Greenwashing. Ադրբեջանը ցանկանում է «կանաչով լվանալ» իր հեղինակությունը
Ադրբեջանում նոյեմբերին նախատեսված COP-29 գագաթնաժողովը հայտնվել է միջազգային հեղինակավոր պարբերականների ուշադրության առանցքում։ Նավթ և գազ արտահանող երկիրը, որտեղ աղբը չի տեսակավորում, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպանները բանտում են, այս տարի կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային խոշոր համաժողով կանցկացնի՝ գրում է BBC-ին՝ նշելով, որ սա վրդովեցնում է բնապահպանական կազմակերպություններին և միջազգային դիտորդներին, որոնք կարծում են, որ Ադրբեջանը ցանկանում է համաժողովի օգնությամբ «կանաչով լվանալ» (greenwashing) իր հեղինակությունը։
Բաքուն առանձնահատուկ է նախապատրաստվում այս տարվա նոյեմբերի 11- 22 Ադրբեջանում նախատեսված Կլիմայի հարցերով COP-29 գագաթնաժողովին․ դիտարկվում են բոլոր մանրամասները, ընդհուպ երկրում հարսանիքների դադարեցումն ու դպրոցականներին արձակուրդ ուղարկելը։ Միջոցառումը գերազանց կազմակերպելու մղումների ներքո այլ հաշվարկներ են, մասնավորապես՝ Բաքվի հեղինակության բարձրացումը, ինչը վրդովեցնում է բնապահպաններին։
BBC-ին նկատում է, որ Ադրբեջանի իշխանությունները լրջորեն նախապատրաստվում են օտարերկրացիների հոսքին, բայց՝ յուրովի։
Միջազգային լրատվամիջոցը մեջբերում է Ալիևի այն հայտարարությունը, թե համաժողովի ընթացքում ակնկալվում է 70-80 հազար օտարերկրացիների այց։ Շեշտվում է նաև վարչապետ Ալի Ասադովի որոշումը, ըստ որի նախատեսվում է համաժողովի ընթացքում ուսանողներին հեռավար ուսուցման տեղափոխել, իսկ դպրոցականներին արձակուրդ ուղարկել։ Մայրաքաղաքի հանդիսությունների տներին և մեծ ռեստորանների սեփականատերերին հրահանգվել է դադարեցրել նոյեմբերին հարսանիքների պատվերներ ընդունել:
Օրերս ամերիկյան Politico պարբերականը գրել էր, որ բազմաթիվ ընկերություններ նախընտրում են չմասնակցել COP-29, իսկ որոշ երկրներ էլ մտադիր են փոքր պատվիրակություններ ուղերկել Ադրբեջան։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում COP-29 չեղարկման նախադրյալներ չի տեսնում։
«Չեմ կարծում, թե երկրների մասով այդ գագաթնաժողովը տապալում կունենա։ Համենայն դեպս, մինչ այժմ մենք տեսել ենք, որ առնվազն երկու առանցքային երկիր՝ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն, ողջունել են այդ միջոցառման անցկացումը և նույնիսկ աջակցություն հայտնել։ Մենք տեսնում ենք Եվրոպայի հետարքրվածությունը Ադրբեջանի նավթով ու գազով, հետևաբար, ենթադրվում է, որ ԵՄ-ն COP-29-ի հարցում լինելու է առնվազն կառուցողական հարաբերության մեջ։ Գուցե լինեն որոշ երկրներ, որոնք համաշխարհային քաղաքական քարտեզում եղանակ ստեղծող չեն։ Գուցե լինեն նաև առանձին ընկերություններ, բայց դա հազիվ թե ընդհանուր, մեծ քաղաքական պատկերի վրա փոփոխություն բերի»։
Միջազգային պարբերականները տարակուսանք են հայտնում, թե Ադրբեջանում սպասվող գագաթնաժողովին մասնակցությունը նույնքան մեծ կլինի, որքան նախորդ տարի Դուբայում և կամ հաջորդ տարի Բրազիլիայում նախատեսված հանդիպումները։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի կարծիքով՝ COP-29 գագաթնաժողովից Բաքուն փորձելու է հեղինակության բարձրացում կորզել։
«Փաստն այն է, որ աշխարհի երկրներն ընդունել են հրավերը, անգամ Հայաստանը դեմ չի արտահայտվել, նույնիսկ կողմ է արտահայտվել, որ դա տեղի ունենա Ադրբեջանում։ Կարծում եմ, որ դա միջազգային արենայում Ադրբեջանի ռեպուտացիայի, իմիջի բարձրացման համար լուրջ քայլ կլինի։ Պետք է հետևենք ու հասկանանք, թե գագաթնաժողովը համաշխարհային, գեոպոլիտիկ ինչ գնահատականների կարժանանա և թե ինչ հարցեր այնտեղ կքննարկվեն բացի բնապահպանական համաշխարհային խնդիրներից»։
COP-29 Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից ու Արցախի հայաթափումից երեք ամիս անց։ Այն Ադրբեջանում անցկացնելու հարցում համաձայնություն է տվել նաև Երևանը՝ 32 հայ ռազմագերիների ազատ արձակման դիմաց։
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Բաքուն իր իմիջի համար «COP 29»-ին ընդառաջ ազատ արձակի որոշ հայ գերիների մի մասին, սակայն ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ COP-29 Հայաստանի համար մարտահրավերներ է պարունակում։
«COP-29 մասով Հայաստանը ունի շատ մեծ մարտահրավեր այն իմաստով, որ միջոցառումը Բաքուն դարձնելու է կեղծ, մանիպուլյատիվ մեխանիզմներով իր համար կանաչ նկարագիր ապահովելու առիթ։ Արդեն ստեղծել է կլիմայի պաշտպանության հիմնադրամներ և դրանց առաջնային նպատակը լինելու է Հայաստանը թիրախավորելը։ Առաջին հերթին ՀՀ տնտեսությունն են թիրախավորելու, ինչպես և արդեն անում են՝ հանքարդյունաբերությունը, որը մեր տնտեսությանը ծանրություն հաղորդող բաղադրիչներից մեկն է, միջուկային էներգետիկան»։
Հայաստանը, ըստ վերլուծաբանի, պետք է Բաքվի քաղաքականությանը հակազդող քայլեր մշակի։