Քոչար ասելիս առաջին հերթին Սասունցի Դավթի հոյակերտ արձանն ենք պատկերացնում, որը վաղուց արդեն մեր խորհրդանիշներից մեկն է։
Քանդակագործ-նկարչի թոռնուհին, որը նաև նրա տուն-թանգարանի տնօրենն է, ասում է. «Քոչարը մեզ համար առաջին հերթին քանդակագործ է, բայց օտարները նրան գիտեն ու գնահատում են նրա եռաչափ կամ տարածական նկարներով»։
Նա հայրենիք վերադարձավ 1936 թվականին`Եվրոպայում արդեն իսկ անուն հանած։ Այստեղ նա դեմ առավ անհասկացության, չկամության պատին, որը հետո նրան տասնյակ տարիների անհայտության մատնեց։
«Պատերազմի արհավիրքը» կտավը` արդեն իսկ պատրաստ ու փաթեթավորված, թույլ չտվեցին ուղարկել Եվրոպա, մինչդեռ այն հանգիստ կարող էր մրցակցել Պիկասոյի և այլոց գործերի հետ։
Այսօր, երբ փոխվել են ժամանակները, խնդիր կա անհայտությունից հանել ու հանրայնացնել վարպետի գործերը, նաև վերականգնել նրա բարի անունը։ Երվանդ Քոչարի 125-ամյակի շրջանակներում հետաքրքիր ցուցադրություններ և միջոցառումներ են սպասվում։