Երաժշտական եռանկյունի

Սևակ Ավանեսյան. թավջութակահար և միջազգային փառատոնի նախաձեռնող. «Երաժշտական եռանկյունի»

Արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցկացվում է «Կապանի միջազգային երաժշտական փառատոնը», որը մեծ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում։ Փառատոնն ընդգրկում է ոչ միայն բազմաժանր համերգային միջոցառումներ, այլև վարպետաց դասեր և ցուցադրություններ։

Փառատոնի գաղափարի հեղինակն ու նախաձեռնողը անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանն է։

Բեռնարդ Գրինհաուսի բնորոշմամբ` «Սևակ Ավանեսյանը արտակարգ վիրտուոզությամբ և ձայնային մեծ հզորությամբ օժտված երաժիշտ է», իսկ Յանոշ Շտարկերի կարծիքով՝ «Սևակը, անկասկած, իր սերնդի ամենահեռանկարային երաժիշտներից է»:

Սևակը եղել է Բելգիայի Ազգային նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը, ինչպես նաև Իզայիի անվան մրցույթի, Triomphe de l’Art և ՀԲԸՄ-ի մրցույթների ժյուրիի մշտական անդամ: Ավանեսյանը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է՝ «Young Soloists» (Լյուքսեմբուրգ, 1-ին մրցանակ), «Lions Club» European Competition (1-ին մրցանակ):

Արժանացել է Բելգիայի երաժշտական մամուլի քննադատների «Golden Lable», «Belgische Stichting Roepin promotion» և այլ մրցանակների: Սևակի տաղանդը դրսևորվել է վաղ հասակում: Նա Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայի ամենաերիտասարդ շրջանավարտն է:

Դեռևս 19 տարեկանում բարձր գնահատականներով Սևակը ավարտել է Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիան (Վիվիեն Սպանողեի դասարան), որից հետո կատարելագործվել է Բեռլինի Hans Eissler Musikhochschule-ում՝ Կլաուդիո Բոհորքեզի ղեկավարությամբ:

Մշտական դասընթացներից բացի, Սևակը արժեքավոր խորհուրդներ է ստացել անվանի երաժիշտներից՝ Յանոշ Շտարկեր, Բեռնարդ Գրինհաուս, Սթիվեն Իսերլիս, Միշա Մայսկի, Մարիա Քլիգել, Լյուիս Կլարե, Պետեր Բրունս, Գարրի Հոֆման, Վոլֆգանգ Բյոտխեր, Իգոր Օյստրախ, Արտեմիս կվարտետ, Գերհարդ Շուլց և շատ ուրիշներ:

Սևակ Ավանեսյանը մշտապես հանդես է գալիս հեղինակավոր համերգասրահներում՝ Փարիզի Գավո սրահում, Բրյուսելի Գեղեցիկ արվեստների պալատում, Տորոնտոյի Ford սրահում և այլուր: 2017 թվականին մասնակցել է Անտվերպենի Queen Elizabeth համերգասրահի բացման համերգին: Սևակ Ավանեսյանը միջազգային հայտնի փառատոների մասնակից է`Մոնպելիեի Festival de Radio France, Juventus Festival, Menton Festival, Բրյուսելի Brahms Festival, Les Musicales de Cambrai և այլ փառատոներ: Նա համագործակցել է անվանի դիրիժորներ Հանս Գրաֆի, Հյու Վոլֆի, Անդրեյ Բորեյկոյի և այլոց հետ:

Սևակ Ավանեսյանի՝ Բելգիայի Ազգային նվագախմբի հետ ելույթը Bozar համերգասրահում, Բելգիայի հեռուստատեսային քննադատների կողմից գնահատվեց որպես «համերգաշրջանի լավագույն համերգ»: Որպես կամերային երաժիշտ` Ավանեսյանը ելույթներ է ունեցել Ագուստին Դումեյի, Ֆիլիպ Գրեֆինի, Պասկալ Դեվոյոնի, Պավել Գիլիլովի, Մաքսիմ Վենգերովի, Ալեքսեյ Մաշկովի, Յուրի Բաշմետի, Գիդոն Կրեմերի, Մարթա Արգերիխի, Միշա Մայսկու և այլ հայտնի երաժիշտների հետ:

2016-ին կայացել է Գոմս Շահբազյանի «Rhythm & Intervals» վավերագրական ֆիլմի պրեմիերան` նվիրված Սևակ Ավանեսյանի՝ Բեռլինում անցկացրած ուսման տարիներին: Ֆիլմը մրցանակներ է շահել մի շարք փառատոներում և հեռարձակվել է ARTE հեռուստաալիքով: Սևակը նվագում է Մաթեո Գոֆրիլլերի 1689-ին կերտած «The King» թավջութակով, որը նրան տրամադրել է Միշա Մայսկին:

Back to top button