ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ամառն ամենահամեղ և ամենավտանգավոր սեզոնն է. սննդային թունավորումներն ավելացել են

Սննդային թունավորումներով պայմանավորված՝ ամառը տարվա ամենավտանգավոր եղանակն է։ Բնակլիմայական պայմանների կտրուկ փոփոխությամբ՝ սննդային թունավորումները հիմնականում ամառվա ամիսներին են աճում։ Բարձր ջերմաստիճանը բարենպաստ պայմաններ է ստեղծում տարբեր հարուցիչների համար, իսկ երբեմն նույնիսկ ամենաանվտանգ մթերքը կարող է վնասել առողջությանը։

Բարձր ռիսկայնության խմբում են հատկապես հանրային սննդի կետերը, մանկապարտեզները, ամառային ճամբարները և խնամքի կենտրոնները՝ մանկատներն ու ծերանոցները։ Մասնագետները հորդորում են սննդամթերք գնելիս առավելագույն զգուշավորորության ցուցաբերել, հետևել մակնշմանը և պահպանման պայմաններրին, նաև չմոռանալ հետևել սեփական հիգիենային։

Դժվար է պատկերացնել ամառն առանց պաղպաղակի կամ թխվածքաբլիթների: Սակայն ամռանը պաղպաղակ գնելիս պետք է չափազանց զգույշ լինել։ Հալված պաղպաղակը բարենպաստ միջավայր է ստաֆիլոկոկի զարգացման համար։ Դա պայմանավորված է նրանով, որ պահեստավորման և տեղափոխման պայմանները հաճախ չեն պահպանվում։ Ամռանը պետք է զգույշ լինել նաև կաթնամթերք օգտագործելիս։ Ծովամթերքից թունավորումը ևս հաճախ է պատահում ամռան ամիսներին։ Որքան էլ զարմանալի է՝ վտանգավոր կարող են լինել նույնիսկ միրգն ու բանջարեղենը, նկատում է սննդագետ Դավիթ Պիպոյանը։

«Ընտանիքների մեծ մասում ամառային աղցանը սեղանների անբաժան մասն է, մրգերը՝ ձմերուկը, սեխը։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի թունաքիմիկատների քանակը լինի սահմանված նորմերին համապատասխան։ Ցավորք՝ մեր լիազոր մարմնի անփույթ և անհետևողական աշխատանքի արդյուքնում թունաքիմիկատները հայտնաբերվում են ինչպես տեղական, այնպես էլ արտահանվող մթերքներում։ Ուզում եմ՝ բոլորս միրգ և բանջարեղեն ունենանք, բայց փոքր քանակներով և տարբեր աղբյուրներից։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր ունեն ավելի բազմազան սննդակարգ, ունեն նաև ավելի քիչ առողջական խնդիրներ»։

Դավիթ Պիպոյանը հորդորում է ոչ միայն միրգն ու բանջարեղենն օգտագործել փոքր քանակություններով, այլև սառնարանից օգտվել այն քանակությամբ, որքան պետք է այդ պահի համար, և օգտագործելուց հետո հանածը այլևս չվերադարձնել խցիկ։

«Օրը երկար է, շոգ, ոչ բոլորիս տներում կա հովացման հնարավորություններ, ինչը նշանակում է, որ բավական է՝ դուք կաթնամթերքը, մսամթերքը նույնիսկ 20 րոպե պահեք սենյակային ջերմաստիճանում, բավարար է, որ խախտվի սննդի ջերմային ռեժիմը, և միկրոօրգանիզմենրի խաչաձև աղտոտման տեսանկյունից է ռիսկ։ Այլ կերպ ասած +5; +65 աստիճանը սննդամթերքի համար համարվում է սննդամթերքի ռիսկային գոտի»։

Եվ իսկապես՝ ինչպես փաստում են առողջապահության գերատեսչությունից՝ սննդային թունավորումները հենց այս սեզոնին են աճում։ Պացիենտները հիմնականում գանգատվում են բարձր ջերմությունից, սրտխառնոցից, աղիների անկանոն աշխատանքից, փորացավից։ Ախանշանները կարող են տևել մեկ կամ մի քանի օր և երբեմն նույնիսկ ինքնուրույն անցնել, բայց միշտ չէ, որ հիվանդի բախտը բերում է, նկատում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ռիմա Այվազյանը։

«Երբեմն առաջանում են դեպքեր, երբ պացիենտները արդեն ընդհանուր վիճակի վատացումով պայմանավորված, դիմում են ստացիոնար հետազոտման և բուժման։ Ցավոք, պացիենտը ինքը դժվար թե կարողանա տարբերակել վիրուս է, թե սննդային թունավորում, դա միայն լաբորատոր հետազոտություններով կարող ենք պարզել։ Եթե մարդու մոտ առաջանում են նշված գանգատները, առաջին հերթին խորհուրդ է տրվում օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ, եթե կա ջերմություն, կարելի է ընդունել ջերմիջեցնող։ Բայց ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ինքնաբուժությամբ զբաղվել և սկսել հակաբիոտիկներ օգտագործել։ Ինչ անել․ հետևել ձեռքերի հիգիենային և սննդամթերքի ճիշտ մշակմանը»։

Սեզոնայնությունը բնորոշ է ոչ միայն սննդային թունավորումներին, այլև աղիքային վարակներին։ Թեև դրանք տարբեր հիվանդություններ են, կլինիկական նշանները նույնն են։ Միայն այս տարվա հունվարից մինչը հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ–ում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների 5430 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատկերն անփոփոխ է, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Ռուբեն Գրիգորյանը։ Դեպքերի 71 տոկոսը բաժին է ընկնում մինչև 18 տարեկաններին։

«Այս ժամանակահատվածում ունեցել ենք աղիքային վարակների 3 բռնկման դեպք, երեքն էլ պայմանավորված սալմոնելլա հարուցչով։ Հիմնականում երկրորդային աղտոտման հետևանքով է եղել, և այդ երեք բռնկման ժամանակ հիվանդացել է 35 անձ։ Հունվարից–հուլիս ընկած ժամանակահատվածում ունեցել ենք 13 սննդային թունավորում, որից 8-ը բոտուլիզմի դեպքեր են։ Եվս 42 սնկային թունավորում է եղել, որը նույնպես սննդային թունավորման տեսակ է»։

Թեև արձանագրվում են միայն հոսպիտալացված դեպքերը, վիճակագրությունը փաստում է, որ նույնիսկ այդ պարագայում թունավորման միտումն աճում է։ Բարձր ռիսկայնության խմբում են հատկապես հանրային սննդի կետերը, մանկապարտեզները, ամառային ճամբարները և խնամքի կենտրոնները՝ մանկատներն ու ծերանոցները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ միայն անցյալ տարի թունավորման 15 դեպք է արձանագրվել, որից 8-ը՝ հանրային սննդի կետերում, 4-ը՝ մանկապարտեզներում։

Back to top button