Սփյուռքի ձայնը

Հայաստան-Ֆրանսիա. դարավոր բարեկամությունն անսասան է. «Սփյուռքի ձայնը»

Էլիզաբեթ Չադյանը Ֆրանսիայից է։ Նա ուսումնասիրում է միջազգային հարաբերություններ և համոզված է, որ իր ուսումն ավարտելուց հետո նպաստելու է Հայաստանի դիվանագիտությանն ու միջազգային հարաբերություններին։

Երիտասարդ միջազգայանագետն արդեն մի քանի տարի է Հայաստանում է անցկացնում իր մասնագիտական վերապատրաստումները. այս տարի նա իր պրակտիկան անցկացնում էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը։

«Ֆրանսիա տեղափոխվելուց հետո ծնողներս փորձել են կապ ստեղծել հայկական համայնքի հետ: Ես Ֆրանսիայում` ֆրանսիական դպրոցի հետ համատեղ, հաճախել եմ երկու հայկական դպրոց, ուսումնասիրել արևմտահայերենն ու արևելահայերենը», — պատմում է երիտասարդ միջազգայանագետն ու վերհիշում ժամանակաշրջանը, երբ ծնողների շնորհիվ կապվել է հայկական շրջանակի, մշակույթի ու գրականության հետ. «Տասը տարեկան էի, երբ մասնակցեցի ասմունքի մրցույթի ու իմ ներկայացրած անվանակարգում հաղթող ճանաչվեցի»:

Էլիզաբեթ Չադյանը նաև Ֆրանսիայի հայկական եկեղեցու երգչախմբում է երգել: Ասում է, որ եկեղեցին մեծ դեր է ունեցել և շարունակում ունենալ հայ մարդկանց համախմբելու գործում: «Մեր համայնքը ակտիվ է, միայն ուներ և ունի հետևյալ խնդիրը`երիտասարդների թիվը քիչ է», — ասում է Էլիզաբեթը:

Նշում է, որ հենց հայկական շրջանակի հետ շփումներն են նրան ուղղորդել դեպի դիվանագիտության աշխարհ: Ասում է, որ ուզում է նպաստել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ավելի սերտացմանն ու տարբեր ուղղություններով համագործակցությանը:

Մի քանի ամիս աշխատելով և ապրելով Հայաստանում՝ Էլիզաբեթը առանձնացնում է հայկական միջավայրի տարբերվող, յուրահատուկ առանձնահատկություններն ու դրանցում հայկական գծերի գերակշռումը: Աշխատանքային միջավայրում հետևյալն է նկատել. «Հայաստանյան աշխատանքային միջավարը հետաքրքիր է և տարբերվում է ֆրանսիականից: Ֆրանսիացիները մեկ գործի համար կարողանում են միասնական աշխատանք տանել` չկարևորելով իրենց ու իրենց աշխատանքը: Հայաստանում յուրաքանչյուրն ուզում է իր աշխատանքն առանձնացնել և ավելի կարևորվել: Սա երևի մեր ազգի առանձնահատկությունն է, և այն, գուցե, շատ դեպքերում խանգարում է աշխատանքի արդյունքին», — ասում է Էլիզաբեթ Չադյանը:

Ինչ վերաբերում է երկու երկրների հարաբերություններին, ապա երիտասարդ մասնագետը համոզված է, որ անկախ այն հանգամանքից, թե Ֆրանսիական վերնախավում ինչ փոփոխություններ կլինեն, Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ստեղծված դարավոր բարեկամությունը կմնա նույն հարթության վրա:

Back to top button