ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եթե հաշվարկները ճիշտ են, Երևանում կարող են 20 և ավելի հարկեր կառուցվել․ Սեյսմիկի ղեկավարը Ճապոնիայի օրինակն է բերում

Հայաստանում օրեր առաջ գրանցված երկրաշարժից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը վնասների ուսումնասիրություն է իրականացնում։ Այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ: Դրանք բնակելի տներ են և կից շինություններ: Հայաստանի ողջ տարածքում երկրաշարժի վտանգ կա։ Երևանի համար կա երկու խզվածք։ Մեկը մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան մասում է, մյուսը Գառնիի խզվածքն է, որը ևս շատ մոտ է Երևանին։

Երևանն այժմ սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի` ՀՀ ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի տեղեկացմամբ, Խորհրդային Միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել:

 «Եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա Խորհրդային Միության քարտեզի համապատասխան՝ ընդամենը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար շենքերի՝ բնակֆոնդի մեծ մասի կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար: Շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են: Եթե ունենանք 9 բալանոց երկրաշարժ, մենք կունենանք հետևանքներ»։

Մասնագետն արձանագրում է՝ Երևանի համար կա երկու խզվածք, մեկը գտնվում է մայրաքաղաքի հյուսիս-արևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որը ևս շատ մոտ է Երևանին: Ըստ նրա՝ Երևանի խզվածքն ավելի փոքր պոտենցիալ ունի: Հնարավոր հետևանքների մասին խոսելիս հիշեցնում է գրունտային պայմանները, շենքերի խորությունը, երկրաշարժի խորությունը, այս բոլոր գործոնները կարող են ունենալ ազդեցություն: Երևանում կան ցածր, միջին և բարձր խոցելիության շենքեր: Դրանք բոլոր կառույցների մոտ 45 տոկոսն են կազմում: Ըստ նրա՝ սակայն դրանք բոլորը չեն, որ մոտ են գտնվում երևանյան խզվածքին։

Մայրաքաղաքում ամենուրեք բարձրահարկ շենքեր են՝ կառուցվող շենքերի մի մասը, ըստ նախագծերի, գուցե 20 և ավելի հարկ ունենան։ Արդյո՞ք սրանք վտանգավոր չեն՝ հարցնում եմ։ Սոս Մարգարյանն ընդգծում է՝ նորակառույցների շինարարության հսկողությունը լցենզավորված կազմակրեպությունն ու տեսչական մարմիններն են վերահսկում։

Եթե կարողանում են հիմնավորել, թե ինչու պետք է կառուցեն բարձրահարկ ու ինչու են ընտրել միմյանցից այդ հեռավորությունը, կարող են կառուցել։

«Ցանկացած շենք-շինություն, եթե ճիշտ է հաշվարկած, ուրեմն նորմալ է։ Ճապոնիայում երկնաքերեր են կառուցում, եթե ճիշտ են հաշվարկում»։

Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում տեղի ունեցող երկրաշարժերը, դրանց հետցնցումներն արձանագրվում են Գառնիի սեյսմիկ դիտակայանում։ Սեյսմիկ գնահատման սարքերը, որ թարմացվել են վերջին մի քանի տարում, թույլ են տալիս արձանագրել երկրակեղևի բոլոր շարժերը։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության օպերատիվ մշակման և վերլուծության բաժնում 24 ժամ հերթապահում են։ Այստեղ են ստացվում սեյսմիկ, երկրաֆիզիկական, երկրաքիմիական կայանների տվյալները։ Գառնիի սեյսմիկ դիտակայանի թունելախորշի դուռը միշտ փակ է։ Ներսում ջերմաստիճանը +14 է։

«Դե հիմա ամեն ինչ շատ զարգացել է։ Ջերմաստիճանը միշտ նույնն է, գուցե մեկ-երկու աստիճանի շեղում լինի»։

Մասնագետները գնահատում են հնարավոր երկրաշարժի ռիսկերը նաև ջրի բաղադրության փոփոխություններով։ Արտաքուստ պարզունակ մոտեցումը լուրջ արդյունք է տալիս։ Հանքայնացված ստորգետնյա ջրերը Արարատի, Սուրենավանի, Կարճաղբյուրի ու Ծովագյուղի 4 երկրաքիմիական կայաններից նախկինում Երևան էին բերվում երկու օրը մեկ, այժմ՝ ամեն օր։ Լաբորատորիան արձանագրում է ջրի բաղադրության անոմալ փոփոխությունները։ Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության երկրաքիմիական և անալիտիկ լաբորատորիայի առաջատար մասնագետ Սաբեթ Միքայելյան․

«Մենք էլ ենք նկատում, գիտենք՝ իոնները ինչպես են արձագանքում, կարող են շեղում աձանագրել։ Սա նշանակում է, որ երկրի ընդերքում ինչ-որ տեղաշարժ է կատարվել ապարների։ Դրանից ելնելով էլ համապատասխան մասնագետները եզրակացության են գալիս»։

Օգոստոսի 12-ին Երանոսում տեղի ունեցած երկրաշարժից հետո ջրերը նոր ցնցումների մասին չեն հուշում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Երկրաշարժից հետո ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրում է վնասները։

Այս պահի դրությամբ արձանագրություն է կազմվել 82 շենք-շինության վերաբերյալ։ Դրանք բնակելի տներ են և կից շինություններ: Երանոսում 56 տան պատերին տարբեր չափերի ճաքեր են առաջացել, 4 անասնագոմի հողաշեն պատերից քարեր են պոկվել, 22 շենք-շինության, այդ թվում՝ թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար գյուղի 2 տան պատերին առկա են ճաքեր, Ծակքարում վնասվել են միջնակարգ դպրոցի, եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաև ճաքեր։

Back to top button