ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ո՞ր ուղղությամբ են փչելու «Ակադեմիական քաղաքի» քամիները. հրապարակվել է ուսումնական կենտրոնի մաստեր պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ «Ակադեմիական քաղաքի» մաստեր պլանը պատրաստ է: Այս 450 էջանոց փաթեթը ուղարկել է գերմանական ընկերությունը։

Վարչապետն այն համարել է ֆունդամենտալ աշխատանք և նշել, որ սա նոր մշակույթ է մեր իրականության մեջ։

Ակադեմիական քաղաք, որը նախատեսված է կրթության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարությամբ, առաջիկա 5 տարիներին որևէ բուհ չի տեղափոխվի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակող գերմանական ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլը, առաջին շենքերը կկառուցվեն 2029 թվականին, և դրանք կլինեն հանրային նշանակության օբյեկտներ։

Հայաստանում կառուցվելիք «Ակադեմիական քաղաքի» մաստեր պլանը արդեն պատրաստ է։ Ներկայացնելով շուրջ 450 էջից բաղկացած մաստեր պլանի փաթեթը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ ֆունդամենտալ աշխատանք է արված։

«Շատ ֆունդամենտալ գործ է արված։ Այստեղ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի և այլն։ Սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ «Ակադեմիական քաղաքի» նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա նոր մշակույթ է մեր իրականության մեջ»։

«Ակադեմիական քաղաքը» խոշորածավալ ծրագիր է, որի ընդհանուր արժեքը կկազմի մի քանի տրիլիոն դրամ՝ ըստ նախնական հաշվարկների։ «Ակադեմիական քաղաք» առաջիկա 5 տարիներին որևէ բուհ չի տեղափոխվի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը մշակող գերմանական ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլը, առաջին շենքերը կկառուցվեն 2029 թվականին, և դրանք կլինեն նախ հանրային նշանակության օբյեկտներ։

«Առաջնայինը հանրային տրանսպորտն ու ենթակառուցվածքներն են, կառուցվելու են նաև հանրային նշանակության շենքեր՝ մշակութային կենտրոն, համերգային դահլիճ, գրադարան։ Չնայած քաղաքի գլխավոր առանձնահատկությունը լինելու է ակադեմիական մթնոլորտը, քաղաքը պարզապես կրթական վայր չի լինելու, և ոչ էլ կենտրոն միայն գիտնականների և ակադեմիական հանրույթի համար, այնտեղ լինելու են նաև ռեստորաններ, առևտրային կենտրոններ, որոնք ծառայելու են հանրությանը»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ ի սկզբանե հայտնի էր, որ ծրագիրը երկարատև է լինելու։ Բայց այն, որ 2030 թվականին միայն առաջին կլաստերն է լինելու, արդեն իսկ նշանակում է, որ գործողությունների պլանից հետ ենք մնում։

«Մինչդեռ կրթության զարգացման պետական ծրագրի գործողություններում հստակ նշված է, որ 2030 թվականին «Ակադեմիական քաղաքը» արդեն ստեղծված պետք է լինի։ Այսինքն՝ մենք ունենք 20-25 տարվա խախտում պետական զարգացման ծրագրի հետ համեմատ»։

«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծն արդեն պատրաստ է, և վերջնական տարբերակը ներկայացվել է հանրությանը։ Քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հեկտար տարածքում, որը տրանսպորտային տարբեր միջոցներով կապված կլինի ինչպես մայրաքաղաքին, այնպես էլ մարզերին։ «Ակադեմիական քաղաքի» տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական կամ միջազգային բուհ։

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը դեռ լավ չի պատկերացնում, թե վերջնական ինչ տեսք է ունենալու քաղաքը։ Նա չգիտի էլ, թե իրենց բուհը երբ է տեղափոխվելու. օրակարգում էլ դա չի քննարկվում։ Բայց եթե իսկապես ստացվի այն, ինչի մասին խոսվում է, ապա ավելի լավ պայմաններում աշխատելուն հաստատ դեմ չի լինի։

««Ակադեմիական քաղաքը» միայն ֆիզիկական նախագիծ չէ։ Դա ենթադրում է հետազոտական ինստիտուտների հետ միավորում, իսկ ժամանակակից կրթություն տալու համար պետք է ունենաս տեխնոլոգիապես զարգացած ենթակառուցվածքներ։ Մինչև իրականում չտեսնես, չպատկերացնես, չհասկանաս՝ հնարավորությունները չես իմանա։ Բժշկական բուհը խոշորագույն բուհ է, որը ընդլայնվում է։ Գուցե բուհի մի հատված լինի «Ակադեմիական քաղաքում», մյուսը մնա այստեղ»։

Մինչև 16 բուհ, գնացքի կայարան ու տրանսպորտային հասանելի հանգույցներ. քաղաքը կամբողջանա 20-30 տարում։ Այլ կերպ ասած՝ կլինի հանրային միջավայր՝ տարբեր գործառույթներով։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը չի էլ կասկածում նախագծի հաջողության վրա։ Խնդիրն, ըստ նրա, ոչ թե շինարարությունն է, այլ բովանդակությունը։ Փորձագետը վստահ է, որ գերմանացիները լավ աշխատանք կկատարեն, բայց որ դրա արդյունքում բարձրագույն կրթության որակը կբարձրանա, դեռևս ոչ մի համոզիչ փաստարկ չի լսել։

«Ինձ համար այս ամենը իմաստալից կլինի, երբ ինձ համոզեն, որ այս քաղաքի կառուցումով բարձրագույն կրթության որակը կբարձրանա։ Օրինակ՝ ասվում է, որ դասախոսները աշխատասենյակներ կունենան, բայց արդյո՞ք այսօր Հայաստանի բարձրագույն կրթության խնդիրն այն է, որ դասախոսները աշխատասենյակ չունեն։ Կամ ավելի լավ կհամագործակցեն իրար հետ։ Կա՞ այսօր խոչընդոտ, որ բուհերը չեն կարող հենց հիմա Երևանի կենտրոնում համագործակցել։ Այսինքն՝ դեռ չկա որևէ համոզիչ փաստարկ, որը կասի, որ հաստատ արժե անել, քանի որ այս դեպքում կրթության որակը կբարձրանա։ Եթե հիմա դասախոսները իրենց գիտական հոդվածները գրում են իրենց տներում կամ գրադարանում, ապա 17-րդ թաղամասում ավելի լավ հոդվածներ ե՞ն գրելու։ Դարձյալ համոզիչ չեն փաստարկները»։

Մինչ կրթության փորձագետը տարակուսում է, կրթության գերատեսչությունում հավաստիացնում են, որ ծրագրի գերնպատակն է՝ ընդգրկվել աշխարհի լավագույն բուհերի 500-յակում և բարձրագույն կրթության համակարգը դարձնել մրցունակ ու գրավիչ նաև օտարերկրյա ուսանողների համար, որոնց թիվն առնվազն պետք է կրկնապատկվի։

Ըստ վերջերս ներկայացված գործողությունների ծրագրի՝ «Ակադեմիական քաղաքում» առաջին կառույցը շահագործման կհանձնվի 2029 թվականին, ինչը նշանակում է, որ «Ակադեմիական քաղաքի» շահառու ուսանողները առայժմ դպրոցում են սովորում, իսկ ներկա ուսանողները դժվար թե հասցնեն այնտեղ ուսանել։

Back to top button