Ինչի մասին են Մոսկվա-Բաքու սերտացող հարաբերությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին Բաքու կատարած պետական այցը փորձագիտական շրջանակներում տարբեր գնահատականներ է ստանում։ Ոմանց գնահատմամբ՝ Մոսկվա-Բաքու դաշնակցային հարաբերությունների առանցքային նպատակը Ադրբեջանին Թուրքիայից հնարավորինս տարանջատելն է, ինչը Մոսկվայի համար ռազմավարական խնդիր է։ Որոշ փորձագետների կարծիքով՝ պատահական չէ, որ Պուտինը Բաքու մեկնեց Կուրսկում ստեղծված ծանր իրավիճակի ֆոնին։ Վերլուծաբանների մի խումբ էլ համոզված է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի խորացող դաշնակցային հարաբերությունները ռիսկային են հատկապես Հայաստանի համար։
Հայ-ադրբեջանական թեման Պուտին-Ալիև հանդիպման օրակարգի առանցքային խնդիրներից մեկն էր։ Որոշ փորձագետներ ռուս-ադրբեջանական դավադրության տարրեր են տեսնում Պուտին-Ալիև ինտենսիվացած շփումներում։ Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանը գերադասում է գործ ունենալ Ադրբեջանի հետ՝ նկատում է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։
«Ռուսաստանը համարում է, որ Հարավային Կովկասում առաջատարն Ադրբեջանն է, առաջին հերթին՝ հենց այն պատճառով, որ խաչմերուկը կա, և այն անցնում է Ադրբեջանով: Եվ մեզ համար կարևոր հարցին եթե անդրադառնամ, Ադրբեջանն այն գործիքն է, որը կարող է ստիպել Հայաստանին՝ չպոկվել Ռուսաստանից»:
Ռուսաստանը կոշտ ռազմական միջամտությամբ հակազդում է այն երկրներին, որոնք փորձում են շարժվել դեպի Արևմուտք, հատկապես եթե նրանց հետ ցամաքային սահման ունի, ինչպես եղավ Ուկրաինայի և Վրաստանի դեպքում՝ հիշեցնում է վերլուծաբանը։
«Այն երկրների դեպքում, որտեղ Ռուսաստանն անմիջապես սահման չունի, գործում է պրոքսի մեթոդներով, մեր դեպքում այդ գործիքն Ադրբեջանն է: Ադրբեջանն էլ Ռուսաստանից շատ լուրջ գին է ուզում: Ադրբեջանը Ռուսաստանից ուզում է ինչ-որ բան, որպեսզի որպես գործիք օգտագործվի, իսկ Արևմուտքից էլ ինչ-որ բան ուզում է, որպեսզի որպես գործիք չօգտագործվի Ռուսաստանի ձեռքին: Շատ լավ առևտուր է անում, դրա համար էլ Ադրբեջանը դարձել է կարևոր երկիր Հարավային Կովկասում»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, մինչդեռ, Ալիևի հետ համագործակցություն խորացնելու Պուտինի քայլերը բոլորովին այլ տեսանկյունից է դիտարկում և չի կիսում հակահայկական դավադրության թեզը։
«Բոլորը Բաքու Պուտինի այցի մեջ հակահայկական դավադրություն են տեսնում։ Ես իրականում չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ Պուտինի Բաքու այցը, այնուամենայնիվ, կնպաստի ռեգիոնում որոշակի կայունությանը և կզսպի Ադրբեջանին հակաիրանական քայլ անելու գայթակղությունից, կամ՝ Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերծելու գայթակղությունից, որովհետև Ռուսաստանին հիմա տարածաշրջանում կայունություն է պետք»։
Այս համատեքստում են, ըստ որոշ փորձագետների, Բաքվում խոսվել նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանման, ինչպես նաև՝ 2020-2022 թվականներին հայտնի եռակողմ համաձայնագրերի հիման վրա տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի ապաշրջափակման մասին։ Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել խաղաղության պայմանագրի ստորագրման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատելու համար՝ Ալիևի հետ հանդիպմանն ասաց Պուտինը։
Արմեն Բաղդասարյանը, մինչդեռ, չի կարծում, որ այդ միջնորդությունը իրականանա, եթե Երևանը դեմ է ռուսական միջնորդությանը, իսկ Բաքուն՝ միջնորդի անհրաժեշտություն չի տեսնում։
«Ուրեմն ռուսական միջնորդությունը կյանքում տեղ չի ունենա»։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը ՌԴ նախագահի այցն Ադրբեջան դիտարկում է հայ-ադրբեջանական բանակցությունները ռուսական հարթակ տեղափոխելու ռուսական կողմի ցանկության տիրույթում։ Փորձագետի համոզմամբ՝ դա ռուսական կողմին անհրաժեշտ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված կարգավորումները գործարկելու համար։
«Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցն է, որը Բաքուն բերեց «Զանգեզուրի միջանցքին» կպցրեց՝ փորձելով միաժամանակ երկու նապաստակ խփել՝ մեկ կրակոցով։ Հիմա Մոսկվան ասում է՝ մի րոպե, «Զանգեզուրի միջանցքը» ասել ես, լավ ես արել, բայց ենթակառուցվածքների ապաշրջափակումը այստեղ կապ չունի։ Եվ Մոսկվան է ասում, և՛ Իրանն է ասում։ Ինքը Ալիևից ստացել, կորզել է խոստում, որ «Զանգեզուրի միջանցքը» չի լինելու։ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը դուրս է գալիս, բայց ապաշրջափակման թեման մտնելու է կրկին բանակցությունների օրակարգ»։
Պուտինի՝ Բաքու այցի նպատակներից մեկն էլ, ըստ Բալասանյանի, պայմանավորված են ռուս–ուկրաինական պատերազմով։ Պատահական չէ, որ ՌԴ նախագահն Ադրբեջան է գնում Կուրսկում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։
«Հակված եմ կարծելու, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կան խնդիրներ, որոնց էլ միտված է ՌԴ նախագահի այցը Ադրբեջան։ Որովհետև, մասնավորապես, Կուրսկում ֆիքսվել են զինատեսակներ, որոնք, հավանական է, որ Ադրբեջանից են Թուրքիայով տեղափոխվել Ոկրաինա»։
Բալասանյանը համոզված է՝ այդ առումով ևս կարևոր մեսիջներ են փոխանցվել, այդ թվում՝ Իրանից։