Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թանգարանը վերաբացվել է
Վերջերս վերաբացված Էդվարդ և Հելեն Մարդիգյանների հայկական թանգարանը ձգտում է պահպանել 1700 տարվա հայկական ներկայությունը Երուսաղեմում:
Ըստ National Catholic Register-ի, 1922 թվականին թանգարանի մեծ քարե շենքը, որտեղ նախկինում հայկական հոգևոր կենտրոն է գործել, վերածվել է որբանոցի՝ ցեղասպանությունից փրկված 600 հայ երեխաների համար։
Այսօր պատերի վրա դեռևս կարելի է գտնել մանկական գրառումներ, և թանգարանի սենյակներից մեկում ներկայացված են ժամանակին այնտեղ ապաստան գտած երեխաների անունները:
«Այդ որբերի երեխաներն ու թոռները գալիս են թանգարան և ուրախանում են, երբ տեսնում են իրենց ծնողների գրառումները», — ասել է թանգարանի գլխավոր տնօրեն Ցողիկ Գարագաշյանը:
Երբ շենքը դադարել է գործել որպես որբանոց, այն վերածվել է թանգարանի՝ հայկական կյանքին առնչվող մասունքները պահելու համար։
2022 թվականի վերջին վերանորոգումից հետո թանգարանը վերակենդանացել է Էդվարդ և Հելեն Մարդիգյան հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ՝ ասել է Գարագաշյանը։
Թանգարանի հատակը պատված է վեցերորդ դարի հիասքանչ խճանկարով, որտեղ պատկերված է «Կենաց ծառը»՝ հետևյալ մակագրությամբ. «Այս խճանկարը նվիրված է բոլոր հայերի հիշատակին և փրկությանը, որոնց անուններն Աստված գիտի»:
2023թ.-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո սկսած պատերազմական գործողությունները բացասաբար են ազդել թանգարանի վրա, զբոսաշրջիկների հոսքը դադարել է։
Թանգարանը, որն այդ օրվանից փակել է իր դռները բոլորի համար, բացառությամբ մասնավոր խմբերի, վերաբացվել է հուլիսի 2-ին և այժմ ունի կանոնավոր այցելությունների ժամեր, թեև դա կարող է փոխվել, եթե պատերազմը սրվի: