ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշխարհի կենտրոն, ծովից ծով, 29․743 կմ քառակուսի․ Հայաստանի քարտեզների խրոնիկան

2600 տարի առաջ աշխարհն առաջին անգամ  խմբագրվեց քարի վրա․ այժմ Բրիտանական թանգարանում գտնվող հնագույն աշխարհացույցը հուշում է՝ այդ ժամանակ աշխարհի կենտրոնում 3 երկիր էր՝ Բաբելոնը, Ասորեստանն ու Հայաստանը։ Առաջին երկուսից միայն քարե հուշարձաններ են մնացել, երրորդի սահմանները 2 հազարամյակ ու 6 դար խմբագրվում են․

«Ամենահին հայերեն, Հայաստանը ցույց տվող քարտեզը 1691 թ.-ին էր գծվել, իտալական համալսարաններից մեկում է գտնվում հիմա ձեռագիրը, որ ամբողջ Արևմտահայաստանը և Արևելահայաստանը ցույց է տալիս՝ իր եկեղեցիներով, վանքերով»։ 

Բայց մինչև առաջին հայատառ քարտեզը օտարազգիներն էին ցույց տալիս Հայաստանի տեղն ու հիշատակում դրա սահմանների փոփոխությունը, ինչն ավելի համոզիչ ու փաստական է դարձնում Հայաստանի՝ որպես հնագույն պետության գոյությունը՝ բացատրում է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։

«Դա բավական է, որ ցույց տա, որ Հայաստանն այդքան ժամանակ գոյություն է ունեցել, և ոչ թե Ադրբեջանի նման կեղծում է, թե գոյություն է ունեցել, բայց ոչ ոք դրա մասին չգիտեր։ Հայաստանը պարբերաբար բոլոր գրականությունների մեջ՝ եվրոպական, արաբական, իսլամական, երևացել և ցույց է տրվել քարտեզների մեջ՝ մինչև 1918-ին կողքին հայտնվեց Ադրբեջան անունով երկիր»։

Քարտեզի ճշգրտությունն ապացուցելու համար այն մանրամասնորեն պետք է համեմատել տարբեր աղբյուրների կողմից ստեղծված նույն տարածքն ու ժամանակագությունն արտահայտող քարտեզների հետ։ Երբեմն դրանք ոչ թե իրականությունը, այլ քարտեզագրի կամ նրա վերադասի ցանկություններն են արտացոլում՝ հանրությանը ապակողմնորոշելու, քարոզչական կամ ծավալապաշտական նպատակներով։

Հնագույն աշխարհացույց քարտեզը

«Ես քարտեզներ կարող եմ ցույց տալ, որոնցում սահմանները շատ սխալ են գծված և գծված են, որպեսզի հանրությանը հաճելի լինի տեսնելը, ոչ թե իրականությունն է ցույց տալիս։ Օրինակ՝ խորհրդային շտաբի քարտեզներն են, որոնք ավելի մանրամասն կարող ես տեսնել, բայց, դժբախտաբար, դրանք հասանելի չեն ժողովրդին։ Խորհրդային Միության ժամանակ մանրակրկիտ քարտեզը տեսնելն արգելված էր ժողովրդին․ դա ցենզուրայի մի տեսակ էր։ Այստեղից են սկսվել կեղծիքները, և այդ աղավաղումը դեռ շարունակվում է»,-ասում է քարտեղզագետը։ 

Գալչյանը 50 տարի հետազոտել է քարտեզագրության դետալները, ստեղծել 13 աշխատություն, դրանցից առաջինը Հայաստանի պատմական քարտեզներն են։ 2004-ին, երբ ապրում էր Փարիզում, բայց շաբաթական 3 օր անցկացնում Մեծ Բիտանիայի թանգարաններում, հանդիպեց Հայաստանի պատմության թանգարանի նախկին տնօրեն Անելկա Գրիգոյանին, հանդիպումից ծնվեց թանգարանում քարտեզները ցուցադրելու գաղափարը։ 17 տարվա մշտական ցուցադությունից և թանագարնի վերանորոգումից հետո հավաքածուի ցուցադությունը նոր՝ ժամանակակից մատուցմամբ վերաբացվեց։

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյան․ «Նախորդ մի քանի տարիների ընթացքում վերանորոգումների ժամանակ որոշակիորեն փոփոխվեց նախագիծը, որոշեցինք մի փոքր նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ ավելի գրավիչ դարձնել ցուցահանդեսը։ Այսօր, փաստորեն, մենք նաև օգտագործում ենք էսպես մեծ հպէկրաններով, թվային նաև պատճեններ, որոնք հնարավոր է մեծացնել։ Դրանց վրա նշված է տարբեր լեզուներով Հայաստանը, իր տեղադրությունը, կարևոր տեղանունները։ Սա հնարավորություն կտա հնագույն շրջաններից մինչև նոր ժամանակներ պատկերացում կազմել հատկապես օտար քարտեզներում Հայաստանի տեղադրության, Հայաստանի քարտեզային տվյալների մասին, և ամենակարևորը, դրանք շատ տարբեր լեզուներով են, աշխարհի տարբեր մասերից են»։

Պողոսյանի համոզմամբ՝ հնագույն քարտեզների ցուցադրությունը նորագույն՝ ռազմավարական նշանակություն ունի։ Թվային տեխնոլոգիաների կիրառման ու հանրության՝ քարտեզներով ավելի շատ հետաքրքրված լինելու տեսանկյունից նախագիծը մեկնարկային է համարում։ Գալչյանը համաձայնում է՝ քարտեզների ճիշտ ներկայացումն ու հանրության գրագետ վարքը կարող են ճակատագրական լինել։ Ամիսներ առաջ Տավուշի 3 գյուղերում կատարվածը ասվածի ուղիղ ապացույցն է։

«Ճիշտ էր մատուցվում, բայց կիսատ, ոչ ամբողջական, էդքան ժամանակ, որ Կիրանցի կամուրջի մասին խոսվեց, մենք գիտեինք, որ հանձնելու են Ադրբեջանին, իսկ իշխանությունները վստահ գիտեին, որ դրա փոխարեն ինչ են անելու, որ ճանապարհը կլինի դեպի Կիրանց, փոխանակ առաջին օրը հայտարարեն, որ մենք տարբերակ ենք կառուցելու, կամուրջ ենք կառուցելու, սպասեցին, հողը տվեցին, ժողովուրդը բողոքեց, հետո սկսեցին կամուրջը կառուցել, դա իրենց մեղքն է, իրենց ուշացումնը, եթե ժամանակին էդ հայտարարեին, բոլորը իմանային՝ ժողովուրդը չէր դժգոհի, խժդժություններ չէր անի»։

Սահմանագծումն ու սահմանազատումը ճիշտ էր՝ ժամանակին Հայաստանն ընդունել էր իր համար ոչ նպաստավոր՝ Խորհրդային միության շտաբի քատեզները, մատուցումն ու հաղորդակցությունը սակայն ապակողմնորոշող էր․ հանրությունը տեղեկատվության պակաս ուներ՝ ասում է Գալչյանը։ Հիշեցնում է ԽՍՀՄ-ը ժամանակին քատեզներ կեղծելու, փոքրացնելու վարպետ էր, փաստերի աղավաղմամբ  ծնվեց Ադրբեջան անունով պետությունը։

«Ադրբեջանի Հանրապետությունը, որ ասում է՝ մենք 2000 տարվա պետություն ենք և այլն, ոչ մի քարտեզի մեջ գոյություն չունի մինչև 1918 թվականը։ 1918-ին Արաքսի հյուսիսում  հիմնվեց և իր անունը վերցնելով Պարսկաստանի Ատրպատական պարսկերեն՝ Ադրբեջան անունից, ինքն իր անունը դրերեց Ադրբեջան և ասում է՝ ես 2000 տարվա երկիր եմ, մինչդեռ աշխարհում քարտեզների մեջ ոչինչ չկա, որ դրանք ցույց տալ, որ նրանք որևէ տեղ եղել են։»։

Երբ Կովկասի հարավում նոր ծնված երկրի անունը հայտնի դաձավ, Իրանի դեսպանությունը պաշտոնական բողոքի նամակ հղեց Օսմանյան ու Ցարական իշխանություններին՝ պահանջելով բացատրել անվան ընտրությունը։ Պատասխանը շատ տրամաբանական է, բացատրում է Գալչյանը, պատճառը այդ շրջանի պատմական տարածքների նկատմամբ հավակնություններն էին։

«Տեսեք, առաջին մարդը, որ մտնում է այդ երկիր, Ադրբեջանը նրան տալիս է հակահայ պրոպագանդային գրքերից մեծ տրցակ։ Մերոնք՝ հայերը, Հայաստանի մասին բացատրություն տվող ոչ մի գրականություն չեն տալիս մեր պաշտոնական հյուրերին։ Դա առաջին քայլն է, պետք է այդ իրականությունը մատուցել ուրիշներին, որ իմանան՝ ուր են եկել, ինչ են անում»։

Աշխարհի կենտրոն, ծովից ծով երկիր կամ 29․743 կմ քառակուսի տարածք։ Որ հանրությունն իրականությունից չկտրվի, Հայաստանի քարտեզների բոլոր հավաստի տարբերակներն այսուհետ կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում ամեն օր։

Back to top button