ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախի նուռը Մրգաշատում չի փոխել տեսքն ու համը

Արցախյան քաղցրահամ ու հյութեղ նուռն արդեն մի քանի տարի զարդարում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի տնամերձ այգիները: Անահիտ Գևորգյանի 2.5 հա տնամերձ հողամասն արդեն 5 տարի վերածվել է նռան այգու: Երեք տարի առաջ են հավաքել առաջին պտուղները. համն ու տեսքը չի փոխել: Դեռ այգին մեծացնելու տեղ ունեն, այս անգամ արդեն իրենք են նռնենուց արմատակալներ ստանում և դնում հողի մեջ:

Արմավիրի մարզում ավանդաբար մշակվող ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի այգիների կողքին սկսել են հիմնել նաև նռան այգիներ: Անահիտ Գևորգյանի որդու զինվորական ծառայությունն անցել էր Արցախում, համտեսել էր արցախյան նուռն ու որոշել այն աճեցնել տնամերձ հողամասում: Դեռ հինգ տարի առաջ Արցախից նռնենու տնկիները հասցրել է Մրգաշատ ու դրել հողը: Ասել է, թե Արցախից մի կտոր սեր էր բերել, ցանել դռան դիմաց ու աչքը պահել վրան:

«Տղաս Ղարաբաղում է ծառայել, ինքն էլ նուռ շատ է սիրում ու որոշեց, որ մենք պետք է նռնենու այգի ունենանք: Սրանք հինգ տարվա ծառեր են, մեր ընդհանուր տնամերձ  հողամասը 2500 քմ. է, կեսից ավելին նռան այգի է: Նռնենին 3-րդ տարվանից բերքի տակ է մտնում»:

Հետո իրենք են աճած նռնենուց արմատակալներ ստացել ու հողամասը դարձրել նռան այգի: Արարատյան դաշտի բարկ արևի տակ արցախյան նուռն աստիճանաբար կարմրում է ու քաղցրանում: Անահիտն ասում է՝ թեպետ կլիմայի որոշ փոփոխություն կա, բայց արցախյան մրգերի թագուհին այստեղ է պահել իր համն ու հյութեղությունը: Հողամասում դեռ նռան այգիներն ավելացնելու տեղ ունեն:

«Սա հենց արցախյան նուռ է, գարնանը արմատակալներ ենք բռնել, աշնանը կամ հաջորդ գարնանը հանել, տեղափոխել: Հյութալի, շատ կարմիր նուռ է: Իր տեսքը, հատիկները շատ գեղեցիկ են, գրավիչ»:

Այգում նռան առատ բերք կա, առողջ տեսքն ապահովելու համար նռնենին խնամք է պահանջում: Անցած տարի երկրից բացակայել են, այգու խնամքը մի քիչ աչքաթող է եղել, երեք ամիս առաջ են վերադարձել ու աշխատում են բաց թողածը լրացնել:

«Անցած տարի մենք այստեղ չենք եղել ու մեր ծառերը գարնանը չենք էտել, մինչև եկանք՝ արդեն ուշ էր: Տղաս ամեն տարի ձևավորում է ծառերը, միջից ճյուղերը կտրում է: Ինքն ավելի շուտ ուզում է նռնենուն սլացիկ ծառի տեսք տա, ոչ թե խրձի տեսքով մնա: Նուռն այս տարի, ճիշտն ասած, այնքան էլ կարմիր չի, դեռ լավ չի կարմրել, բայց ընդհանրապես ծաղկելուց հետո շատ կարմիր է լինում: Անցած տարի, որ այստեղ չենք եղել, գուցե, քիչ է ջրվել ու դրանից է խեղճացել, գուցե ինչ որ բան այնպես չի եղել»:

Անահիտը հիմա ավելի հոգատարությամբ է հետևում այգու խնամքին, քանի որ տղան օրեր առաջ նորից մեկնել է Ռուսաստան՝ աշխատանքի: Մրգաշատում ոռոգման ջուրը սուղ է, հողերը ոռոգում են ջրհան պոմպերով: Այգետերը, ուսումնասիրելով բույսի աճման առանձնահատկությունները, հիմա ավելի հաճախ է ոռոգում այգին, բայց սեպտեմբերից նվազեցնելու է: Պտուղը հասնելուց հետո շատ ոռոգումն արդեն վնաս է:

«5-6 անգամ արդեն ջրել ենք, մինչև օգոստոսի վերջ երեք անգամ էլ դեռ կջրենք, որ հասունանա, պտուղը մեջը մեծացնի, եթե ծարավ մնաց՝ հատիկները ցամքած կմնան: Իսկ օգոստոսից հետո պետք է շատ չջրել, որովհետև, եթե ջուրը շատ եղավ ու ցուրտը սեղմեց, ճաքելու է: Այստեղ կլիման այնպիսին է, որ սեպտեմբերից ցերեկը տաք է լինում, իսկ գիշերը սառը, այդ դեպքում ճաքացնելու է բերքը»:

Մրգաշատում ընդերքի մակերեսային ջրերը նախկինում ավելի բարձր էին ու ոռոգման խնդիր չկար, հիմա պակասել են ու ջրհան պոմպերն ավելի խորն են իջեցրել, բայց երբեմն ջրի փոխարեն ավազ է մղվում ու պոմպը շարքից դուրս է գալիս:

«17-18 մետր խորությամբ է իջած ջուր քաշող խողովակը: Առաջ ջրերը բարձր էին, հիմա նստել են: Երևի պատճառը ձկնաբուծարաններն են, երբ հիմնեցին՝ ջրերը քչացան: Գյուղում հիմա, առանց չափազանցության, 80 տոկոսը պոմպեր են օգտագործում, և լինում է այնպես, որ ջուրը չի բավարարում: Ասենք՝ մեկ ժամ ջրելուց հետո կարող է ջուրը պակասի, պոմպն էլ ջուր չհանի ու անջատենք»:

Նուռը սեպտեմբերի վերջից սկսելու են հավաքել, բերքը շուկայում են իրացնում, կախված տեսքից ու չափսից, գները տարբեր են՝ 400-700 դրամ: Անահիտն ասում է, որ այգին ճանապարհի վրա է ու բոլորին տեսանելի: Ինձ նման անցորդներն էլ տեսնում, հրապուրվում են ու գալիս նուռ գնելու:

Back to top button