Մտքի ուժը

Անկանխատեսելի ու անակնկալներով լի քիմիան՝ ներկայի ու ապագայի գիտություն. «Մտքի ուժը»

Սինթեզվող ամինաթթուներ, որոնք ենթարկվում են կենսաբանական հետազոտությունների՝ հույսով, որ մի օր որևէ դեղի բաղադրության մեջ կկիրառվեն։ Հետազոտություններն արվում են Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի, ամինաթթուների և պեպտիդների սինթեզի լաբորատորիայում։ Այստեղ զբաղվում են կենսաբանորեն ակտիվ միացությունների՝ մասնավորապես ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզով։

Լաբորատորիայի գիտաշխատող քիմիական գիտությունների թեկածու Լիանա Հայրիյանը պատմում է․ «Ասիմետրիկ սինթեզը ամինաթթուների ստացման ուղղություններից է, որի ժամանակ  իզոմերներից որևէ մեկն առաջանում է ավելցուկով, նույնիսկ 1% ավելցուկի դեպքում սինթեզը համարվում է ասիմետիրիկ։ Այն նախապատմություն ունի,  1950-ական թվականներին թալիդոմիդ կոչվող պրեպարատ էր արտադրվել, որը կիրառվում էր հղիների կողմից՝ տոքսիկոզի ժամանակ, սակայն այն հղիները, որոնք օգտագործել էին պրեպարատը հրեշածին սերունդ ունեցան։ Սկսվեցին հետազոտությունները, և պարզվեց, որ թալիդոմիդը սինթեզվել էր երկու իզոմերի տեսքով, նրանցից մեկը սրտխառնոցի դեմ էր, իսկ մյուսը՝ հրեշածին ազդեցություն ուներ։ Այդ ժամանակներց սկսվեց կենսաբանորեն ակտիվ միացությունների մեկ իզոմերի տեսքով սինթեզը։ Մեր թիմը նույնպես զբաղվում է նմանատիպ սինթոզով»։

Գիտության մեջ միշտ չէ, որ ամեն ինչ հեշտ է ու միանգամից է ստացվում։ Պատճառները կարող են տարբեր լինել՝ արձանագրում է գիտնականն ու նշում՝ համբերատար լինելն ամենակարևորն է գիտության մեջ։ Լիանան 2015թ․-ից է աշխատում լաբորատորիայում։ Առաջին անգամ գիտական խումբ է ղեկավարելու։ Նրանց խումբը երեք հոգուց է կազմված։ Ծրագրի ավարտը հաջորդ տարվա մայիսն է։ Դրամաշնորհը տրամադրվել է ՀՈՖ–ի Անսեֆ ծրագրի շրջանակում։

Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի, ամինաթթուների և պեպտիդների սինթեզի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող է Աննա Գրիգորյանը։

Պատմում է՝ հետազոտում, փորձարկում ու սինթեզում են գրականության մեջ չնկարագրված ոչ սպիտակուցային ամինաթթթուներ։ Գիտական փորձերը, հատկապես քիմիական լաբորատորիայում, ունեն իրենց կանոնները:

Գիտնականները կարևորում են անվտանգության կանոնների պահպանումը։  Քիմիան որպես գիտության ճյուղ այս պահին, մեղմ ասած, գրավիչ չէ։ Ընդունելության քննություններն էլ են այդ մասին վկայում։ Այս տարի ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում անվճար տեղերն անգամ չեն լրացվել։ Բայց զրուցակցիներիս քիմիան գրավեց։  Հայկական գիտությունը միջազգային չափանիշներին համապատասխան արդյունք ստեղծում է, բայց հասարակության մի մասն ունի թյուր կարծիք հայկական գիտության մասին, քանի որ պարզապես տեղեկացված չէ։ Այս հարցում է, որ իրենց դերը նաև ԶԼՄ-ները ունեն։

Back to top button