Քոլեջների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները (անկախ ավարտելու տարեթվից) կարող են առանց քննություն հանձնելու ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։
«Ագրարային համալսարանի նկատմամբ մոտեցումները պետք է փոխվեն այն առումով, որ՝ եթե ոմանց թվում է Ագրարային համալսարան գալիս են մարդիկ, որպեսզի հետո գնան և զուտ զբաղվեն ավանդական գյուղատնտեսությամբ, ուղղակի տեղեկացնեմ, որ այսօրվա տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանը իր մեծ փոփոխությունն է բերել նաև ագրոպարենային ոլորտ։ Եվ, եթե մենք խոսում ենք ոլորտում գոյություն ունեցող հնարավորությունների մասին, ապա այսօր խիստ արդիական է, որ նոր տեխնոլոգիաները թափանցեն ագրոպարենային ոլորտ, ինչին էլ ձեռնամուխ է եղել մեր համալսարանը։ Հաշվի առնելով ոլորտի կարևորությունը, ինչպես նաև տարբեր պատճառներով ի հայտ եկած դիմորդների և ընդունվողների ոչ բավարար թվաքանակը, պետական կառավարման մարմինները հստակ իրենց աջակցությունն են ցուցաբերել Ագրարային համալսարանին և հաստատվել է նոր կարգ՝ համալսարանի 2 կրթական ծրագրերով առկա ուսուցման համակարգ ընդունվելու և 14 ոչ տնտեսագիտական մասնագիտություններով հեռակա համակարգ ընդունվելու վերաբերյալ», – ասում է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը։
«Վերջին շրջանում ոչ միայն ընդհանուր բարեփոխումներ ենք կատարել, նաև կրթական ծրագրերի խորքային փոփոխություններ ենք իրականացրել։ Մեր նպատակն է, որ ուսանողն, ավարտելով իր կրթական ծրագիրը, հնարավորություն ստանա մեկ կիսամյակ աշխատել գործատուի մոտ, բացահայտել իր մասնագիտական կարողությունների արդեն կիարառական մակարդակը։ Մյուս կողմից՝ գործատուն հնարավորություն է ունենում անմիջապես շփվել ուսանողի հետ, նրան կրթել արդեն արտադրական միջավայրում և տեղում ընտրել իր ապագա կադրերին։ Այս առումով՝ ունենք բավական առաջընթաց», – ասում է Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը։