Մինչեւ հուլիսի 15-ը ձմերուկ եւ սեխ մի գնեք. Մելիտա Հակոբյան
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Օրական 20-25 ահազանգ: Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույում հայտնել է, որ մեր քաղաքացիները բավականին հաճախ են դիմում իրենց և ոչ մի հաճախորդ մինչ օրս դժգոհ չի մնացել: Մելիտա Հակոբյանը խոսել է նաև ներկրած և տեղական սննդամթերքի տարբերության մասին ու հայտնել, որ առավել վստահելի են տեղական ապրանքները: Ասոցիացիայի նախագահն անդրադարձել է նաև սննդային թունավորումներին ու այս սեզոնին շատ տարածված ձմերուկների անժամանակ իրացմանը:
Մինչև հուլիսի 15-ը չգնել ոչ սեխ, ոչ էլ ձմերուկ, ահազանգում է Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը: Մելիտա Հակոբյանը զգուշացնում է, որ դրանք բոլորը ներկրված են և վտանգավոր են առողջության համար:
«Ձմերուկի և սեխի սեզոնը գալիս է հուլիսի 15-ից հետո: Մինչ այդ պետք չէ օգտագործել, քանի որ դրանք բոլորը ներկրված են: Մենք այսօր դեռ տեղում հասունացած ձմերուկներ չունենք: Ուղղակի խորհուրդ ամբողջ ազգաբնակչությանը, որ չգնել»:
Ձմերուկն ու սեխը առավել վտանգավոր են դառնում, երբ մնում են արևի տակ: Ինչպես պարզել ինչ ձմերում է և արժե արդյոք այն գնել: Պատասխանը մեկն է` որակը կպարզվի այն կտրելուց հետո միայն:
«Ինչպես ասում են` հարսը տանելուց հետո են իմանում, ձմերուկն էլ` կտրելուց հետո են իմանում: Եթե ձմերուկը կտրելուց նկատվում է ինչ որ աննորմալ երևույթ, գծեր, դեղնած հատվածներ, այդպիսի ձմերուկը վերադարձի կարիք ունի և անպայման պետք է տանել, ես միշտ ասում եմ` տալ գլխներին»:
Ընդհանրապես` ասել, թե մենք այսօր ունենք վստահելի շուկա, սխալ կլինի, սխալ կլինի նաև հակառակի մասին պնդելը, կարծում է Մելիտա Հակոբյանը: Այս առումով` ըստ նրա շատ ավելի վտանգավոր են ներկրված ապրանքները:
«Նրանց ժամկետները երկար են լինում, բավականին շատ հավելումներ են օգտագործում: Շատ դեպքերում գալիս են մեզ մոտ կրկնաժամկետներով, և ցավալին այն է, որ մենք չունենք ցիվիլ սպառող: Նույնիսկ այն սպառողները, որոնք գիտեն իրենց իրավունքները, նրանք չեն ուզում կամ չեն կարող պաշտպանել»:
Շատ դեպքերում արտադրողը թունավորման հետ որևէ կապ չի ունենում: Տվյալ սննդամթերքը փչանում է խանութում պահպանման ոչ ճիշտ պայմանների հետևանքով, նկատեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը:
Այսպիսով` սպառողը պետք է ճանաչի իր իրավունքները և ուշադիր լինի մակնշմանը: Բայց արդյոք սպառողի իրավունքը չի ոտնահարվում, երբ հանդիպում է անընթեռնելի մակնշման, կամ մակնշում, որը ջրի հետ շփման արդյունքում մաքրվում է: Ռադիոլուրի դիտարկմանը սպառողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչներիը արձագանքեցին` հայտնելով, որ մակնշման վերաբերյալ նոր օրենքն այժմ մշակման փուլում է: Այն կլուծի նաև մակնշման հստակ երևալու խնդիրը: