ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Պաննո» արվեստի տուն. բոհեմական վայր Մայր թատրոնում

Արվեստ, ժամանց ու աշխատանք մեկ հասցեում՝ «Պաննո» արվեստի տանը։ Մայր թատրոնի՝ անգործության մատնված արվեստանոցներից մեկը վերանորոգվել ու ստեղծարար հարթակ է դարձել արվեստագետների համար։ 

Երաժշտություն, գինի ու մշակույթով հագեցած մթնոլորտ․ այս ամենը Մայր Թատրոնում, ավելի ստույգ՝ մի վայրում, որը ժամանակին եղել է թատրոնի արհեստանոցներից մեկը։ Հիմա այն վերանորորոգվել է ու դարձել ստեղծագործող մարդկանց համախմբող հարթակ։

Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասում է, որ նման հարթակ ունենալու պահանջը վաղուց էր հասունացել։ Ասում է՝ իրեն հաճախ են հարցրել, թե ինչ պետք է անեն ազատ արվեստագետները։

«Ստեղծում ենք առողջ բոհեմական տարածություն։ Իսկ ի՞նչ պետք է անեն ազատ արվեստագետները, այն անձինք, որոնք կցված չեն որևէ կառույցի։ Իրապես Մայր թատրոնի  բնությանը հավատարիմ ուզում ենք բացել մեր սիրտը, հոգին, մեր դռներն ամենատարբեր ստեղծագործողների առաջ, նրանց ասել՝ ներս եկեք դեպի տուն»։․

«Պաննոն» ֆրանսերենում ուղեցույց իմաստն ունի, ու այս հարթակը կարող է ուղեցույց դառնալ շատ արվեստագետների համար։ Մշակույթի փոխնախարար Դանիել Դանելյանը նկատում է, որ այս մոտեցմամբ ակադեմիական թատրոնը կարծրատիպ է կոտրում։

«Այստեղ դուք իրավունք ունեք սխալվելու։ Ինչպե՞ս է փոքրիկ երեխան քայլել սովորում, կարող եք ընկնել, նորից վեր կենալ, նորից քայլել և այլն»։

«Պաննո» արվեստի տունն արվեստագետների և ստեղծարար ոլորտի մասնագետ­ների համար մշակել է համագործակցային ծրագրեր՝ աջակցելու արվեստագետ-հանրություն անմիջական երկխոսությանը։ Ուզում են բաց հարթակ դառնալ երիտասարդ, ազատ արվեստագետների համար, նպաստել նրանց առաջխաղացմանը, մասնագիտական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյան․ «Ակադեմիական թատրոնը ուսուցանող նշանակություն ունի և բոլոր տեսակի մտածողությունների ու ժանրերի մեջ պետք է փորձի լինել ուսուցանող ու առաջինը»։

Նախաձեռնողներն ընդգծում են՝ առաջին նախագծերին ՊԱՆՆՈ արվեստի տունը կտրամադրվի անվճար, թատրոնը կաջակցի նաև նոր ծրագրերի հանրայնացմանը։

Back to top button