Գևորգ Համբարձումյանը ծնվել է 2002 թվականին Էջմիածնի Հայթաղ գյուղում։ Տասը տարի բռնցքամարտով է զբաղվել։ 2020-ին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ու կարճ ժամանակ անց զորակոչվել բանակ։ Ծառայել է Խնձորեսկի զորամասում, 44-օրյա պատերազմի ժամանակ տեղափոխվել Ջրական, որտեղ էլ հոկտեմբերի 13-ին բեկորային ծանր վիրավորում է ստացել գլխի հատվածում։
«Գլխիս մեջ տիտան է տեղադրված, աջ կողմս թուլացած է, ձեռքս առհասարակ չեմ զգում, ոտքս զգում եմ մասամբ։ Չորս տարի առաջ ընդհանրապես չեմ խոսել։ Լոգոպետի հետ աշխատանքի արդյունքում քիչ-քիչ վերականգնվում է խոսքս»,-պատմում է Գևորգը։ Երեք վիրահատություն է տարել, վերականգնողական բուժում անցել Զինվորի տանը։
Բուժումը շարունակում է Հայ հերոսների վերականգնողական կենտրոնում, որի հավաքականի կազմում էլ մասնակցում է բազկամարտի առաջնություններին։ Այս մարզաձևում Գևորգը երկու անգամ Հայաստանի չեմպիոն է դարձել։ Չորս տարի առաջ ընդհատված խոսքի վերականգնումն ու արտաբերած յուրաքանչյուր բառն անգամ Գևորգի համար հաղթանակ է։ Դժվարությամբ արտաբերված բառերով զրույցը Գևորգի հետ կարճ է, կարճ, բայց չափազանց խոսուն։