Հատվող եթեր

Արհեստների միջազգային 3-րդ փառատոն. արհեստի ու արվեստի մի մեծ տոն և մշակութային հարթակ. «Հատվող եթեր»

Սեպտեմբերի 14-15-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում կազմակերպում են Արհեստների միջազգային 3-րդ փառատոնը։ 

Անչափ առանձնահատուկ փառատոն, որը ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է։ Իրականացվելով ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝  նպաստում է համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, արհեստների զարգացմանը, միջմշակութային երկխոսությանն ու մշակութային զբոսաշրջության զարգացմանը։

Փառատոնին կմասնակցեն  շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից՝ Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա։

Փառատոնի ընթացքում կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն։ Բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար, իսկ փառատոնի համն ու հոտը կընդգծեն  Վայոց ձորի այցեքարտ համարվող գինին ու վայրին բնորոշ ավանդական ուտեստները. այցելուները տեղում հնարավորություն կունենան համտեսելու և ծանոթանալու հայկական գինու պատրաստման ավանդույթներին։

Զրույց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի հետ:

Back to top button