ԿարևորՔաղաքական

Դ. Աֆենտուլի. «ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ չունի, հետեւաբար՝ նոր մոտեցումներ էլ լինել չեն կարող»

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանն արդեն 20 տարի է անդամակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Այս առիթով տպագրվել է «Հայաստան-ՆԱՏՕ նորագույն պատմություն» գրքույկը, որն ամփոփ ներկայացնում է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները, որոնք տարածվում են բազմաթիվ ոլորտների վրա: Լրագրողներն այսօր գրքի շնորհանդեսի առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի ներկայացուցչից փորձել են ճշտել` արդյո՞ք այդ կառույցում կան դիրքորոշման փոփոխություններ Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանին սատարող Թուրքիայի հանդեպ, եւ ուկրաինական իրադարձությունների համատեքստում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդյո՞ք կարող են ազդել նաեւ ՀԱՊԿ անդամ այլ երկրների հետ հարաբերությունների վրա: 

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությունը վերջին 20 տարիներին միայն զարգացում է ապրել: «Այդ հարաբերությունները հիմնված են ուղիղ երկխոսության եւ համագործակցության վրա»,-ասում է ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին: Հայաստանն այս կառույցի հետ գործակցում է ոչ միայն պաշտպանական ոլորտում` պարբերաբար խաղաղապահ ուժեր ուղարկելով, մասնավորապես, Աֆղանստան, այլև տարածաշրջանային անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերում։

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործակցությունն ընթանում է Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Դեսպինա Աֆենտուլին շեշտում է, որ իր ներկայացրած կառույցն ամենայն հարգանքով է վերաբերվում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ քաղաքականությունից մինչեւ գիտություն եւ արտակարգ իրավիճակների կանխում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը մեր երկրում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերից օրինակ է բերում. «ԱԻՆ իրավիճակային կենտրոնի հատուկ արձագանքման ծառայությունը գործում է ՆԱՏՕ-ի աջակցությամբ: Այն օգնում է օձերին տարբեր տարածքներից դուրս բերելուց մինչեւ տարբեր վթարների եւ այլնի դեպքում»։

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպումն առիթ էր` հետաքրքրվելու` արդյո՞ք այս կառույցում կա կամ սպասվում է քաղաքական հարաբերությունների վերանայում ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի հետ, որը Հայաստանին մշտապես պատերազմով սպառնացող Ադրբեջանի ռազմական գործընկերն է ու ռազմական նոր դաշինքի է պատրաստվում նույն ագրեսիվ վարք դրսեւորող Ադրբեջանի հետ: «ՆԱՏՕ-ի անդամ երկրներն իրենք կարող են որոշել իրենց արտաքին քաղաքականության գերակայությունները»,- նկատում է Դեսպինա Աֆենտուլին: Իրենց համար դա ընդունելի է մինչեւ այն պահը, քանի այդ գերակայություններին չեն հակասում ՆԱՏՕ-ի հիմնարար դրույթներին: Երբ նման պահ գա, անդամ երկրները պետք է հարգեն ՆԱՏՕ-ի սկզբունքները»։

Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի Հայաստանի դեմ, դուրս կգա, որ բախվում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի քաղաքական սկզբունքները: Հայաստանը որպես ՀԱՊԿ հիմնադիր անդամ եւ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր, փաստորեն, հայտնվում է մի երկրի դեմ պայքարում, որի ռազմական հիմնական գործընկերը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Արդբեջանն ամեն օր է նման սպառնալիք հնչեցնում: Արդյո՞ք ՆԱՏՕ-ում անհանգստանում են այս հարցով: ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին երկար հարցին կարճ պատասխան տվեց։ «Մենք նման հաշվարկ չունենք, որ նման բան կարող է տեղի ունենալ: Մյուս կողմից մենք գիտենք, որ դուք տարաձայնություններ ունեք Թուրքիայի հետ: Անցյալում կար երկխոսության փորձ: Մենք սատարում էինք այդ երկխոսությանը եւ սատարում ենք մինչ այժմ»։

Ուկրաինական քաղաքական լարված իրադարձությունների համատեքստում ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի հետ գործակցության կասեցումը կարո՞ղ է արդյոք բացասաբար անդրադառնալ նաեւ ՀԱՊԿ անդամ կամ Ռուսաստանի դաշնակից այլ երկրների հետ հարաբերությունների վրա եւս: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին հիշեցնում է` ՆԱՏՕ-ն այժմ ավելացնում է իր ռազմական ներկայությունը ՌԴ հետ սահման ունեցող բոլոր երկրներում ու հայտարարում, որ Ռուսաստանը պետք է վերանայի արտաքին քաղաքականության իր կողմնորոշումը: Միաժամանակ՝ «ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ չունի, հետեւաբար՝ նոր մոտեցումներ էլ լինել չեն կարող: Մյուս կողմից մեր դաշնակիցների պաշտպանությունը մնում է մեր կարեւորագույն սկզբունքը»։

 

Back to top button