ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

«Որոշ քննադատներ պետությունից գողությունը չեն համարում մեծ մեղք»․ պատասխանում է ՊԵԿ-ը

Օրերս «Մանթաշյան» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը Ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր «Քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծին։ «ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական առաջարկ, որով նախատեսում է Հայաստանում տարին մոտ հազար գործարարի բանտ նստեցնել»,- գրել էր Միրաքյանն՝ անդրադառնալով նախագծի՝ իր տեսանկյունից խնդրահարույց կետերին։ «Ռադիոլուր»-ը փորձել է ՊԵԿ-ից ստանալ բարձրաձայնված հարցերի պատասխանները։

***

-Ի՞նչ խնդիր են լուծում Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։ Նախագծով ուժը կորցրած են ճանաչվում քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմերը։ Ինչո՞ւ են նախագծի հեղինակները նման որոշում կայացնելու անհրաժեշտություն տեսնում։

-Քննարկվող նախագծով խնդիր է դրվել լուծելու մի շարք հարցեր, մասնավորապես.

Գործող քրեական օրենսգրքում տնտեսական հանցագործությունների համար նախատեսված խրախուսական նորմերը, որոնց համաձայն, պետության պատճառված վնասը վերականգնած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, չեն լուծում քրեաիրավական արգելքների խնդիրները և հանգեցնում են հարկային անկարգապահ վարքագծի վերարտադրության, իսկ կարգապահ հարկ վճարողների մոտ նկարագրված վիճակը բերում է սոցիալական անարդարության զգացումի և օրինապահ վարքից շեղվելու նախադրյալներ ստեղծում:

Այս խրախուսական նորմերի գործողության պայմաններում հարկ վճարողների մոտ ամրապնդվում է այն մտայնությունը, որ քանի դեռ չենք բացահայտվել կարող ենք ինչքան հնարավոր է խուսափենք հարկերը վճարելուց, բացահայտվելու դեպքում էլ պետության վնասը վերականգնելու դեպքում մեկ է քրեական պատասխանատվության չենք ենթարկվի: Փաստորեն օրենքով նախատեսված այս խրախուսական նորմերը ոչ թե հանգեցնում են հանցավոր արարքները կանխելուն, այլ հակառակը` հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցմամբ քրեական պատասխանատվությունից ազատվելու գիտակցման իրավական հիմքերը պարարտ հող են ստեղծում այդ արարքները կատարելու համար:

Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ բացահայտումը կարող է վերաբերել կատարված իրավախախտման միայն փոքր հատվածին, իսկ ապացուցվի էլ ավելի փոքր հատվածը։ Այս աղմուկի մեջ չի լսվում կարգապահ հարկ վճարողների բողոքի մեծ ալիքը, ինչպես նշվեց, այս ամենը հանգեցնում է անհավասար մրցակցության և անարդարության զգացումի առաջացման, օրինապահ հարկ վճարողները դուրս են մղվում շուկայից:

Պետք է նկատել, որ մի շարք միջազգային փաստաթղթերում, այդ թվում ՏՀԶԿԻ-ի կողմից մշակված հարկային հանցագործությունների տասը գլոբալ սկզբունքների հիմքում ընկած է ներպետական այնպիսի արդյունավետ մեխանզիմների ստեղծման գաղափարը, որով հնարավոր կլինի իրականացնել հարկային հանցագործությունների արդյունավետ կանխումը, իսկ դրանք կատարվելու դեպքում ապահովել մեղավոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունը ու արդարացիությունը: Եվ դժվար չէ նկատել, որ գործող քրեական օրենսգրքում տնտեսական հանցագործությունների համար նախատեսված խրախուսական նորմերի պայմաններում այդ պահանջների ապահովումը ոչ իրատեսական է, ավելին, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դրանք հագեցնում են հակառակ վիճակի:

Այսպիսով, Նախագծով խրախուսական նորմերը վերացնելով նպատակ է դրվել բացառելու միայն պետությանը պատճառած վնասը վերականգնելու դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատվելու իրավիճակները:

Սակայն ասվածը չի բացառում, որ հնարավոր են դեպքեր, երբ իր կատարած արարքի համար իրապես զղջած անձը ազատվի քրեական պատասխանատվությունից քրեաիրավական մեկ այլ ինստիտուտի կիրառմամբ, մասնավորապես` գործուն զղջալու: Հնարավոր է նաև ազատազրկմանը այլընտրանք պատժատեսակի նշանակում դատական քննության փուլում: Այս աղմուկը իրոք տարօրինակ է, քանի որ առաջարկը նաև ենթադրում է որոշումների մի մասի կայացումը նախնական քննության փուլից տեղափոխել դատական քննության փուլ՝ պաշտպանվելու ավելի ամուր դատավարական երաշխիքներով։

— Նախագծով 10 միլիոն խախտման համար պատասխանատվություն է նախատեսվում թե 50 միլիարդ, թե 50 միլիոն դրամի շրջանառություն ունեցող բիզնեսների համար: Ինչո՞ւ է որոշվել գործարկել համահավասար պատժի մեխանիզմը։

-Նախ նշենք, որ քննարկվող տնտեսական հանցագործությունների հանցաձևավորող հատկանիշները որոշելիս, ինչպես նախկինում, այնպես էլ Քրեական նոր օրենսգրքով հաշվի չի առնվել տնտեսվարող սուբյեկտների շրջանառության ծավալները: Դա լավ է, թե` վատ, այլ հարց է: Այստեղ պարզապես պետք է նկատենք, որ այս նախագծով որևէ փոփոխություն չի նախատեսվում քննարկվող հանցատեսակների պատիժների համակարգում, ինչպես ներկայում, նախագծի ընդունվելու դեպքում ևս այս հանցագործությունների համար օրենքով սահմանված պատիժների մասով որևէ փոփոխություն չի սպասվում: Սակայն, այս հարցը քննարկելու լավ հնարավորություն կա շրջանառվող նախագծի համատեքստում։

Նաև այդքան էլ հասկանալի չէ, թե 10 միլիոն դրամը ինչու է համարվում ցածր, եթե գողության համար անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում 50 000, նույնիսկ 5 000 դրամի համար։ Միգուցե, որոշ քննադատներ պետությունից գողությունը չեն համարում «մեծ մեղք»։

-Նշվում է, որ պատիժը կարող է սահմանվել հարկային տեսուչի կարծիքի հիման վրա։ Հարկային տեսուչի սխալ կարծիքը կարող է ճակատագրական լինել բիզնեսի համար։ Նախատեսվա՞ծ է սխալի դեպքում բիզնեսին փոխհատուցելու, տեսուչին՝ պատժելու մեխանիզմ։

-Նախ նշենք, որ ոչ մի քրեադատավարական համակարգում քրեական պատասխանատվություն չի կարող կիրառվել` հիմք ընդունելով որևէ մեկի կարծիք: Մեր համակարգում ևս չի եղել և նշված նախագծով առավել ևս չի նախատեսվում նման հնարավորություն:

Տվյալ դեպքում խրախուսական նորմերի վերացումը նշանակում է, որ քրեական վարույթը ելքը չի կարող պայմանավորվել բացառապես պետությանը պատճառված վնասը վերականգնելու հետ: Այսինքն` այդ վնասի վերականգնումն, ինքնին, չի կարող բացառել վարույթի հետագա ընթացքը և բերել վարույթի կարճման: Ինչը նշանակում է, որ քննարկվող հանցատեսակների փաստով նախաձեռնված վարույթները ընթանալու են իրար փոխադարձաբար հաջորդող փուլային համակարգերում (նախաքննություն և դատաքննություն): Եվ վեճը լուծողն, ըստ էության, լինելու է դատավորը: Ով քրեադատավարական օրենսդրությամբ կանխորոշված ընթացակարգին և ապացուցման կանոններին համապատասխան որոշելու է այդ անձը մեղավոր էր, թե անմեղ: Այսինքն` վարույթը իր բնականոն հունով ընթանալու դեպքում հայտվելու է դատավորի սեղանին, որ որպես անկողմնակալ և անաչառ արբիտր որոշելու ենթադրյալ հանցավորի մեղքի հարցը` չհիմնվելով բացառապես «հարկային տեսուչի կարծիքի վրա»:

Ասվածի համատեքստում կարևոր է արձանագրել, որ նախագծով որևէ փոփոխություն չի նախատեսվում քրեական վարույթների քննության և ապացուցման կանոններում: Այս նախագծով պարզապես նախատեսվում է, որ ինչքան էլ անձը պետության պատճառված վնասը վերականգնի, դա չպետք է մեխանիկորեն հանգեցնի վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատվելուն:

Իսկ ինչ վերաբերում է սխալի դեպքում բիզնեսին փոխհատուցելու, տեսուչին՝ պատժելու մեխանիզմներին, ապա պետք է նշենք, որ դրանք ներկայումս գործում են, տարբեր իրավական ակտերով այդպիսիք նախատեսված են, նշված արարքների համար սահմանված է ինչպես պատճառված վնասի հատուցում, այնպես էլ ոչ գույքային բնույթի պատասխանատվության միջոցներ. Ընդհուպ քրեական պատասխանատվություն:

Առհասարակ, շահարկումները բազմաթիվ են, օրինակ կալանքների դեպքում։ Նախ նշենք, որ ՊԵԿ-ը այլևս որևէ գործառույթ այս առումով չունի, բացի դա խափանման միջոցը որևէ կարևորություն նշված համատեքստում չունի։ Բացի դա, տարիներ շարունակ բազմաթիվ հարկ վճարողներ պայքարում էին ՊԵԿ կազմից քննչական մարմինը դուրս բերելու համար և հիմա պարզ չէ, թե ինչու են նույն անձինք դժգոհում այս կամ այն քննչական գործողությունից, բայց ՊԵԿ-ին մեղադրում (տարընկալումներից խուսափելու համար նշենք, որ որևէ կերպ չենք կիսում այն կարծիքը, որ տնտեսական հանցագործություններով ներկայումս կիրառվող կալանքները օրինականության խնդիր ունեն)։

Նաև, որորշ փորձագետներ անընդհատ դաշտ է նետում թեզ, որ բազմաթիվ պետություններ գնում են նշված ոլորտում ապաքրեականացման ճանապարհով, ինչը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Հարկ է ճշտել նշված անձանցից, որ երկրների մասին է խոսքը, ՏՀԶԿ վերը նշված 10 սկզբունքների համատեքստում ինչպես է նման բան հնարավոր։ Առհասարակակ, որոշ քննադատությունների հիմքում փորձ է արվում դնել «լայնախոհ մտածողություն», իսկ իրականում սովետական մտածելակերպին բնորոշ մտածողություն է նշմարվում․ «եթե պետությանն է, ուրեմն ոչ մեկինն է»։

-Շահառու ո՞ր կառույցների կամ անհատների հետ է քննարկվել օրենքի նախագիծը։ 

-Օրենքի նախագիծը քննարկվել է բոլոր իրավասու մարմինների հետ և նախատեսվում է շարունակել քննարկումները

-Արդյոք նախատեսվում է Նախագծում ամրագրված դրույթների վերաբերյալ քննարկումներ և հիմնավորումների դեպքում դրանց վերանայում կամ փոփոխություն:

-Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման և տրամադրվել համապատասխան մարմիններին` կարծիքի: Առաջիկայում ևս նախատեսվում են քննարկումներ, ավելին՝ Նախագծով կարգավորվող հարցերի կապակցությամբ նախատեսվում է հրավիրել Հասարակական խորհրդի նիստ, որի շրջանակներում կքննարկվեն կարևոր նշանակություն ունեցող հարցեր, իսկ հիմնավորումների դեպքում պատրաստ ենք վերանայել, փոփոխել Նախագծի դրույթները:

Պատրաստ ենք բաց և ներառական քննարկման։

Back to top button