«Ես իմ անուշ Հայաստանի»-ն արտասանում են պակիստանցին ու ամերիկացին․ հայոց լեզվի դասեր միգրանտ երեխաների համար
Ամռան ամիսներին հայերենի դասեր՝ Հայաստան եկած միգրանտների կամ հայրենադարձների երեխաների համար։ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային ծրագիր է սկսել դպրոցահասակ երեխաների համար։ Հայերենի դասերն անվճար են։ 100-ից ավելի երեխա արդեն մասնակցել է դրանց։ Նրանց մեջ ինչպես ազգությամբ հայ, այնպես էլ արտասահմանցի փոքրիկներ են՝ երկրների լայն աշխարհագրությամբ՝ Ռուսաստան, Պակիստան ու Կուբա։ Դասընթացի առաջին փուլի ավարտից հետո «Big mind» կրթական կենտրոնում նախատեսում են աշնանային երկրորդ փուլ կազմակերպել։
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում․․․
Հայաստանի մասին բանաստեղծությունը պակիստանցի 10-ամյա Օդրիանա Ջոնն է կարդում։ Բառերն արդեն մասամբ հասկանում է, Երևանում ապրելու 3 տարիների ընթացքում էլ հասցրել է սիրել Հայաստանը, այնպես որ սիրով է կարդում հայերեն ու Հայաստանի մասին։
«Ես ազատ ժամանակ սիրում եմ խաղալ, իսկ դպրոցում մաթեմատիկա եմ սիրում»,-ասում է փոքրիկ պակիստանցին։
Օդրիանայի ընտանիքը տարիներ առաջ է Երևան տեղափոխվել։ Նա ու եղբայրը դպրոց են գնում, արդեն կարողանում են հայերեն գրել ու կարդալ, ասում է՝ Հայաստանում ամենաշատը ընկերներին է սիրում։
«Իմ անունը Հենրիկ Հեքիմյան է, սովորել եմ Ա, Բ, Գ, տառերը, ես շատ եմ սիրում լեգոյով խաղալ»:
7-ամյա Հենրիկի մայրիկը Հոնկ Կոնգից է, հայրիկը հայ է։ Ընտանիքին արդեն 2 տարի Հայաստանում է ապրում։ Հենրիկն էլ իր նման հայրենադարձ կամ միգրանտ ընտանիքների երեխաների հետ հայերենի ամառային դասերի է հաճախում՝ սեպտեմբերից դպրոցում լեզվական խնդիրներ չունենալու համար։
Հայերենի ուսուցման ծրագրի ղեկավար Լուսինե Համբարյանը պատմում է՝ ծրագրի առաջնային նպատակը միգրանտ երեխաներին օգնելն է, որ ավելի հեշտ հարմարվեն հայաստանյան միջավայրին ու ազատ հաղորդակցվեն։
«Իհարկե, ծրագրի մասնակիցների մեծ մասը հենց հայեր են, հայրենադարձ ընտանիքներից, բայց մենք ունենք նաև լայն աշխարհագրություն, տարբեր օտարերկրացիներ ունենք խմբերում, ծրագրին մասնակցում է մոտ 17 երկրից ժամանած մասնակից․ աշխարհագրությունը շատ մեծ է, օրինակ՝ Ռուսաստան, Հարավային Կորեա, Ղազախստան, ԱՄՆ, Հնդկաստան, Կուբայից ունենք մի քանի մասնակից, որոնք ոչ հայերեն գիտեն, ոչ ռուսերեն, ոչ անգլերեն»,-մանրամասնում է Լուսինե Համբարյանը։
Ծրագրից ընդհանուր առմամբ 200 երեխա է օգտվելու, առաջին փուլում՝ ամռան ամիսներին, իսկ երկրորդում՝ աշնանը։ Այս պահին շուրջ 100 երեխա է մասնակցում ծրագրին, խմբերն էլ ձևավորվել են՝ ըստ իմացության մակարդակի ու տարիքային խմբի՝ պատմում է հայոց լեզվի ուսուցչուհի Մանե Աղաջանյանը։
«Սկսնակ խմբում հիմնականում Իսրայելից, ԱՄՆ-ից ու Իսպանիայից են, միջին խմբում՝ հիմնականում Ռուսաստանից։ Մենք փորձում ենք առհասարակ առաջնորդվել «լեզուն լեզվի մեջ» օրենքով։ Ենթադրենք՝ անցնում ենք բառ ու չեն հասկանում, ես փորձում եմ ոչ թե առաջինը ռուսերեն կամ անգլերեն տարբերակը ասել, այլ ավելի հեշտ բառերով հայերեն բացատրել»։
Մասնագետները նկատում են՝ երեխաները դասերից հետո ավելի բաց են շփման մեջ, ավելի ինքնավստահ են, հաճախ արդեն օտարության մեջ երկար տարիներ ապրած ծնողներից ավելի լավ են այս կամ այն բանը հայերեն հասկանում։
«Նաև հայ մասնակիցներ ունենք օրինակ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, այնտեղից հայեր շատ են եկել, իրենց արևմտահայերեն են խոսում հիմնականում, ու իրենց մոտ էլ այդ խնդիրը՝ արևմտահայերեն-արևելահայերենի ադապտացիայի խնդիրը կա, որովհետև մեր դպրոցներում արևելահայերեն է կրթությունը և ոչ միայն հայոց լեզվի ուսուցման մեջ է լինում խնդիր, այլև մյուս առարկաների, տերմինների և այլն»։
Դասընթացը մոտավորապես 3 ամիս է տևում․ ծրագրի ղեկավարները փորձում են հնարավոր հմտություններ փոխանցել ու նաև նպաստել, որ հնարավորին շատ միգրանտ ընտանիքների երեխաներ մասնակցեն։
«Հիմնականում մեր նպատակն է երեխաներին պատրաստել դպրոցական ծրագրին, որպեսզի իրենց ադապտացիան ավելի հեշտ լինի։ Այդ պատճառով մենք միջին իմացության խմբերում հաշվի ենք առել նաև երեխաների տարիքը։ Այսինքն՝ փորձել ենք համապատասխանեցնել մեր ծրագիրը դպրոցական ծրագրի հետ, իսկ սկսնակների խմբում, որտեղ 0-ից են սովորում, այնքան էլ կարևոր չէ տարիքային բաժանումը, քանի որ նրանք բոլորը սովորում են այբուբենը, հասարակ բառեր, հաղորդակցույթուն»։
Խմբում ամենաակտիվը 12-ամյա Տիգրանն է։ Ծնվել է Ռուսաստանում, 3 տարի Հայաստանում է ապրում։ Հիմա արդեն խմբում ինքն է օգնում ավելի քիչ հայերեն իմացողներին բարդ բառերն արտասանել, վերջում էլ հպարտությամբ արձանագրում է։
«Խոսել գիտեմ, միշտ էլ գիտեի, ուղղակի սովորեցի կարդալ ու գրել»,-ասում է Տիգրանը։