատուկ: «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ծրագրերն ուղղված են բոլոր տարածաշրջանների հայության հայրենադարձությունը դյուրին դարձնելուն», –  ասում է վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը և փաստում, որ տարբեր երկրներից Հայաստան տեղափոխվող հայերի խնդիրներն իրենց աշխատանքներում ընդգրկված են, դրանք իրականացվում են թե՛ տեղում` հայրենադարձների և տարբեր գերատեսչությունների հանդիպումների  ընթացքում, թե՛ օնլայն հարթակների միջոցով:

«Հետխորհրդային երկրներից Հայաստանում հաստատվել ցանկացողներն ազգությունը հաստատելու բարդություններ չունեն, իսկ այսօր շատ կոնֆլիկտային տարածաշրջաններից Հայաստան տեղափոխվողների թիվը փոքր չէ: Իսկ այն երկրներում, որտեղ անձնագրերում նշումներ չկան ազգության ու պատկանելության մասին, օգնության է հասնում մկրտության փաստաթուղթը, որը ազգային պատկանելության հիմք է հանդիսանում», — ասում է Հովհաննես Ալեքսանյանը և նշում այն կարևոր գործընթացներն ու քալերի հաջորդականությունը, որոնք իրականացնելով՝ հայրենադարձություն և քաղաքացիություն ստացող անձը կկանխի հավելյալ խոչընդոտները:

Հայրենադարձների ինտեգրման վարչությունը, ունենալով սեփական աշխատելաոճ ու քաղաքականություն, նաև ուսումնասիրում է այլ երկրների փորձն ու գործողությունները:


«Մեր աշխատանքները հաճախ են քննադատվում, սակայն պետք է նշեմ, որ մեր վարչության աշխատանքները վերջերս այլ երկրների համապատասխան վարչությունների ուշադրության կենտրոնում են հայտնվել: Մենք որոշ ժամանակ առաջ երկկողմանի հանդիպում ենք ունեցել Վրաստանի պատվիրակության, իսկ դրանից առաջ՝ Եգիպտոսի պատվիրակության հետ: Նրանք զարմացած էին մեր աշխատանքով ու կարճ ժամանակահատվածում որդեգրած ռազմավարությամբ: Նման հանդիպումները կարևոր են երկկողմանի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար»:

Back to top button