«FLEX» Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը ստեղծվել է այն համոզմունքից, որ սա ԱՄՆ-ի և Եվրասիայի երկրների միջև երկարատև խաղաղություն և փոխըմբռնում ապահովելու լավագույն միջոցն է։ Այստեղ ուսանողները ձեռք են բերում առաջնորդության հմտություններ և հանդես են գալիս որպես իրենց երկրների դեսպաններ:
Ծրագրի՝ 2025-2026 թթ. համար դիմումներն արդեն ընդունվում են։
«Հայաստանում ունենք 1200–ից ավելի շրջանավարտներ։ Ծրագիրը ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ–ի պետդեպարտամենտի կողմից և ամեն տարի Հայաստանից 35–45 աշակերտներ մեկնում են ԱՄՆ։ Այնտեղ ունենում են իրենց փոխանակման ծրագիրը և մեկ տարի սովորում են տեղի դպրոցում»,– ասում է Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի (FLEX) համակարգող Անի Այվաջյանը։
«FLEX ծրագիրը շատ մեծ հնարավորություն էր իմ և՛ անձնական աճի, և՛ կարիերայի աճի համար։ 15–16 տարեկան երեխաների համար սա շատ մեծ հնարավորություն է միայնակ ճանապարհորդել մի երկիր, որտեղ ապրում ես լրիվ անծանոթ ընտանիքի հետ, խոսում ես մի լեզվով, որով երբեք երևի թե չես խոսել, հանդիպում ես մի շարք խնդիրների և քեզ համար նոր իրականության հետ։ Եվ հասկանում ես, որ Հայաստանից դուրս մարդիկ կարող են բոլորովին այլ կերպ մտածել։ Իսկ մենք փորձում ենք մեր երկիր բերել բոլոր այն լավը և նորը, ինչ տեսնում ենք և տեղում զարգացնել մեր համայնքները»,– ասում է ծրագրի շրջանավարտ Սարգիս Ազատյանը։
«Ծրագրի շնորհիվ ես դարձել եմ ավելի ինքնուրույն, ազատվել եմ բազմաթիվ վախերից՝ ապրելով լրիվ ուրիշ միջավայրում, ուրիշ մարդկանց հետ։ Նաև նպաստեց իմ մասնագիտական կողմնորոշմանը և աճին։ Եվ կուզեմ նշել՝ թվում է, թե միշտ մենք ենք հարմարվում նոր իրականությանը, իրենց մշակույթին, բայց կա նաև հակառակը»,– ասում է FLEX ծրագրի շրջանավարտ, ծրագրի հայաստանյան շրջանավարտների համակարգող Սպարտակ Ղազարյանը։