Չորս նպատակ․ հերթական «Դավիթբեկյան խաղերը» Սյունիքում
«Դավիթբեկյան խաղեր-2024»-ի մասնակիցները չհասցրին երիտասարդության միջազգային օրը նշել միասին։ Սյունիքում՝ 7-օրյա մրցապայքարից հետո ոմանք տուն գնացին հաղթած, ոմանք՝ պարտությունից մի քիչ ընկճված։ Արցախցի Էռնան էլ հասցրեց մարդկանց մեջ հայրենաճանաչություն սերմանել։
Արդեն 3-րդ տարին է, ինչ Կապանում կազմակերպվում են «Դավիթբեկյան խաղերը»։ Հանրապետության տարբեր վայրերից Սյունիքի մարզկենտրոն են գալիս 100-ից ավելի պատանիներ՝ մասնակցելու ռազմամարզական մրցույթ-խաղերին։ Այս անգամ էլ նրանք ուժերը չափեցին պատմության, հայրենաճանաչության թեմաներով, ինչպես նաև տարբեր մարզաձևերում։
Արցախցի Էռնա Ստեփանյանը Ստեփանակերտում հաճախում էր ՈՄԱ-ի («Ողջ մնալու արվեստ») կազմակերպության դասընթացներին։ Որոշել էին թիմով մասնակցել «Դավիթբեկյան խաղերին»․չստացվեց Ստեփանակերտից գալ, բայց Սյունիքում ներկայացան որպես «Արցախ» թիմ։
Էռնա Ստեփանյան․ «Ակնկալիքս է՝ գաղափարապես ազդել մարդկանց վրա դեպի լավը, նրանց տանել դեպի հայրենաճանաչությունը, դեպի հայրենիքը։ Որոշ չափով կարծում եմ՝ դա ինձ հաջողվել է»։
Գյումրեցի ըմշամարտիկ Լյովա Սարգսյանը տխրությամբ է հրաժեշտ տալիս Սյունիքին․ Գյումրի կգնա պարտվածի կարգավիճակով, սակայն լավատես է, որ եկող տարի հաղթելու է․
«Անցած տարի առաջին տեղ ընկանք, հաղթեցինք, այս տարի լավ չէինք պատրաստվել։ Քիչըմ ժամանակ կորցրինք ճավի խաղի ժամանակ, երկար մտածեցինք, հենց դրա խաթեր առաջին տեղ չընկաք»։
12 թիմ է մասնակցել «Դավիթբեկյան 3-րդ խաղերին»։ Գլխավոր մրցավար Արթուր Հայրապետյանը համոզված է, որ ընտրված մարզաձևերն ու կրթական մրցույթները համապատասխանում են թե՛ խաղերի ոգուն, թե՛ մասնակիցների տարիքային առանձնահատկություններին։
«Արդյունավետության առաջին գաղտնիքը ճիշտ համագործակցությունն է, իսկ համագործակցությունը ստացվում է, եթե երեխաները ընկերներ են լինում իրար հետ։ Այս տարի դա ակնառու էր, ինչը օգնեց նրանց ավելի արագ շարժվել, ճիշտ կատարել հանձնարարությունները։ Տարեցտարի դա լավ է ստացվում նրանց մոտ»։
«Դավիթբեկյան խաղերի» կազմակերպիչները 7-օրյա մրցապայքարից հետո արձանագրում են, որ խաղերի 4 գլխավոր նպատակներն էլ իրագործվել են․ ստացվեց գաղափարախոսությունը տեղ հասցնել։
«Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ի համահիմնադիր Արմեն Ղազարյան․ «Առաջինը դա ոգեշնչելն է, երիտասարդները կոտրված չեն, երկրորդը՝ պատրաստվածության որոշակի ստանդարտների ներմուծումն է, երրորդը՝ համագործակցության համար հարթակ ստեղծելն է տարբեր թիմեր ու ռազմահայրենասիրական կազմակերպություններ նոր համագործակցության եզրեր են գտնում, և չորրորդ նպատակը՝ որ թիմերի մեծ մասը Սյունիքից չեն լինում ու նրանք ծանոթանում են Սյունիքին՝ արշավներ են գնում Հալիձոր, Վահանավանք»։
Հաջորդ «Դավիթբեկյան խաղերին», ըստ կազմակերպիչների, սկսում են պատրաստվել հենց այսօրվանից՝ ցանկություն ու ձգտում միշտ կա, կարևորը ֆինանսական միջոցներ գտնելն է։