Ազգային գրադարանի իրական պատմությունը սկսվում է դեռ 1832 թվականից։ Այդ տարի հիմնադրվեց Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, իսկ այս տարի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակն է։
Տնօրեն Աննա Չուլյանն ասում է. «Առաջին հանրապետության դժվարին տարիներին, երբ երկիրն անգամ ցորենի համար փող չուներ, պետական այրերը հասկանում էին, որ երկրին անհրաժեշտ են մասնագետներ, որոնք չեն կարող կրթություն ստանալ առանց գրքի ու գրականության։ Եվ ահա ամեն տեղից սկսեցին հավաքել, գնել ու ժողովել թե՛ նշանավոր հայորդիների, թե՛ տարբեր կազմակերպությունների, թե՛ շարքային մարդկանցից ստացվող գրքերը»:
Այսօր ազգային գրադարանն ունի ավելի քան հարյուր լեզվով տպագիր արտադրանք։ 2024 թվականին միայն հայերեն գրականությունը կազմում է շուրջ 656239 միավոր։ Ժամանակից հետ չմնալու նպատակով գրականությունը թվայնացվում է։ Եվ այսօր թղթի վրա տպագրված գիրքը հազվադեպ է հայտնվում ընթերցողի ձեռքին։ Դա հատկապես վերաբերում է գրքերի անձեռնմխելի ֆոնդին։